Այսօր մայրաքաղաքի Դավթաշեն համայնքում հանդիսավոր պայմաններում բացվեց ՀԱՕԿ-ի նոր գրասենյակային շենքը:
Բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադրման 25-ամյակի առիթով Հայաստան ժամանած ԵՎՕԿ-ի նախագահ Պատրիկ Հիկեն, Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիաների նախագահ շեյխ Ահմադ Ալ-Սաբահը, շուրջ 25 երկրների ԱՕԿ-ների նախագահներ, գլխավոր քարտուղարներ, փոխնախագահներ, պաշտոնական այլ հյուրեր:
Պարոնայք Պատրիկ Հիկեն եւ Ահմադ Ալ-Սաբահը առաջին անվանական եղեւնիները տնկեցին նորաբաց «Օլիմպավանի» բակում, որից հետո Գագիկ Ծառուկյանի հետ միասին կտրեցին մասնաշենքի ժապավենը: Հայկական տարազներով աղջիկները նրանց դիմավորեցին ավանդական աղուհացով:
Կարդացեք նաև
Հյուրերը շրջեցին «Օլիմպավանում», ծանոթացան մարզիկների համար ստեղծված մարզումային եւ հանգստի պայմաններին, եղան տարբեր մարզաձեւերի դահլիճներում, որոնք բոլորն էլ կահավորված են գերժամանակակից մարզագույքով: Պատրիկ Հիկեն եւ Ահմադ Ալ-Սաբահը հիացած էին իրենց աչքի տեսածով: Նրանք հաճախակի էին կրկնում, որ աշխարհի շատ երկրներ այսուհետեւ կնախանձեն Հայաստանին:
Այնուհետեւ, հյուրերը ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ ուղեւորվեցին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ մասնակցելու ՀԱՕԿ-ի 25-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:
Բարձրաստիճան հյուրերին Ազատության հրապարակում ներկայացվեց հայկական կոխ ըմբշամարտը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Էդ վախենում էի՞ք մի հատ դրսի նկար դնեիք: