Լրահոս
Օրվա լրահոսը

Հոռոմի խաչմերուկի վթարի գործով դատապարտվածի պատժաչափը չի փոխվել, այլ՝ պատժի կրման տեսակը

Սեպտեմբեր 30,2015 14:45

Սեպտեմբերի 22-ին որոշում է կայացվել Մանվել Վարդանյանի նկատմամբ կիրառել կալանքի բաց ռեժիմը, եւ շուտով նա ազատ կարձակվի մեկուսարանից:
Մանվել Վարդանյանը տեղափոխվելու է արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկ: Իսկ թե նա ի՞նչ աշխատանք պետք է կատարի, պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիանա Բալյանը (լուսանկարում), ասաց՝ դեռ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 11-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Մանվել Ինգլիզի Վարդանյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով եւ դատապարտել ազատազրկման 8 տարի ժամկետով՝ զրկելով նրան տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 3 տարի ժամկետով:

Ըստ գործի նյութերի, որ միմյանց էին բախվել Երեւանից Գյումրի վերադարձող «Տրանս ակնթարթ» ընկերության «Գազել 32» մակնիշի ու 45-ամյա Մանվել Վարդանյանի վարած «Իմեքս գրուպ» ՍՊԸ հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետեւանքով «Գազելը» այրվել էր: 7 հոգի տեղում մահացել էին, իսկ մյուս 7 ուղեւորները ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Քրեական գործ էր հարուցվել «Կամազ» մակնիշի վարորդ՝ 45-ամյա Մանվել Վարդանյանի նկատմամբ:

Պաշտպան Լիանա Բալյանը դատավճիռը չէր բողոքարկել, քանի որ նրա պաշտպանյալը չէր համաձայնել: Դատավճիռն արդեն ստացել է օրինական ուժ: «Առավոտի» հարցին, թե գործով տուժողները եւ տուժողների իրավահաջորդները քաղաքացիական հայց չե՞ն ներկայացրել Մանվել Վարդանյանի դեմ, պաշտպանն ասաց, ոչ միայն չեն ներկայացրել, այլեւ. «Նրանք չեն բողոքարկել դատավճիռը»: Մանվել Վարդանյանը գտնվում էր սոցիալապես ծանր վիճակում, նրա խնամքին էին գտնվում կինը եւ երեք երեխաները, տան միակ աշխատողն էր: Անչափահաս 8 տարեկան տղա երեխան հաշմանդամ էր: Պաշտպանը հավելեց, որ դեպքի օրվանից` 2014 թվականի նոյեմբերի 11-ից Մանվել Վարդանյանի ընտանիքի խնամքը տանում էր նրա 70-ն անց թոշակառու պապիկը:
«Ճիշտ է, դատարանը դատապարտեց Մանվել Վարդանյանին, բայց ապացուցված է, որ վթարը տեղի է ունեցել «Կանգ առ» ճանապարհային նշանի՝ Հոռոմ գյուղի խաչմերուկում սխալ տեղում տեղադրված լինելու հետեւանքով: Վթարի օրը, վթարի վայրում` Հոռոմ գյուղի խաչմերուկում «Կանգ առ» (STOP) ճանապարհային նշանը տեղադրված է եղել խաչմերուկից մի քանի մետր ներքեւ: Նշանի մոտ կանգնելիս վարորդների տեսադաշտը փակում է տարածքում գործող գազալցակայանը, նրանք չեն կարողանում հստակ կողմնորոշվել ու ստիպված են առաջ գալ՝ տեսնելու երթեւեկության շարժը խաչմերուկից դուրս»,- ասում է Լիանա Բալյանը:

Հիշեցնենք, որ պատիժը կրողը՝ բաց տիպի կալանավորը կարող է առավոտյան 08:00-ին գնալ աշխատանքի եւ երեկոյան 20:00-ին վերադառնալ քրեակատարողական հիմնարկ:
Մանվել Վարդանյանը մինչ մեկ շաբաթ հետո տեղափոխվելը, դեռեւս կմնա արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ժամանակավոր կացարանում:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Ի դեպ, վթարից հետո «Կանգ առ» ճանապարհային նշանը տեղափոխվել է մոտ 10 մ վերեւ՝ ճիշտ վայր:

«Առավոտ» օրաթերթ
29.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930