Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ վիտամիններով եւ դրական ազդեցությամբ է օժտված մեղրը

Սեպտեմբեր 30,2015 11:30

«Պղինձը, հավանաբար, խթանում է երկաթի բուժիչ հատկությունը` վերականգնելու սակավարյունությամբ տառապող հիվանդների արյան հեմոգլոբինը։ Այլ կերպ ասած, պղինձը ակտիվացնում է երկաթը։ Չնայած մեր տրամադրության տակ չունենք ճշգրիտ տեղեկություններ մանգանի, որպես սննդի բաղադրամասի առավելությունների մասին, բայց եւ այնպես գիտենք, որ այդ տարրը համարվում է օրաբաժնի անհրաժեշտ բաղկացուցիչ մասը: Ոմանք այն կարծիքին են, որ նրա ֆունկցիաներն ավել կամ պակաս չափով նման են պղնձի ֆունկցիաներին, իսկ եթե ոչ, ուրեմն` պղնձի հետ միասին օժանդակում է արյան հեմոգլոբինի առաջացմանը»,-գրում է ամերիկացի բժիշկ Դ. Ս. Ջարվիսը, իր` «Մեղրը եւ մյուս բնամթերքները» գրքում։ Ուրիշները, սակայն, ենթադրում են, որ հեմոգլոբինի կազմավորման պրոցեսում երկաթին օգնում է միայն պղինձը։ Բայց եւ այնպես, ապացուցված է, որ օրգանիզմի սնուցման պրոցեսում մանգանը կատարում է բացառիկ, յուրահատուկ ֆունկցիա։

Ինչպիսի՞ն է վիտամինների պարունակությունը մեղրի մեջ։ Այս հարցին բժիշկը պատասխանում է, որ մեղրը հիանալի բնամթերք է, կարելի է կարծել, որ նրա բաղադրության մեջ պետք է անպայման լինեն վիտամիններ։ Շատ ծաղիկների ծաղկափոշին աչքի է ընկնում C վիտամինի բարձր պարունակությամբ` համեմատած մրգերի կամ բանջարեղենի գրեթե ցանկացած տեսակի հետ։ Իսկ մեղրի մեջ կա ծաղկափոշի. հետեւաբար, որքան ծաղկափոշին շատ լինի մեղրի մեջ, այնքան մեղրը հարուստ կլինի C վիտամինով։

mexr8

Հետաքրքիր է հետեւյալ փաստը, մեղրը վիտամինները պահպանելու հրաշալի միջավայր է։ Նույնը չի կարելի ասել բանջարեղենների եւ մրգերի մասին։ Օրինակ, հավաքած սպանախը 24 ժամում կորցնում է իր մեջ պարունակող C վիտամինի 50% -ը։ Երկար պահվելուց մրգերը զրկվում են իրենց մեջ պարունակվող վիտամինների մի զգալի մասից։ Ինչպես շաքարի մեծ խտություն ունեցող մթերքների մեծ մասը, մեղրի մեջ վիտամինը քիչ է, բայց կա մեծ քանակությամբ ռիբոֆլավին (լակտոֆլավին, վիտամին B2) եւ նիկոտինաթթու` B3 (PP): Այսուհանդերձ, մեղրի բաղադրության մեջ մտնում են այն բոլոր վիտամինները, որոնք, դիետաբանների կարծիքով, անհրաժեշտ են առողջության համար։

Եթե եղեգնաշաքարը եւ օսլան աղեստամոքսային տրակտում ֆերմենտների ազդեցության տակ ենթարկվում են փոխակերպման` վերածվելով պարզ շաքարների, ապա մեղրը, որպես մեղուների կողմից վերամշակված սննդամթերք, արդեն պատրաստ է յուրացվելու օրգանիզմի կողմից։ Առողջ մարդու օրգանիզմն ընդունակ է վերամշակել շաքարի տեսակները։ Բայց այն հիվանդի համար, որի օրգանիզմում բացակայում է երկու ֆերմենտ` ինվերտազա եւ ամիլազա, եւ որն ունի պակաս ակտիվ մարսողական համակարգ, մեղրի օգտագործումը մեծ նշանակություն ունի, այսինքն, օրգանիզմն ազատվում է ավելորդ ծանրաբեռնվածությունից` իրագործելու շաքարի տեսակների փոխակերպման պրոցեսը։

Մեղրը ոչ միայն համեղ ուտելիք է, որը կարելի է տարբեր ձեւերով օգտագործել դեսերտի ժամանակ, այլեւ յուրացման պրոցեսներում մեծ դեր կատարող սնուցիչ տարրերի արժեքավոր ամբողջություն է։ Մեղրը հեշտորեն է անջատում օրվա առավել ակտիվ ժամանակահատվածի համար մարդուն անհրաժեշտ էներգիան։ Մեղրի առավելություններից են` մեղրը չի գրգռում մարսողության տրակտի լորձաթաղանթը, հեշտ եւ արագ յուրացվում է օրգանիզմի կողմից, արագ անջատում է անհրաժեշտ էներգիա, մեծ քանակությամբ էներգիա ծախսելուց հետո թույլ է տալիս մարզիկներին արագ վերականգնել ուժերը։

Ինչպես նաեւ, այն մյուս շաքարների հետ համեմատած, ավելի հեշտորեն է արտաթորվում երիկամներից, ստամոքսի վրա ունենում է բնական, մասամբ թուլացնող ներգործություն, օրգանիզմը   հանգստացնող  (սեդատիվ)   բուժամիջոց   է։

Սակայն մեղրի առավել կարեւոր նշանակություններից պետք է առանձնացնել նրա թերապեւտիկ հատկությունները։

«Ինձ, որպես բժշկի, առավելապես հրապուրում են մեղրի թերապեւտիկ եւ բուժիչ հատկությունները, որոնք մեծ դեր են կատարում մարդու համար՝ նրա ողջ կյանքի ընթացքում։ Որտե՞ղ կարելի է գտնել դյուրագրգիռ մարդկանց նյարդային համակարգի վրա բարենպաստ ներգործող եւ օրգանիզմը չվնասող այնպիսի արդյունավետ հանգստացնող միջոց, ինչպիսին մեղրն է։ Եվ կա՞, արդյոք, բնական մեղրից ավելի լավ քնաբեր։ Մեղրը հանգստացնող ազդեցություն է թողնում նաեւ ստամոքսի վրա»,-գրում է բժիշկը` ասելով, որ մեղրը հանգստացնում է ականջ ծակող, գրգռիչ հազը, ինչպես նաեւ ցավի զգացումը արտրիտի դեպքում։

Մեղրը օգնում է նաեւ ծեր մարդկանց` պահպանելու իրենց առողջությունը։ Երբեմն մարդիկ իրենց հրաժարվելը մեղր օգտագործելուց բացատրում են մեղրի թանկությամբ, բայց առողջությունն ավելի թանկ է եւ հարկավոր չէ առողջության համար խնայել։ Հակառակ դեպքում, որոշ ժամանակ անց, դուք, միեւնույն է, մեծ փողեր եք ծախսելու դեղերի վրա: Ստացվում է, որ եթե դեռ երիտասարդ տարիքից հետեւեք ձեր առողջությանը, ապա հենց դա էլ կլինի ձեր ամենամեծ տնտեսումը։ Մեղրը թույլ է տալիս լրացնել սննդի եւ առօրյա օգտագործվող մթերքների սնուցիչ արժեքներում տեղ գտած բազմաթիվ բացերը։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
29.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930