Դավիթ Հարությունյանի խոսքերով՝ էլեկտրոնային կառավարման համակարգը շարունակական գործընթաց է
«IT-ն թույլ է տալիս որակական նոր արտադրանք ստեղծել»,- սեպտեմբերի 29-ին «Էլեկտրոնային Հայաստան» համաժողովի ընթացքում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Նա նկատեց, որ էլեկտրոնային կառավարման համակարգը շարունակական գործընթաց է՝ չկա սկիզբ եւ ավարտ: Նա նշեց, որ Հայաստանում այդ ուղղությամբ մի քայլ է կատարվել՝ ամենակարեւոր տարրն է իրականացվել էլեկտրոնային ստորագրությունը: Իսկ հաջորդ քայլը լինելու է mobisignature-ը՝ հնարավորություն հեռախոսի միջոցով դնել ստորագրություն. «Մենք կատարել ենք նաեւ բազմաթիվ քայլեր, որոնք թույլ են տալիս ավելի թափանցիկ դարձնել համակարգը, օրինակ՝ ինտերակտիվ բյուջեն: Այդ առումով՝ մենք շատ լուրջ առաջընթաց քայլ ենք կատարել: Եվ շատ հաճախ քննադատական հոդվածները կառավարության կողմից այս կամ այն ծախսը կատարելու մասին հենված են հենց ինտերակտիվ բյուջեի վրա, որովհետեւ ամբողջ տեղեկատվությունը բաց է հասարակության համար, եւ մենք համարում ենք, որ մեր ամենակարեւոր ձեռքբերումներից մեկն է, թեեւ գրեթե ամեն օր կամ շաբաթը առնվազն 3 անգամ կարդում ենք լուրջ քննադատական հոդվածներ մեր ծախսերի մասին»:
Նա համարում է, որ տվյալների բազան պետք է ապակենտրոնացված լինի, չպետք է լինի 1 կենտրոնական բազա, այն նաեւ պետք է ճկուն լինի: Անդրադառնալով համակարգի թույլ կողմերին՝ Դավիթ Հարությունյանն ասաց, որ այդ պայմաններում անվտանգությունը ամենակարեւոր տարրն է դառնում եւ անձը պետք է վստահ լինի, որ իր տվյալներն օգտագործում են պատշաճ նպատակների համար:
Կարդացեք նաև
«Ինձ թվում է, որ այսօր որակական առումով մենք նայելու ենք դեպի ապագա եւ տեսնում ենք, որ e-gov-ը հայեցակարգ է փոխում եւ փոխում է մեր հասարակությունը»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ