Գործարարը կաշառքով հարցեր է լուծել, հիմա ումի՞ց է դժգոհում
Օրերս մամուլում լուր եղավ, որ «Կալաչ» ընկերության գույքը հանվել է աճուրդի, աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: Առաջիկայում կրկնաճուրդ է լինելու: Գրվեց, որ «Կալաչը» պարտքեր է կուտակել «VTB Հայաստան» բանկին, «Թալգրիգ» եւ «Կարին» ընկերություններին: «Կալաչի» սեփականատերն այժմ հայաստանյան դաշտում սկանդալային պատմություններով ճանաչված գործարար Սիլվա Համբարձումյանն է: Հացի գործարանը ժամանակին պատկանում էր Ալբերտ Երիցյանին, Սիլվա Համբարձումյանը գնեց այն: «Կալաչի» գույքի աճուրդի մասին գործարարը չի լսել: Այդ մասին նա հայտարարել է www.1in.am կայքին տված հարցազրույցում: Բայց պարտքերից չի հրաժարվում` հարաբերությունները պարզելու դատական փուլում են, կպարզաբանեն` ով ում եւ ինչքան է պարտք: «Ես վճարունակ եմ»,- ասում է գործարարը՝ հավելելով` եթե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը իր պարտքերը վերադարձնեին, ինքը պարտքեր չէր ունենա: Ըստ Սիլվա Համբարձումյանի՝ 102 միլիոն դրամ Սուրեն Խաչատրյանն է իրեն պարտք, 70 հազար դոլար` Վարդան Այվազյանը: Այդ պարտքերը պատմություն ունեն: Խոսքը Սյունիքի Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի գույքի մասին է, որը, Սիլվա Համբարձումյանի պնդմամբ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը գողացել է, իսկ Վարդան Այվազյանին էլ ինչ-որ գործարք գլուխ բերելու համար ինքն է տվել այդ գումարը: «Ինքը (նկատի ունի Սուրիկ Խաչատրյանը-Ն. Գ.) գուցե հիմա պարտք չի, վաճառել է Մաքսիմ Հակոբյանին, գուցե հիմա Մաքսիմ Հակոբյանն է պարտք»,- ասում է Սիլվա Համբարձումյանը: «Առավոտի» հետ զրույցում Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանն ի պատասխան հարցի` Դուք պա՞րտք եք Սիլվա Համբարձումյանին, պատրաստվո՞ւմ եք այն վերադարձնել, նախ ասաց, որ նրան չի ճանաչում, ապա ասաց` ես որեւէ կապ չունեմ, ինձ մի խառնեք այդ պատմություններին: Վարդան Այվազյանը մի քանի տարի է՝ հերքում է, որ պարտք է Սիլվա Համբարձումյանին:
Սիլվա Համբարձումյանը հայտարարել է նաեւ` «Շուտով կլսեք՝ հայտնի պաշտոնյան մեծ գումար է պարտք, տասը միլիոնից ավելի դոլար, դա կաշառք է»: «Առավոտն» արդեն մի քանի օր է՝ փորձում է տիկին Համբարձումյանի հետ կապ հաստատել եւ պարզել` ի վերջո, ո՞ւմ մասին է խոսքը, ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանում շատերն են իրեն պարտք, ինչո՞ւ է ժամանակին ինքը տվել այդ կաշառքը, լուծել իր հարցերը, իսկ հիմա որոշել է բարձրաձայնել: Ի վերջո՝ ՀՀ օրենսդրությամբ կաշառք տալն էլ է քրեորեն պատժելի արարք, ու այս ամենում, փաստորեն, Սիլվա Համբարձումյանի մեղքն էլ քիչ չէ: Տիկին Համբարձումյանն այդպես էլ չարձագանքեց մեր հեռախոսազանգերին: Առաջիկայում նա խոստացել է մամուլի ասուլիսով հանդես գալ, հուսով ենք՝ այս եւ մի շարք այլ հարցերի պատասխաններ տիկին Համբարձումյանը կտա:
Վերջերս մի ուշագրավ բան տեղի ունեցավ, ինչի առիթով նույնպես Սիլվա Համբարձումյանն առայժմ պարզաբանում չի տվել: ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության «Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների, առեւտրի եւ պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման հանձնաժողովի» հուլիսի 14-ի նիստում դադարեցվել է «Սիփան 1» ընկերության լիցենզիան` ընկերության դիմումի համաձայն: Ընկերությունը հանք է շահագործում, եւ ակնհայտ է, որ անհնար է հանք շահագործել առանց պայթեցման աշխատանքների լիցենզիայի: Սույն գործողությունը, թերեւս, սովորական ընկալվեր, եթե «Սիփան 1» ընկերության շուրջ տարիներ առաջ աղմկահարույց զարգացումներ չլինեին, որոնք անգամ դատական ատյաններում հստակ հանգուցալուծում չստացան: Ընկերությունը շահագործում էր Սյունիքի մարզի վերը հիշատակված Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը, տնօրենն է Սիլվա Համբարձումյանը: Այս հանքավայրի վերաբերյալ վեճի առիթով Երեւանի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «բեմադրությամբ» տհաճ պատմությունը բոլորն են հիշում: Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, որ Սուրիկ Խաչատրյանը 102 միլիոն դրամի սարքավորումներ է գողացել Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրից: Օրեր անց Սուրիկ Խաչատրյանը նշված հյուրանոցում նախ ոտքով, ապա ձեռքով հարվածեց եւ հայհոյեց գործարար կնոջը:
Կարդացեք նաև
Նախքան Սիլվա Համբարձումյանի սեփականատեր դառնալը՝ նշված հանքը պատկանում էր ավստրալական մի ընկերության, որը ինչ-ինչ պատճառներով վաճառեց այն եւ հեռացավ Հայաստանից: Այդ շրջանում խոսակցություններ տարածվեցին, որ Սյունիքի՝ քրեական պատմություններից անպակաս մարզպետ Սուրիկ Խաչատրյանը անընդհատ ահաբեկել է ավստրալացի ներդրողներին, բավականին գույք է խլել նրանցից եւ «պատվիրել» լռել ու հեռանալ, քանի որ այդ հանքն իրեն է պատկանում: Սուրիկ Խաչատրյանը համանման սպառնալիքներով է ներկայացել նաեւ Սիլվա Համբարձումյանին: Խոսակցություններ էին պտտվում, որ այդ հանքի նկատմամբ անտարբեր չէր նաեւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների այն ժամանակվա նախարար, լուսահոգի Արմեն Մովսիսյանը: www.1in.am-ին տված հարցազրույցում հայաստանյան անօրինականություններից դժգոհող եւ բարոյականության մասին խոսող գործարար կինը նաեւ այս պատմություններին է անդրադառնում: Առնվազն տարօրինակ է հանքի համար այդքան «գլուխ կոտրելուց» հետո ինքնակամ լիցենզիան հանձնելը: Իսկ հարցազրույցը կայքում տեղադրվել է Արմեն Մովսիսյանի հոգեհանգստի օրը:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.09..2015