Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, վկայակոչելով ԼՂՀ ՊԲ- հայտարարությանը, հայտնեց, որ ադրբեջանական կողմը արդեն կիրառում է խոշոր տրամաչափի զինատեսակներ:
«Հակառակորդը կիրառել է D 30 հրանոթներ, Բերդավանից ունենք ապացույցներ, որ բնակավայրը հրթիռակոծվել է համազարկային կրակի կայաններից թուրքական TR 107 կայանից, արդեն հրետանի է աշխատում… դա Ադրբեջանի քաղաքականությունն է, փորձում են արյունաքամ անել, փորձում են հոգեբանական ճնշում գործադրել»,- ասաց փորձագետը:
Պարոն Վրթանեսյանը պնդում է, որ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմի պատրաստ չէ. «Բայց դարձել է իր փակուղային քաղաքականության պատանդը, էսկալացիան շատացնում են՝ հույս ունենալով, որ մի պահ կկանգնեցնեն, ու Հայաստանն առաջինը զիջումների կգնա: Իրականում հասել ենք իրավիճակի, որ Հայաստանը դադարել է թեկուզ պայմանական, արտաքին աշխարհին ուղղված դիվանագիտական ռեվերանսներ կիրառելուց: Հայկական կողմը բացահայտ հայտարարեց, որ այսուհետեւ լրիվ ուրիշ հարթությունում է շարունակվելու:
Իմ կարծիքով, որոշ ժամանակ էսկալացիա լինելու է, Սերժ Սարգսյանի հայտարարությունը ոչ այնքան ուղիղ, բայց հստակ էր, որ Ղարաբաղը համարում է Հայաստանի անբաժան մաս: Սա խոսում է, որ շատ բան է փոխվել. նախնական պայմանավորվածություններ կային, հասել էին ինչ-որ բաների, սկզբունքներ եւ այլն, հիմա ամեն ինչ զրոյից է աշխատելու: Ադրբեջանը հույս ուներ ինչ-որ բան պարտադրել, բայց ստիպված է լինելու իր համար զրոյից, սպիտակ թղթից ու ընդորում, իր համար ոչ շահեկան պայմաններով նոր պայմանավորվածություններ ստանալ»:
Կարդացեք նաև
Փորձագետը համոզված է, որ զենք առնելը դեռ չի նշանակում, որ լայնամասշտաբ պատերազմին պատրաստ են.«Այդքան զենք առնելը քիչ է, դրանց պետք է տիրապետել ու պետք է լինի բարոյական ու հոգեբանական ռեսուրս, որը ադրբեջանցիների մոտ բացակայում է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ