Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր Ազգային ֆիլարմոնիկ նվագախումբը կհյուրընկալի Բորոդինի անվան լարային քառյակին:
Համերգին լեգենդար քառյակի հետ հանդես կգա ճանաչված թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա)՝ կատարելով Շուբերտի Թավջութակի կվինտետը. «Դա համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցներից է, որը տեւում է ավելի քան 50 րոպե: Գործիքների անսովոր համադրությամբ աչքի ընկնող երաժշտությունը պարզապես հիպնոտիկ է եւ հաճելի է լսել: Որքանով գիտեմ՝ Երեւանում այն չի կատարվել»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուբեն Ահարոնյանը (առաջին ջութակ):
Նա նշեց, որ երաժիշտները հայ հանդիսատեսի համար հանդես կգան հատուկ ծրագրով. «Ընտրել ենք այնպիսի ստեղծագործություններ, որոնք հաճախ չեն կատարվում: Հայ հանդիսատեսը պահանջկոտ է եւ զգացմունքային, ուստի այս համերգին հատուկ ենք պատրաստվել»,-ասաց Ահարոնյանը:
Կարդացեք նաև
Համերգի ընթացքում կհնչեն նաեւ Չայկովսկու թիվ 1 Կվարտետը եւ Ռուբեն Սարգսյանի Epilogue լարային կվարտետը: 1945-ին հիմնադրված Բորոդինի քառյակի ներկայիս կազմում են նաեւ Սերգեյ Լոմովսկին (ջութակ), Իգոր Նայդինը (ալտ), Վլադիմիր Բալշինը (թավջութակ): Երեւանյան համերգից հետո բորոդինցիները ելույթ կունենան Մոսկվայում, Տոկիոյում, Լոնդոնում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ