Սեպտեմբերի 24-28-ը աշխատանքային այցով Թեհրանում է գտնվել ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը` նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ:
Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, մաքսային ծառայության նախագահ Մասուդ Քարբասյանի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են ԻԻՀ և ՀՀ մաքսային ծառայությունների միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր, մասնավորապես, անդրադարձել են մաքսային տվյալների էլեկտրոնային եղանակով փոխանակմանը, ֆինանսական և համատեղ ներդրումային ծրագրերին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ սահմանահատող տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական տեղեկատվության փոխանակման ուղղությամբ: Առաջիկայում համապատասխան համաձայնագիրը կլրամշակվի և կնախապատրաստվի ստորագրման:
Կողմերը նշել են զբոսաշրջության զարգացման նպատակով Իրան-Հայաստան սահմանային անցակետում երկու երկրների քաղաքացիների սեփական փոխադրամիջոցներով սահմանի հատման ընթացակարգերի պարզեցման, բեռների և ուղևորների հոսքն ավելի արագ կազմակերպելու անհրաժեշտությունը:
ԻԻՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, ԻԻՀ օտարերկրյա ներդրումային, տնտեսական և տեխնիկական աջակցման կազմակերպության ղեկավար Մոհամմադ Խազայիի հետ կայացած բանակցություններում քննարկվել են Իրան-Հայաստան փոխգործակցության նոր հնարավորությունները` կապված Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացման, Հայաստանի ԵՏՄ անդամակցությունից հետո փոխադարձ ներդրումների խթանմանն առնչվող հարցեր:
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը այցելել է Թեհրանի Արևմտյան մաքսատուն և Սպահան քաղաքի մաքսակետ, ծանոթացել վերջիններիս գործունեությանը:
ՀՀ ֆինանսների նախարարություն