Լրահոս
Օրվա լրահոսը

«Արփինե Հովհաննիսյանի դեմ դավեր են նյութում»

Սեպտեմբեր 30,2015 17:00

Գուրգեն Եղիազարյանը նորանշանակ նախարարի
ուշադրությունը հրավիրում է կալանավայրերի խնդրի վրա

Ինչ Արփինե Հովհաննիսյանը նշանակվել է արդարադատության նախարար, նրա շուրջ տարբեր պատմություններ են շրջանառվում՝ իր բարեկամական կապերի, կադրային ջարդի հետ կապված:

ԱԱԾ պետի նախկին տեղակալ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը վստահեցնում է, որ այդ լուրերը պատահական չեն, Արփինեի դեմ դավեր են նյութում նախարարության աշխատողները. «Դրանք տարածում են այն մարդիկ, որոնք արդարադատության նախարարությունում նստած՝ թալանում են կալանավորներին: Կալանավայրերում այսօր տոտալ կողոպուտ է իրականացվում: Մարդիկ ուզում են մնալ իրենց տեղերում: Արդարադատության նախարարությունում բուն դրածների համար նրա կտրուկ ոճը ողբերգական կլինի: Որպեսզի պահպանեն իրենց աթոռները եւ տզրուկի պես կառչած մնան կալանավայրերից, նրանց միջնորդությամբ սկսվեց այդ արշավը: Միտք ունեն, որ արդարադատության նախարարը անընդհատ ստիպված լինի իր անձը անհեթեթ պատմություններից պաշտպանել եւ ժամանակ չունենա նրանց աշխատանքին անդրադառնալու»:

Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ այն կալանավորները, որոնք դուրս են գալիս կալանավայրերից, նրանց ուղղվելու մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ նրանք այնտեղից դուրս են գալիս ահռելի պարտքերով. «Գողը գողություն պիտի նորից անի, թմրամոլը թմրանյութերի վաճառքով պետք է զբաղվի, որպեսզի այդ պարտքերը մարի: Կալանավայրերում առողջությունից բացի՝ մարդիկ նաեւ իրենց բնակարաններն են կորցնում»:

Գուրգեն Եղիազարյանը նույնիսկ թվեր հրապարակեց, թե որքան գումար են հավաքում կալանավայրերում. «Որոշ մարդիկ կալանավորների հաշվին միլիոնավոր դոլարներ են ուտում: Կալանավայրերում նայողներ կան, որոնք օժտված են առաջին դեմքի իրավունքներով: Ինձ հասած տեղեկություններով՝ ցանկացած կալանավոր նայողին ամսական վճարում է 100 դոլար: Կալանավորներին ստորացնելու, նրանց կողոպտելու, արժանապատվությունից զրկելու հենասյուներն են՝
– կոռումպացված վարչակազմ
– նրանց կողմից կարգված, այսպես կոչված «նայողները»
– սնունդ, հիգիենայի միջոցներ, ոգելից, թմրանյութերի ներկրում կալանավայր
– կալանավորներից առանձին գումարներ են շորթվում բջջային հեռախոսի, դեղորայքի եւ այլնի համար:
Գողական հասկացողությունների կիրառումը եւ այստեղից «սխալի» դիմաց գումարների շորթումը
– Կալանավորի «արտոնությունների» համար մուծումները
– Բարվոք խցի հատկացում, որտեղ մահճակալները համապատասխանում են դատապարտյալների թվին
– Վաղաժամկետ ազատում
– Բազմապիսի այլ շորթումներ, ինչպիսիք են՝ կալանավայրում հանցագործությունների կոծկումը, խախտումները, որպեսզի անձնական գործում չգրանցեն:
Եթե այս ամենը բազմապատկենք կալանավորների թվով, կստանանք այն գումարը, որը նրանցից ամեն օր կողոպտվում է»:

Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ Արփինե Հովհաննիսյանը այս ամենի դեմ պայքարելու համար լուրջ անելիքներ ունի. «Հիմա եկել է մի մարդ՝ բացարձակ մաքուր կենսագրությամբ, եւ այդ փող ուտողները վախենում են, որ Արփինեի ձեռքը իրենց էլ կհասնի: Նախարարի աշխատանքային թափը կոտրելու համար նրա դեմ արշավներ են կազմակերպում՝ սկսած կարճ կիսաշրջազգեստներից, վերջացրած տաղտուկ բամբասանքներով: Ես շնորհավորում եմ, որ Հայաստանն ունեցավ Գինեսի գրքին արժանի նախարար: Քիչ է պատահում, երբ կանանց գեղեցկությունը զուգորդվում է խելացիության հետ: Նկատի ունեմ նրա ելույթները Եվրոպայում, արտերկրում եւ պահվածքը ԱԺ-ում: Նախարարը մեծ խնդիր ունի կատարելու՝ այդ դժբախտների համար օրենքը կիրառելու, որպեսզի նախարարության անվանումը համապատասխանի իրականությանը: Այսօր կալանավայրից ազատվում են գազազած, վրեժխնդրի ծարավով լցված մարդիկ, որոնք խնդիր ունեն այնտեղ կուտակված պարտքերը մարելու: Հետեւաբար հասարակությունը պետք է սպասի հանցագործությունների նոր ալիքի: Այս ամենը պետք է կանխի նորանշանակ նախարարը»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. աստղիկ says:

    Գուրգեն Եղիազարյանը պապա է կանգնել ԱԺ-ում կմկմացող Արփինեին

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930