Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամենամեծ պրագմատիզմը մարդկային ցավին հաղորդակից լինելն է

Սեպտեմբեր 30,2015 12:00

Որն է Հռոմի պապի վերջին ելույթների գլխավոր ուղերձը

Անցած շաբաթ Գյումրիում օծվեց հայ կաթողիկների «Սրբոց նահատակաց» առաջնորդանիստ եկեղեցին: Դա, կարծում եմ, կարեւոր իրադարձություն էր, թեեւ ուշացած, որովհետեւ այդ տարածաշրջանի կաթողիկե համայնքը մոտ 90 տարի գործող եկեղեցի չէր ունեցել: Մենք՝ հայ առաքելականներս, երբեմն խանդով ենք վերաբերվում քրիստոնեական այլ ուսմունքներ դավանող մեր հայրենակիցներին՝ բողոքականներին եւ կաթողիկներին: Երբեմն նրանց ոչ այնքան խելամիտ ձեւով անվանում են «աղանդավոր», իսկ կաթողիկներին կոչում են նաեւ «ֆրանկ»՝ այդ բառի մեջ նույնպես ինչ-որ բացասական իմաստ ներդնելով: Ինձ համար, ճիշտն ասած, հայը մնում է հայ, թեկուզ մահմեդական լինի: Ի՞նչ է, քի՞չ են իսլամի հետեւորդների մեջ կարգին մարդիկ, եւ մյուս կողմից՝ չարի ճիրաններում գտնվող մարդիկ, որոնք մկրտվել են Հայ Առաքելական եկեղեցու բոլոր կանոններով եւ կանոնավոր կերպով հետեւում են մեր եկեղեցու ծեսերին:

Կաթողիկների պարագայում բարեկամական հարաբերություններ ունենալը կարեւոր է ոչ միայն այն պատճառով, որ Շիրակի մարզում կաթողիկների թիվը մոտ 10 հազար է, իսկ աշխարհում մոտ 700 հազար հայ կաթողիկներ կան: Դա, իհարկե, ինքնին ներուժ է: Բայց այդ հարաբերություններն ընդհանրապես պետք են Հայաստանին՝ մանավանդ հաշվի առնելով կաթողիկ եկեղեցու ներկայիս առաջնորդ Ֆրանցիսկոսի դիրքորոշումը: Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա հայտարարությունը, ինչպես նաեւ Գրիգոր Նարեկացու՝ Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակելը խոսում է այն մասին, որ Հռոմի ներկայիս պապը ղեկավարվում է ոչ այնքան, այսպես կոչված, «քաղաքական պրագմատիզմով», որքան իրական հոգեւոր արժեքներով: Ինչու՝ «այսպես կոչված»: Որովհետեւ ամենամեծ եւ ամենաճիշտ պրագմատիզմը մարդկային ցավին հաղորդակից լինելն է:

Օրինակ՝ թվում է, թե աջուձախ զենք վաճառելը, ինչով զբաղվում են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ մի շարք այլ երկրներ, պրագմատիկ գործունեություն է՝ պետությունները դրանով փող են աշխատում: Բայց դրանով հիշյալ երկրները մշտապես տաք են պահում աշխարհի տարբեր անկյուններում շարունակվող արյունալի կոնֆլիկտները: Իսկ հակամարտությունների շարունակությունը, այսպես թե այնպես, ի վերջո վնասում է նաեւ «մահվան առեւտրով» զբաղվող երկրներին: Հենց այդ թեման, ի թիվս այլ հարցերի, բարձրացրել էր Հռոմի պապը՝ անցած շաբաթ ԱՄՆ Կոնգրեսում հնչած իր ելույթում: «Ինչո՞ւ է մահաբեր զենքը վաճառվում նրանց, ովքեր ծրագրում են անտանելի տառապանքներ պատճառել առանձին մարդկանց եւ հասարակությանը,- հարցնում է պոնտիֆիկոսը եւ շարունակում:- Ցավոք սրտի, պատասխանը, ինչպես մենք գիտենք, պարզ է՝ փողը. փողը, որը ներծծված է արյամբ՝ հաճախ անմեղ մարդկանց արյամբ»: Էլ չասեմ, թե որքան է դա մեզ համար արդիական:

Ֆրանցիսկոսի ելույթն ընդհանրապես մարդակենտրոն էր՝ այդ բառի ճիշտ, ոչ աղավաղված իմաստով: Նա առանց ագրեսիվության, բայց հստակորեն արտահայտվել էր աբորտների եւ միասեռական ամուսնությունների դեմ՝ շեշտելով, որ անհրաժեշտ է պաշտպանել կյանքը եւ ընտանիքը: Բնականաբար, դրանով նա շարժել էր չափից դուրս ազատամիտների դժգոհությունը: Միաժամանակ նա կոչ էր արել ամբողջ աշխարհում վերացնել մահապատիժը՝ ղեկավարվելով նույն՝ կյանքը պաշտպանելու սկզբունքով: Դա էլ դուր չի եկել ծայրահեղ պահպանողականներին: Ամերիկյան քաղաքական վերնախավի այդ մասի (հիմնականում նրանք հանրապետականներ են) դժգոհությունն էր շարժել նաեւ այն փաստը, որ Կուբայում պոնտիֆիկոսը ոչինչ չէր ասել այն մասին, թե այդ երկրում բռնապետական ռեժիմ է: Պարզ է, ամեն մեկին հետաքրքրում է այն, ինչ ինքն է ցանկանում լսել: Բայց հոգեւորականին (եւ ավելի լայն իմաստով՝ մտավորականին) պետք է հետաքրքրի սկզբունքը, ոչ թե այն, թե ով ինչից կարող է իր դժգոհությունը հայտնել:
Շատերին կարող է դուր չգալ նաեւ այն, ինչ Ֆրանցիսկոսն ասել է Եվրոպան ողողած փախստականների խնդրի մասին. «Մենք չպիտի զարմանանք նրանց քանակից, այլ պետք է դիտարկենք նրանց որպես կենդանի մարդկանց, տեսնենք նրանց դեմքերը, լսենք նրանց ողբերգության պատմությունը եւ փորձենք թեթեւացնել, մեր ուժերի չափով, նրանց վիճակը… Մենք պետք է խուսափենք այսօրվա գայթակղությունից՝ հրաժարվել այն ամենից, ինչը մեզ նեղություն է պատճառում»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930