Երևանում երկրորդ անգամ կայացել է զբոսաշրջային էքսպոն, որը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։
Զբոսաշրջային ցուցադրության բացմանը ներկա է եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ուղեկցությամբ շրջել է տաղավարներով, ծանոթացել բազմաբովանդակ ցուցադրությանը։
Հյուսիսային պողոտայում տեղադրված տարբեր տաղավարներում Հայաստանի 10 մարզերն ու Արցախը ներկայացրել են ազգային երգն ու պարը, մարզերի բերքն ու բարիքը, տարբեր տարածաշրջանների խոհանոցը, տարազները։ Էքսպոյի մասնակիցները Հյուսիսային պողոտայում հաց են թխել, բրուտագործները հենց տեղում թրծել են կավե իրեր, իրենց արհեստն են ցուցադրել գորգագործները, քանդակագործները, ցուցադրվել է նաև սուջուխ թաթախելու հին աշտարակյան արարողությունը և այլն։ Միջոցառումն ուղեկցվել է մշակութային ծրագրով։ Էքսպոյին առանձին տաղավարով մասնակցում էր նաև Երևան քաղաքի պատմության թանգարանը։
Զբոսաշրջային երևանյան էքսպոն անցկացնելու նպատակն է ցուցադրել հանրապետության զբոսաշրջային գրավչությունը, բարձրացնել հանրության իրազեկվածությունը զբոսաշրջության և դրա սոցիալական, մշակութային, քաղաքական ու տնտեսական արժեքների կարևորության վերաբերյալ:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարան