Պրիտտ Տուրկի խոսքերով՝ Էստոնիայի զարգացման գործում 2 առանցքային կետեր են եղել՝ Եվրամիության ինտեգրացիան եւ էլեկտրոնային կառավարման համակարգը
«Էլեկտրոնային Էստոնիան արդեն դարձել է ինքնության մի մասը»,- երեքշաբթի՝ սեպտեմբերի 29-ին, «Էլեկտրոնային Հայաստան» համաժողովի ընթացքում ասաց Հայաստանում Էստոնիայի դեսպան Պրիտտ Տուրկը:
Համաժողովը կազմակերպել էր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը՝ համագործակցելով Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ), Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի եւ Հայաստանում Էստոնիայի դեսպանության հետ: Համաժողովի ընթացքում քննարկվեցին էլեկտրոնային կառավարման համակարգի դրական եւ բացասական կողմերը եւ համակարգի հաջորդ քայլերը:
Պրիտտ Տուրկի խոսքերով՝ Էստոնիայի զարգացման գործում 2 առանցքային կետեր են եղել՝ Եվրամիության ինտեգրացիան եւ էլեկտրոնային կառավարման համակարգը. «Այս երկու ճանապարհները մեզ գործիքներ են տվել, ինչպես նաեւ մոտիվացիա: Նրանք ավելացրել են թափանցիկությունը էստոնական հասարակությունում, աջակցել են ժողովրդավարության գործընթացին: Դա իսկապես առանցքային գործընթաց է եղել մեր վերափոխման համար: Եվ իհարկե՛, այն շարունակվում է: Մենք փորձում ենք շարունակել լինել նորարարական: Ես կարծում եմ՝ այսօր տեխնիկան, իսկապես, փոխում է մեր հասարակությունը: Եվ կարծում եմ՝ կառավարությունը պետք է այսպես շարունակի, հակառակ դեպքում՝ ապագա սերունդները չեն հետեւի մեր կառավարությանը, մեր կառավարության ժողովրդավարական կառուցվածքին»:
Կարդացեք նաև
Պրիտտ Տուրկը նշեց, որ Էստոնիան ակտիվ է եղել ինչպես Եվրոպական միության ներսում, այնպես էլ՝ դրսում: Ըստ նրա՝ Հայաստանը Էստոնիայի առանցքային գործընկերներից մեկն է դարձել. «Հուսով ենք, որ մեր համագործակցությունը նաեւ կավելացնի մեր տնտեսական եւ գործնական հարաբերությունները: Նկատի ունեմ՝ մեծ ներուժ կա էլեկտրոնային կառավարման համակարգի հետ կապված»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ