«Գրական տապան 2015» փառատոնի շրջանակում այսօր «Բյուրոկրատ» գրախանութում շվեյցարացի ֆրանսագիր բանաստեղծ Վահե Գոդելը ներկայացրեց իր «Ինչ ասել այս մարմնի մասին…» գիրքը, որը հայերեն է թարգմանել Ալեքսանդր Թոփչյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ թարգմանել է եւս հինգ գիրք. «Գոդելը տարիներ շարունակ ֆրանսերեն է թարգմանել եւ հրատարակել Գրիգոր Նարեկացու, Նահապետ Քուչակի, Դանիել Վարուժանի երկերը՝ մեծապես նպաստելով հայ գրականության տարածմանը: Երբեմն նրան կարդալով՝ մի պահ չես կողմնորոշվում՝ Վարուժան ես կարդում, թե Գոդել: Առհասարակ, նրա ստեղծագործությունը բազմաժանր է: Անգամ Էրոտիկ վեպ ունի, որը եւս թարգմանել եմ հայերեն»,-հավելեց Թոփչյանը:
«Ինչ ասել այս մարմնի մասին…» ժողովածուն ամփոփում է իմ վերջին 20 տարվա ստեղծագործությունները: Թարգմանության ընթացքում ոչինչ չի ավելացել եւ պակասել»,-ասաց Գոդելը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ փոփոխություններ է արձանագրել Գոդելը հերթական այցի ժամանակ. «Մեքենաներն են շատացել…Վերջին անգամ երկու տարի առաջ եմ եկել Երեւան՝ քաղաքը փոխվել, ընդարձակվել է»,-անկեղծացավ նա:
Կարդացեք նաև
Ի դեպ, «Գրական տապան» միջազգային փառատոնի մասնակցին շնորհվեց «Նոյի կոչում»: Վահե Գոդելին նվիրեցին նաեւ Արարատ լեռան մի քարաբեկոր: Նշենք, որ Գոդելի հայրը լեզվաբան-հայագետ Ռոբեր Գոդելն է, մայրը` բնիկ պոլսեցի հայուհի Մելինե Փափազյանը:
Մանրամասները` տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ