Լրահոս
Օրվա լրահոսը

«Շտապում եմ Շվեդիա, որ ներկայացնեմ հայ հանճարին»

Սեպտեմբեր 30,2015 14:00

Ան-Քրիստինե Վիլունդը պատրաստվում է Կոմիտաս քարոզել

Կոմիտաս թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ սեպտեմբերի 26-ին մեկնարկած «Կոմիտաս» 2-րդ փառատոնին հրավիրված են նաեւ օտարերկրյա արվեստագետներ:
«Առավոտը» հանդիպեց Շվեդիայից ժամանած օպերային երգչուհի Ան-Քրիստինե Վիլունդի եւ շվեդաբնակ դաշնակահար, կոմպոզիտոր Կարին Հելման-Գեւորգյանի հետ: Վերջինիս ներկայացրել էինք անցյալ տարի Հայաստանում Շվեդիայի դեսպանատան բացվելու առիթով: Հիշեցնենք, որ Կարին Հելման-Գեւորգյանը 1991թ. բնակվում է Ստոկհոլմում, տարիներ շարունակ նա աշխատել է տեղի Թագավորական օպերային թատրոնում, ներկայումս, իր խոսքերով՝ ազատ ստեղծագործող է:

«Ան-Քրիստինե Վիլունդի հետ ծանոթացա օպերային թատրոնում: Նա հիանալի մեկնաբանել է իմ «Վարդի բուրմունքը» ռոմանսը, իսկ 2012թ. հանդես է եկել Կոմիտասի «Սուրբ-սուրբով» ու սիրահարվել վարդապետի ստեղծագործություններին: Երբ նախարարության կողմից ստացա այս փառատոնին մասնակցելու հրավերը, այդ մասին հայտնեցի տիկին Վիլունդին: Նա ինձ պարզապես ասաց, որ չգալ ու չմասնակցել այս միջոցառմանը՝ ինքը չի կարող: Եվ այսպես մենք Երեւանում ենք»,- հայտնեց տիկին Հելման-Գեւորգյանը: Հավելեց, թե առաջին անգամ Հայաստանում գտնվող շվեդացի արվեստագետին գերել են կոմիտասյան խմբերգերը, մանկական վոկալ եւ դաշնամուրային ստեղծագործությունները, արդեն նա ծանոթացել է որոշ հայ արվեստագետների հետ, այդ թվում՝ Հովհաննես Չեքիջյանի:

Կարին Հելման-Գեւորգյանը հիշեց երաժշտագետ, կոմիտասագետ Ռոբերտ Աթայանի Կոմիտասին ներկայացնող հետեւյալ տողերը. «Վարդապետի ստեղծագործությունները հայկական երաժշտական նոր մշակույթի զարգացման համար խոշոր դեր կատարեցին: Բավական է ասել, որ դրանք հայ պրոֆեսիոնալ երաժշտության մեջ ներդրեցին ազգային ավանդույթների վրա հիմնված եւ ժամանակակից կոմպոզիտորական արվեստի միջոցներով բեղմնավորված երաժշտական մտածելակերպ, ցույց տվեցին հայ երաժշտության հետագա զարգացման ուղիները: Պատմական այդ դերով հանդերձ, Կոմիտասի ստեղծագործությունները բնավ չթառամեցին եւ իրենց գեղարվեստական պարզության մեջ շարունակում են փայլել թարմությամբ ու ինքնատիպությամբ»:

Հարցին, թե ի՞նչ չափով է հայտնի Կոմիտասը Շվեդիայում, Ան-Քրիստինե Վիլունդը հստակ պատասխանեց, թե Կոմիտասի մասին գաղափար չունեն երկրում, հետո էլ ասաց, որ ինքը «Շվեդիայի ձայնի դասատուներ» ասոցիացիայի նախագահն է եւ քանի որ շուրջ 30 երկրներ համագործակցում են այդ ասոցիացիայի հետ, ինքը որոշում է ընդունել հատուկ դասընթացներ անցկացնել կոմիտասյան թեմաներով: Խնդրեցինք հակիրճ ներկայացնել ասոցիացիայի հիմնական նպատակը: «1987թ. հիմնված ասոցիացիան աշխատանք է տանում միայն ձայնի կամ վոկալի ուղղությամբ: Մենք հյուրընկալում ենք ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆինլանդիայից, Կանադայից, կարճ ասած՝ եվրոպական երկրներից մասնագետների, որոնք դասեր են վարում երիտասարդ ձայների հետ եւ մեծ աշխատանք տանում նաեւ տեքստի արտաբերման ուղղությամբ»,- հայտնեց տիկին Վիլունդը: Նա ասաց, որ հայ արվեստագետների գործերին շատ ծանոթ չէ, գիտի ընդամենը կոմպոզիտոր Խաչատրյանի անունը, ժամանակին Ստոկհոլմի օպերայում հանդես է եկել տեղի լարային քառյակի նվագակցությամբ, որի առաջին ջութակն էր Վարուժան Կոջյանը եւ ժամանակին հիացել է իտալաբնակ սոպրանո Սոնա Ադոնցի արվեստով: «Վերջերս մեր թատրոնում Պուչինիի «Մադամ Բատերֆլայ» օպերայում գլխավոր դերերգով հանդես եկավ հիանալի օպերային սոպրանո Հասմիկ Գրիգորյանը: Ոչ միայն ես էի հիացած, այլեւ մեր ողջ օպերասեր հանրությունը: Հետո Կարինից տեղեկացա, որ երգչուհին ճանաչված տենոր Գեղամ Գրիգորյանի դուստրն է…»,- ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով «Կոմիտաս» փառատոնին, շվեդ երգչուհին հայտնեց, թե արդեն ունկնդրել է Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի կոմիտասյան կատարումները եւ մինչեւ հոկտեմբերի 8-ը փառատոնային օրերին սիրով կծանոթանա հայ արվեստագետներին, այդ թվում՝ դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին, Հայկ Մելիքյանին, Սոնա Հովհաննիսյանին, որը «Հովեր» երգչախմբի ղեկավարն է եւ մյուսներին: Կատակեց էլ, թե ինչ լավ է, որ Հայաստանում գտնվելու օրերին իր հետ է Կարինը, որը սիրով ստանձնել է իրեն ոչ միայն ավելի խորը ծանոթացնել Կոմիտասի արվեստին, այլեւ հայ մշակույթին ընդհանրապես: «Հաճելի է գտնվել ձեր հյուրընկալ երկրում, մասնակցել կոմիտասյան միջոցառմանը: Մյուս կողմից՝ շտապում եմ մեկնել Շվեդիա, որ պատմեմ ու ներկայացնեմ հայ հանճարին՝ Կոմիտասին»,- նշեց Ան-Քրիստինե Վիլունդը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Ան-Քրիստինե Վիլունդըվ (ձախից) եւ Կարին Հելման-Գեւորգյանը:

«Առավոտ» օրաթերթ
29.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930