Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագ Հարությունյան. «Կառավարությունն իր խնդիրը լուծեց`մեղմեց ճգնաժամը»

Սեպտեմբեր 29,2015 20:35

Վճարումների խնդիրը, սակայն, դեռ հստակ չէ

«Կառավարությունն իր խնդիրը լուծեց`մեղմեց ճգնաժամը: Շատ ավելի լարված կլիներ վիճակը, եթե վարչապետն ու գյուղնախարարը ինտենսիվ չաշխատեին: Ոչ վարչապետը, ոչ գյուղնախարարը որեւէ վարչական կամ ֆինանսական լծակ չունեն ազդելու համար իրավիճակի վրա, նրանք ընդամենը հորդորում եւ համոզում էին կողմերին`լուծումներ գտնելու համար: Պիկը, կարծում եմ, անցավ ու առաջիկա օրերին արդեն ավելի սահուն ռեժիմով կգնա գործը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն` անդրադառնալով վերջին օրերին խաղողի մթերման առիթով ստեղծված լարված իրավիճակին:

Հիշեցնենք, որ այս տարի խաղողի բերքը եղել է սպասվածից շատ ավելի եւ մթերման հարցում խնդիրներ էին առաջացել: Կառավարության ներկայացուցիչներն ի սկզբանե հայտարարում էին, որ անկախ ամեն ինչից, բերքն ամբողջությամբ մթերվելու է: Նկատենք, նաեւ, որ մթերող ընկերություններն արդեն մի քանի տարի է գյուղացիներին առաջարկում են տարբեր սորտի խաղող աճեցնել ու այդպիսով լուծել ամբողջական մթերման հարցը, բայց գյուղացիները գերադասում են տեխնիկական սորտի խաղողի տեսակներ աճեցնել`հավանաբար ծախսատարությամբ պայմանավորված:

«Գուցե մի քանի հազար տոննա մի երկու-երեք օր ավել մնացին մեքենաների մեջ, բայց դա նշանակություն չի ունենա, որովհետեւ այդ բերքը մթերվում էր կոնյակի համար: Այդ դեպքում որակի մասով խնդիրներ չեն առաջանում: Գինու համար խաղողի մթերումը դեռ սկսված չէ: Գինու համար մթերումը կհամընկներ մթերումների համեմատաբար հանգիստ ռեժիմի հետ»,- մանրամասնում է մեր զրուցակիցը`հավելելով, որ ճգնաժամը, մի քանի տեսանկյուններից լուծված է`կառավարությունը կարողացավ ճիշտ կոորդինացնել, մթերված բերքի խմորումն ավարտվեց`տարաներն ազատվեցին: Միակ խնդիրը, որը մնացել է չլուծված, ըստ մեր զրուցակցի, կլինի մթերումների դիմաց վճարումների ուշացումը, քանզի գործարանները մթերել են բերք, որն իրենց պետք չէր:

Հիշեցնենք, նախկինում մթերված բերքի դիմաց վճարումները տերվերջի դրությամբ կատարվում էին, իսկ պայմանագրային հիմունքներով աշխատողները վճարները ստանում էին մթերումից երեք օրվա ընթացքում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930