Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնա տնից» ծրագի՞րն եք իրագործում Գյումրիում»

Սեպտեմբեր 30,2015 16:00

Գյումրու փոստային մասնաճյուղը փակում են՝ 16 աշխատակիցների սովի մատնում

Վերջերս Գյումրի այցելած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացավ, որ ամեն ինչ անելու է, որպեսզի Շիրակի մարզը շնչի, տնտեսապես ակտիվանա: Նա «Լենտեքս» գուլպանասկեղենի տնօրեն Կարեն Գոմցյանին խնդրեց 300 նոր աշխատատեղ բացել, որպեսզի գործազրկությունը փոքր-ինչ նվազի այս քաղաքում: Վարչապետի այցից 1,5 ամիս չանցած՝ որոշեցին գործազուրկ թողնել հանրապետության ռազմավարական նշանակություն ունեցող կառույցի՝ «Հայփոստ» ՓԲԸ Գյումրիի փոստային մասնաճյուղի 16 աշխատակիցների: Այսօր նրանց աշխատանքային վերջին օրն է: Բանն այն է, որ հանրապետության երկրորդ քաղաքը զրկում են փոստային բաժանմունքից՝ այն միավորելով 45-50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սպիտակի բաժանմունքին, նվազագույն աշխատավարձ ստացող 16 աշխատակիցների էլ առաջարկում են իրենց անձնական միջոցների հաշվին գնալ, աշխատել Սպիտակում: Աշխատակիցները բողոք էին ներկայացրել «Առավոտ»-ի խմբագրություն՝ մանրամասնելով այս որոշման անտրամաբանական լինելը: «Սկսենք նրանից, որ Գյումրու փոստային մասնաճյուղը ունի իր սեփական շենքը, որը 900 քառակուսի մետր է, սա դատարկ են թողնում, ու Գյումրին միավորում են Սպիտակին, որի շենքը վարձակալական հիմունքներով է ու ընդամենը 100 քառակուսի մետր տարածք է: 2-3 ամիս առաջ Շիրակի մարզի մյուս բաժանմունքները միավորեցին Գյումրիի հետ, Արթիկից, Ամասիայից աշխատակիցները, իրենց նեղություն պատճառելով, գալիս են Գյումրի՝ աշխատելու, հիմա էլ բոլորին առաջարկում են գնալ, հասնել Սպիտակ: Սպիտակը 45-50 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Գյումրիից:

Դուք գիտեք, որ Ջաջուռի լեռնանցքում միշտ ձնաբուք է, ավտովթարներ են լինում, բացի այդ՝ մեր աշխատավարձը նվազագույն է, մենք միշտ սպասում ենք՝ երբ պիտի հանրապետությունում բարձրանա նվազագույն միջին աշխատավարձը, որ մերն էլ բարձրանա: 55-60 հազար դրամ ենք ստանում, ասում են՝ ձեր հաշվին գնացեք-եկեք Սպիտակ: Առաջարկում են՝ կանխավ ակնկալելով, որ չհամաձայնենք»,- նեղված էին աշխատակիցները: Նրանց այդպես էլ անհայտ է մնում, թե ինչո՞ւ են որոշել հանրապետության երկրորդ քաղաքը զրկել փոստային բաժանմունքից: Ըստ նրանց՝ եթե ուզում էին, որ գյումրեցիները հաշվետու լինեն Սպիտակի փոստային բաժանմունքին, իրենք պատրաստ են, միայն թե թողնեն տեղում՝ Գյումրիում, իրենք աշխատեն: «Իրենք բառացի չեն ասում, որ իրենց նպատակը մեզանից ազատվելն է, իբր առաջարկություն են անում, բայց խելքին մոտ բան չեն ասում, եփած հավի ծիծաղն է գալիս: Պայմաններ ստեղծո՞ւմ են, որ Սպիտակ են ուղարկում, էդ 55 հազար դրամը բավարա՞ր է Սպիտակ գնալ-գալու համար: Պարտք անե՞նք, որ գնանք Սպիտակում աշխատենք: Շատ հապճեպ կայացավ իրենց որոշումը. ամսի 22-ին գալով աշխատանքի՝ տեսանք մեյլով մեզ ուղարկել են, որ սկզբում աշխատանքից ազատվում են տեսակավորման տեղամասի աշխատակիցները, հետո հաշվապահական բլոկի, եւ հերթով այսպես ազատում են բոլորին: «Հայփոստ»-ից ոչ մի ներկայացուցիչ չի եկել Գյումրի՝ նախապես զգուշացնելու, որ այսպիսի բան կա, եկավ միայն մարդկային ռեսուրսների կառավարման պետի տեղակալը, բերել են ազատման հրամանները, որ ստորագրեն աշխատողները, իրենք էլ տանեն: Բոլոր աշխատողները շատ հուզվեցին, վրդովվեցին, իրենց բողոքը հայտնեցին, իրենք միայն ասացին՝ որոշումն արդեն ընդունված է, միայն նախագահը՝ Սերժ Սարգսյանը, կարող է որոշումը կասեցնել: Խուան Պաբլո Գեչեչյանը ելույթ էր ունեցել, «Վան» ռադիոկայանին հարցազրույց էր տվել, որ Ամերիկայի Գլենդել քաղաքում բացում են փոստային բաժանմունք: Ես անձամբ ֆեյսբուքյան էջին մեկնաբանություն եմ գրել՝ Գյումրիի հաստիքները փակում եք, որ Ամերիկայո՞ւմ բացեք հաստիքներ, այնտեղ անգո՞րծ են մնացել ժողովուրդը»,- հարցնում էր Նարինե Մկրտչյանը՝ կոմերցիայի եւ հաճախորդների սպասարկման պատասխանատուն:

Նա ասաց, որ ինքը քանի որ մենակ է ապրում Գյումրիում, մի պահ համաձայնել է գնալ Սպիտակ՝ աշխատանքի, սակայն ասել են, որ նույն աշխատանքը չեն կարող ապահովել, միայն տեսակավորող օպերատորի հաստիք կա: Ֆինանսական հոսքերի պատասխանատու Գոհար Մկրտչյանն էլ ասաց, որ իրեն Սպիտակում առաջարկում են ֆինանսական հոսքերի պատասխանատուի օգնական: «Ես հարց եմ տալիս՝ ինձ տրամադրո՞ւմ եք փոխադրամիջոց, որպեսզի ես գնամ-հասնեմ Սպիտակ ու հետ գամ, ասում են՝ ոչ, ուրեմն մենք ոսկի պիտի գրավադնենք բանկում, որ գնանք «Հայփոստ»-ի համար աշխատենք ու հե՞տ գանք: Կարելի է ասել՝ լուծարում, հեռացնում են մեզ աշխատանքից, եթե բոլորս հասնենք Սպիտակ՝ աշխատելու, հաստատ նրանք էդ դեպքում խնդրի առաջ կկանգնեն, կասեն՝ չկա աշխատատեղ: Սպիտակ գնալ-գալու համար օրական 1400 դրամ տրանսպորտի գումար պետք է մուծես: Մի անգամ է տրանսպորտը գնում-գալիս, ժամը 11-ին գալիս է Գյումրի, 14.30-ին վերադառնում Սպիտակ»,- ասում էր Գոհար Մկրտչյանը: Աշխատակիցներն ասում էին, որ այսպիսով խափանվում է թե՛ դատարանի աշխատանքը, որոնց ծանուցագրերը ճիշտ ժամանակին պետք է տեղ հասցնել, թե՛ թերթային բիզնեսն է տուժում, քանի որ թերթերը պետք է հասցնեն Սպիտակ, տեսակավորեն ու մինչեւ հասցնեն Գյումրի, թերթերը կկորցնեն իրենց թարմությունը: Կտուժեն նաեւ վարորդները, որոնց ճանապարհային ոստիկանության կողմից ուղարկված գրությունները մինչեւ տեղ հասնեն, վարորդների վրա գրված տույժ-տուգանքները կշատանան: Ըստ նրանց՝ «Հայփոստը» հանձնված է հավատարմագրային կառավարման, բայց մեր կառավարությունը ունի մեկ բաժնետոմս ու ցանկության դեպքում կկանխի այս երեւույթը:

Աշխատակիցները նամակ են գրել Սերժ Սարգսյանին, որտեղ մասնավորապես գրված է. «Դիմում ենք ձեզ մեծ հույսով, որ կկարդաք այս դիմումը եւ կտաք համապատասխան լուծում: Հոկտեմբերի 1-ից Գյումրու փոստային մասնաճյուղի աշխատակիցների շուրջ 15 ընտանիքներ կզրկվեն անգամ մինչեւ օրս վճարվող հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձից, քանի որ, կարելի է ասել, «Հայփոստ» ՓԲԸ կողմից ընդունված որոշմամբ Գյումրու փոստային մասնաճյուղը միավորվելու է Սպիտակի մասնաճյուղին: «Հայփոստ» ՓԲԸ բազմաթիվ տնօրեններից որեւէ մեկը չբարեհաճեց գալ Գյումրի եւ նման որոշման իբր արդյունավետությունը ներկայացնել մի ողջ կոլեկտիվի: Նախ՝ հունիսի 1-ին «Հայփոստ» ՓԲԸ-ում կատարվեցին կառուցվածքային փոփոխություններ, որի արդյունքում Արթիկի, Ախուրյանի, Անիի, Աշոցքի եւ Ամասիայի փոստային մասնաճյուղերը միավորվեցին Գյումրու մասնաճյուղին՝ անաշխատանք թողնելով մոտ երկու տասնյակ աշխատողների: Այդ ժամանակ որոշ աշխատակիցներ Արթիկից, Ամասիայից եւ Ախուրյանից տեղափոխվեցին Գյումրու մասնաճյուղ, քանի որ ներմարզային տրանսպորտը ընձեռում է նման հնարավորություն եւ ժամանակի, եւ գումարի առումով: Գյումրու մասնաճյուղի աշխատակիցների աշխատանքի ծավալը հնգապատկվեց, սակայն աշխատավարձը մնաց նույնը՝ 55.000 դրամ: Նույնիսկ դրան համակերպվեցինք, քանի որ Գյումրիում այլ աշխատանք գտնել հնարավոր չէ: Եվ հիմա եւս մեկ բոթ՝ Գյումրու մասնաճյուղը միացնում են Սպիտակի մասնաճյուղին, որը ոչ մի կերպ չի կարելի տրամաբանական համարել: Անբացատրելի է հատկապես այն հանգամանքը, որ բոլոր աշխատակիցներին առաջարկում են տեղափոխվել Սպիտակ: Եթե «Հայփոստ»-ի արգենտինացի տնօրենները չեն պատկերացնում տարածաշրջանի կլիմայական պայմանները, դուք պետք է որ քաջատեղյակ լինեք Ջաջուռի ոլորաններին եւ մանավանդ ձմռան ժամանակ դրանց դժվարանցանելիությանը: Պետք է նկատի ունենալ նաեւ Գյումրի-Սպիտակ հեռավորությունը, ամեն օր գնալ Սպիտակ, եթե ոչ աշխատավարձի բարձրացում է նախատեսվում, ոչ էլ տրանսպորտ է տրամադրվում, չհաշված, որ Գյումրի-Սպիտակ տրանսպորտը այնպես չի աշխատում, որ կարողանա ապահովել ժամանակին աշխատանքի հասնելը: Թե՞ դիտավորյալ են նման առաջարկ անում՝ գիտենալով, որ ոչ ոք չի համաձայնվի»:

Աշխատակիցները նախագահին՝ որպես երկրում սահմանադրական իրավունքի երաշխավորի, խնդրում են անհապաղ, մինչեւ սեպտեմբերի 30-ը քննարկել այս որոշումը «Հայփոստի» ղեկավարության հետ եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Գյումրիում գործազրկության եւ արտագաղթի տոկոսները չբարձրացնելու համար: «Եթե ոչ՝ հոկտեմբերի 1-ը շատ ընտանիքների համար կդառնա սեւ հինգշաբթի»,- նշված է նամակում: Աշխատակիցները պատրաստվում են նամակ հղել նաեւ Սփյուռքի նախարարին՝ հարցնելու, թե «Գնաք տնից» ծրագի՞ր եք իրագործում:
«Հայփոստ» ՓԲԸ մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը պարզաբանեց. «Հայփոստ»-ը ֆրանսիայի փոստի ազգային օպերատոր «Լա փոստ»-ի հետ համատեղ մշակել եւ ներդրել է լոգիստիկ նոր սխեմա, որի կիրառումը զգալիորեն բարելավում է փոստային կապի որակը, դրա արդյունքում փոստի փոխանակման օպերատիվությունն ու արագությունը զգալիորեն ավելանում են, մեկ մասնաճյուղով աշխատելը լոգիստիկ սխեմայի մասն է կազմում»:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930