Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճնշում է եղել Զաքարյանների վրա». Իրավապաշտպանը՝ Սդղի Գյոլում տուժածի ցուցմունքի փոփոխության մասին

Սեպտեմբեր 29,2015 22:00

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ Գորիսի Սդղի Գյոլ կոչվող տարածքում Սյունիքի մարզպետի տղայի մասնակցությամբ ծեծկռտուքից տուժած Հարություն Զաքարյանը ցուցմունքը փոխել է  ճնշումների ազդեցության տակ:

«Ճնշում է եղել Զաքարյանների վրա, իսկ ճնշում կատարողը մարզպետի համախոհնե՞րն են, շրջապատից, թե՞ նախաքննական մարմնի թողտվության հետեւանքով է,  կարելի է միայն ենթադրել»,- ասաց իրավապաշտպանը:

Նա կարծում է, որ այս գործի օբյեկտիվ քննության ապահովման համար մարզպետի հրաժարականն էր պետք. «Հաշվի առնելով Սուրիկ Խաչատրյանի, նրա ընտանիքի անդամների,  թիկնապահների հետ կապված աղմկահարույց հանցավոր գործողությունները, վերջին երեք տարիների ընթացքում իրար հաջորդած դեպքերը՝ կարծում եմ, որ նախաքննության օբյեկտիվության, բազմակողմանիության ու լրիվության ապահովման, ինչպես նաեւ նախաքննության ընթացքի վրա, հնարավոր ազդեցությունները կասեցնելու առումով Սուրիկ Խաչատրյանի պաշտոնական լիազորությունները պետք է դադարեցվեին, չնայած դա երաշխիք չէ, որ ազդեցություն չէր ունենա, որովհետեւ Բուդաղյանների  դեպքի ժամանակ նա սեփական դիմումի համաձայն դուրս եկավ, բայց դա չխանգարեց, որ քրեական գործն ամբողջությամբ շրջվի եւ ուղղվի Բուդաղյանների դեմ»:

Այն, որ Սդղի Գյոլում ծեծկռտուքի դեպքով հարուցված քրեական գործի քննության ընթացքում Սուրիկ Խաչատրյանը շարունակել է պաշտոնավարել, իրավապաշտպանի համոզմամբ, արդեն իսկ ճնշում էր նախաքննության վրա. «Դա այն ազդակն էր, որ նախաքննության մարմինը եւ նախաքննության մասնակիցները գտնվեն ճնշման տակ ու ազատ չզգան իրենց:

Նվազագույն պայմանները չեն ապահովվել ու վտանգված է նախաքննության օբյեկտիվությունը»:

Պարոն Սաքունցը բացառում է Սուրիկ Խաչատրյանի եւ Զաքարյանների հաշտության գալու հավանականությունը. «Շատ տարօրինակ կլիներ զոհի ու մեղավորի բանակցության մասին խոսելը, ինչ բանակցությունների մասին է խոսքը»:

Հիշեցնենք, որ ըստ լրատվամիջոցների, Սդղի Գյոլում ծեծկռտուքի ժամանակ տուժած  Հարություն Զաքարյանը փոխել է ցուցմունքը՝ հայտնելով, որ մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանն իրեն չի հարվածել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930