Լրահոս
Օրվա լրահոսը

 Հայկական գյուղերի շունչը՝ Երեւանի Անգլիական այգում

Սեպտեմբեր 30,2015 15:00

Երեւանի Անգլիական այգում արդեն երկրորդ տարին է՝ տեղի է ունենում Գյուղական կյանքի եւ ավանդույթների փառատոնը, որը կազմակերպվում է «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: Փառատոնն ուներ մոտ 100 մասնակից՝ ֆերմերային խմբեր, անհատ ձեռներեցներ, տեղական եւ միջազգային կազմակերպություններ՝ Հայաստանի մարզերից, Լեռնային Ղարաբաղից եւ Վրաստանից: Տաղավարները ներկայացված էին բերք ու բարիքով, ավանդական տնական ուտեստներով, գինիների, հյութերի, պահածոների տեսականիով, մշակաբույսերով, գյուղատնտեսական թարմ մթերքներով, չրերի մեծ տեսականիով, ձեռագործ աշխատանքներով, օճառներով, կենդանիներով, արդուզարդի պարագաներով ու կարպետներով:

Angliakan_aygi_2

Ինչպես կազմակերպիչները նշեցին, այս փառատոնի նպատակն է նպաստել Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանը եւ աջակցել ֆերմերային տնտեսություններին՝ ներկայացնել իրենց արտադրանքը: Փառատոնը հնարավորություն է տալիս արտադրողին հանդիպել սպառողին, ծանոթացնել առաջարկվող տեսականուն, փորձի փոխանակում իրականացնել, նոր շուկաներ եւ նոր համագործակցություններ գտնել:
Ռաֆիկ Զալոյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի շինշիլաբուծական տոհմային տնտեսության նախագահն է: Նա նշեց, որ իրենց տնտեսության նպատակն է բուծել ու բազմացնել գունագեղ շինշիլաներ, աջակցել Հայաստանում շինշիլաբուծության զարգացմանը, իսկ փառատոնին մասնակցում են, որպեսզի իրազեկեն բնակչությանը իրենց նորաստեղծ տնտեսության մասին եւ ձեռք բերեն գնորդներ:

Angliakan_aygi_1

Տավուշի մարզի Արճիս գյուղի կանանց գյուղական խումբը անցած տարի եւս մասնակցել է այս փառատոնին, ընդգրկվել լավագույն սեղանների շարքում եւ արժանացել կանանց լավագույն խումբ մրցանակին: Խմբի համակարգող Արեւիկ Անդրեասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս փառատոնը մեծ հնարավորություն է տալիս հանրությանը ներկայացնել իրենց արտադրանքը՝ սեփական այգիների բերքից ստացված օղին ու մաճառը:

Արագածոտնի մարզում գտնվող «Գոլդեն Գրեյպ ԱրմԱս» ընկերությունն արդեն երեք տարուց ավելի է՝ զբաղվում է գինու արտադրությամբ: Ընկերությունը փառատոնի շրջանակներում ներկայացրեց 6 տեսակի գինիներ: Փառատոնին մասնակցելու միակ նպատակն այն էր, որ գինու հայկական արտադրանքը ներկայացվի հանրությանը: Բերդի կանանց ռեսուրս կենտրոնը ներկայացնող Անահիտ Բադալյանը նշեց, որ արդեն երկրորդ տարին է, որ մասնակցում է այս փառատոնին: Ներկայացնում է հիմնականում ձեռագործ արջուկներ, պայուսակներ, վայրի թեյերի տեսականին՝ դաղձ, ուրց, մասուր:
«Վերդեֆարմ» ընկերությունը, որը զբաղվում է էկոլոգիապես մաքուր ձեռակերտ օճառների եւ մարմնի խնամքի միջոցների արտադրությամբ, հիմնվել է դեղագետ Նելլի Ավետիսյանի կողմից: Ըստ Նելլի Ավետիսյանի՝ կոսմետիկ նշանակությունից զատ, օճառները օգտակար նշանակություն ունեն նաեւ մարդկանց մաշկի համար, նպաստում են մաշկի առողջացմանը:

Angliakan_aygi_4

«Զանգակատուն» ԲՀԿ-ի կողմից իրականացվող «Երեկվա թափոնն այսօր՝ հուշանվեր» բնապահպանական ծրագրի շրջանակներում Ջերմուկ քաղաքի կանայք եւ աղջիկները պոլիէթիլենային թափոններից կենցաղային իրեր եւ արվեստի առարկաներ են պատրաստում: Նրանց կարծիքով՝ դա նպաստում է շրջակա միջավայրը ինչ-որ չափով պոլիէթիլենային տոպրակներից մաքուր պահելուն եւ վերջիններս արտադրության մեջ որպես հումք ծառայեցնելուն:

Փառատոնն ուղեկցվեց երգ ու պարով, խաղային համարներով: Մասնակիցներին տրվեցին մրցանակներ ու պատվոգրեր:

ՆՈՒՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարները հեղինակի 

«Առավոտ» օրաթերթ
29.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930