Ավանդույթը շարունակվում է: Թումանյանական օր միջոցառման մասնակիցները կրկին հյուրընկալվեցին Դսեղում: Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի բակում հավաքվել էին թումանյանասերներ հեռու-մոտիկ բնակավայրերից` Երեւանից, Գյումրուց, Վանաձորից, Ալավերդուց եւս մեկ անգամ շփվելու մեծ լոռեցու ստեղծագործության հետ:
Օրվա խորհուրդը ներկայացրեց «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը, ընգծելով, որ նման հանդիպումները ավելի են հարստացնում ամեն մեկի թումանյանական աշխարհը:
Մարզպետարանի անունից ողջունեց փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, նշելով որ իրենք միշտ էլ սիրով են աջակցում նման միջոցառումներին, քանի որ Թումանյանը այն գրողն էր, որից միայն մարդ կարող է հարստանալ:
Բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանը, Թումանյանին համարելով աստվածային հանճար, ընդգծեց, որ նա անմար փարոս եւ ուղեցույց է ստեղծագործ հայոց աշխարհի մարդկանց համար եւ, պատահական չէ, որ ինքը փորձել է շարունակել Թումանյանի քառյակագրության փորձը:
«Սիմոն Զավարյան» միության նախագահ Գագիկ Շահվերդյանն էլ տեղյակ պահեց, որ իրենք այդ օրը յուրովի ուխտավորներ են, քանի որ վաղ առավոտյան այցելել են Երեւանի պանթեոն, ծաղիկներ դրել Մեծն Կոմիտասի շիրմին, կոմիտասյան ստեղծագործություններ հնչեցնել:
Կարդացեք նաև
Ներկաներին, անկասկած, հետաքրքրում էր Թումանյանի թոռնուհու` բանասիրական գիտությունների դոկտոր Իրմա Սաֆրազբեկայնի ելույթը: Նա նշեց, որ Թումանյանը քիչ չէ ուսումնասիրված, բայց կարիք կա ավելի ու ավելի բացել նրա կյանքի շերտերը, կենսագրության առանձին էջեր, որովհետեւ նա ոչ միայն գրող, բանաստեղծ էր, այլեւ մեծ մարդ-քաղաքացի, ով մինչեւ վերջ այրվեց հանուն Հայաստանի:
Իրմա Սաֆրազբեկյանը նաեւ տեղեկացրեց, որ տպագրության է պատրաստում Թումանյանի այրու` Օլգա Թումանյանի մասին հիշողությունների գիրքը: Գաղտնիք չէ, որ Օլգան ուժեղ մեջք էր մեծ բանաստեղծի համար:
Այնուհետեւ հրապարակը փոխանցվեց արվեստի գործիչներին, ովքեր հնչեցրին թումանյանական ստեղծագործություններ` մասնավորապես, ՀՀ վաստակավոր արտիստներ` Ռուբեն Սահակյանը եւ Արմենուհի Սեյրանյանը կատարեցին հատվածներ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից:
Ասմունքող Մհեր Մելիքյանը ներկաներին միշտ ջերմացնում էր թումանյանական պոեզիայով: Իսկ Երեւանցի, Գյումրեցի, Վանաձորցի եւ Ալավերդցի դպրոցականները գերազանցեցին բոլոր սպասելիքները` ներկայացնելով իրենց հասուն խոսքը մեծ գրողի ու նրա ստեղծագործությունների մասին:
Ստեղծվել էր մի յուրօրինակ բաց խոսափող, որի առջեւ կարող էր հանդես գալ յուրաքանչյուր թումանյանասեր:
«Թումանյանական աշխարհը անհատնում հոգեւոր հարստություն ունի,- մեր զրույցի ժամանակ ասաց «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը,- ուղղակի այդ աղբյուրից պետք է անընդհատ օգտվել` օգտագործելով նաեւ նման առիթները: Հետո չպետք է մոռանալ, որ յոթ սարերի հետեւում չէ Թումանյանի ծննդյան 150-ամյակը»:
ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆ
Երեւան-Դսեղ
«Առավոտ» օրաթերթ
29.09..2015