Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ խաղողի մթերման հարցում խնդիր առաջացավ

Սեպտեմբեր 29,2015 20:20

Ավագ Հարությունյանը մեղադրում է նաեւ գյուղացիներին`բերքահավաքը պլանավորված ձեւով չկազմակերպելու համար

Խաղողի մթերման հարցում առաջացած վերջին օրերի բարդությունները, Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը պայմանավորում է նրանով, որ գինու գործարանները պատրաստ չէին այդքան կարճ ժամանակում այդքան բերք մթերել:

Aravot.am-ի հետ զրույցում, դրա համար Ավագ Հարությունյանը մի քանի պատճառ է նշում`գործարաններում հիմնականում հին սարքավորումներ են եւ նրանց հզորությունը չի բավարարում, որպեսզի լրացուցիչ հերթափոխերով աշխատեին եւ ավելի արագ կազմակերպեին խաղողի մթերումը: Լրացուցիչ հերթափոխով աշխատանքի համար, ըստ մեր զրուցակցի, նաեւ աշխատողների խնդիր կա: Բացի այդ, նաեւ կար պահեստավորման համար անհրաժեշտ տարաների խնդիր, քանի որ բերքն այս տարի, սպասվածից աննախադեպ շատ է եղել: Տեխնիկականից բացի, Ավագ Հարությունյանն առաջացած լարվածությունը պայմանավորում է նաեւ նրանով, որ արտահանումը նվազել է եւ գործարարները այնչափ լրացուցիչ ազատ միջոցներ չունեին`խաղողի աննախադեպ բերքը մթերելու համար, ինչպես եղել է նախորդ տարիներում:

Նկատենք, որ հայկական խաղողը հիմնականում կոնյակի տեսքով արտահանվում է դեպի ԵԱՏՄ երկրներ: Արտահանումը սովորաբար կազմում է 90 տոկոս, մինչդեռ, այս տարի, ռուսական ռուբլու վայրիվերումների եւ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պատճառով, նաեւ կոնյակի արտահանումն է նվազել:

«Կառավարությունը վարկ վերցրեց, բայց գործարաններն արդեն գրավ չունեն, որպեսզի այդ վարկը վերցնեն եւ մթերեն խաղողը»,- ֆինանսական խնդիրների թվում նշում է մեր զրուցակիցը`հավելելով. «Կառավարությունը գուցե փող ունի, բայց կառավարությունը փող տվողը չի, փող տվողն առեւտրային բանկերն են եւ որքան էլ կառավարությունը նրանց համոզի, որքան էլ սուբսիդավորի, հիմնական ռիսկը առեւտրային բանկերինն է, նրանք էլ պահանջում են աճող բիզնես եւ գրավ»:

Ավագ Հարությունյանի դիտարկմամբ, գյուղացիների մոտ խուճապ է սկսվել, որ կարճ ժամանակում չեն կարողանալու իրենց բերքը իրացնել, մինչդեռ նրանք նախապես չեն փորձել պլանավորել եւ պայմանավորվածություններ ձեռք բերել մթերման համար:

Նա զուգահեռներ է անցկացնում խորհրդային տարիների բերքահավաքի հետ`նկատելով, որ պլանավորվում էր բավական երկար ժամանակահատվածում բերք մթերել, որպեսզի հնարավոր լիներ ամբողջ բերքը հավաքել: Իսկ այժմ, ըստ մեր զրուցակցի, տեսնելով, որ մեկն իր բերքը հավաքում է, մյուսներն առանց նախնական պայմանավորվածությունների, պլանավորման, գործարաններում պայմանավորվածությունների սկսում են բերքը հավաքել եւ խնդրի առջեւ կանգնել.

«Ու սկսվում է մի կատաստրոֆիկ վիճակ, քանի որ գյուղացին չի համաձայնեցրել, գործարանն էլ ի վիճակի չէ կարճ ժամանակում շատ բերք իրացնել, գյուղացին էլ մայրուղի է փակում, թե կառավարությունը…Կառավարությունը ոչ տնտեսվարող սուբյեկտ է, ոչ էլ բանկ, կառավարությունը կարող է միջնորդի դեր կատարել, որ այդ ամբողջը ճիշտ կազմակերպվի: Ֆորս-մաժորային իրավիճակ եղավ, քանի որ նախապես համաձայնեցված չէր ընթացքը: Գյուղացին չի համաձայնվում, մի քանի օրից բերքը բերել, ասում է կգողանան: Այո: Բայց գործարանատերը կամ կառավարությունը հո չե՞ն կարողանալու այդ մարդու համար պահակություն անել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930