Հոա-Բին Աջեմյանի խոսքերով՝ հստակ է, որ Հայաստանը ուժեղ քաղաքական կամք եւ ռազմավարություն ունի
«Կարծում եմ՝ Հայաստանը հստակ առաջընթաց է ցույց տվել եւ այս ոլորտում բավականին բարեփոխումներ են եղել»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Էլեկտրոնային Հայաստան» նախագծին, ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը:
Նա նկատեց, որ բավականին քիչ գումար է տրամադրված եւ իր կարծիքով հստակ է, որ ծրագրի վերաբերյալ Հայաստանը ուժեղ քաղաքական կամք եւ ռազմավարություն ունի. «Եվրամիությունը հպարտ է աջակցության համար: Այսպիսով` մենք շարունակում ենք եւ ավելի շատ գումար ենք տրամադրում՝ նպատակ ունենալով տրամադրել 20 միլիոն եվրո»:
Հոա-Բին Աջեմյանի կարծիքով՝ էլեկտրոնային կառավարման նախագիծը Հայաստանի նման զարգացող երկրներում ավելի լավ է աշխատում. «Շատ առումներով այն Հայաստանում ավելի լավ է աշխատում, քան որոշ եվրոպական երկրներում: Երբ հետագայում եք միանում վերափոխմանը, դուք կարող եք նոր տեխնոլոգիաներ որդեգրել, պետք չէ անել բոլոր այն քայլերը, որոնք ուրիշներն են անում: Կարծում եմ՝ էլեկտրոնային ինքնությունը հնարավորություն կտա հսկայական փոփոխություններն ավելի արագ կատարել, քան դա արել են այլ երկրները, եվրոպական երկրները: Այսպիսով՝ ես դրական եմ վերաբերում եւ հավատացած եմ, որ Հայաստանը առաջատար կլինի, առաջիկա տարիներին այս ոլորտում աշխարհի 10 լավագույն երկրների ցանկում կլինի»:
Կարդացեք նաև
Նրա կարծիքով՝ էլեկտրոնային կառավարման անվտանգության խնդիրը պետք է ուշադրության կենտրոնում պահել. «Եթե որեւէ մեկը մուտք է գործում սերվեր, նա մուտք է գործում միայն 1 սերվեր, ոչ ամբողջը: Այսպիսով՝ սա պաշտպանության ձեւերից մեկն է: Համակարգը պետք է այնպես կառուցվի, որ ապահով լինի: Եվ եթե վտանգ կա, ապա վտանգը պետք է սահմանափակված լինի: Այսպիսով՝ մենք պետք է սահմանափակենք ռիսկը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ