Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրի տնտեսությունը տուժում է. մարդիկ սրտի կաթվածից մահանում են կենսունակ տարիքում (Տեսանյութ)

Սեպտեմբեր 29,2015 15:16

Սրտի համաշխարհային օրվա առիթով առողջապահության նախարարությունում կազմակերպված ասուլիսում Aravot.am-ը նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են մեր երկրից հեռանում սրտի լավագույն վիրաբույժները եւ այլ բժիշկ-մասնագետներ այն դեպքում, երբ մասնավորապես մարզերում բժիշկների դեֆիցիտ կա: Տիկին Վարդանյանն ասաց, որ մարզերում, իսկապես բժիշկների պակաս կա, ինչի մասին բարձրաձայնվել է նաեւ օրերս կազմակերպված առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստում, որտեղ քննարկվել են ոլորտի խնդիրները:

Ըստ վարչության պետի. «Այսօր Հայաստանից կա մասնագետների արտահոսք, այդ արտահոսքից անմասն չեն մնում նաեւ սրտաբանները. ե’ւ վիրաբույժ ե’ւ թերապեւտ սրտաբանները: Մի մասի մոտ կա ցանկություն որոշ ժամանակ դրսում աշխատելու, գիտելիքներ ձեռք բերելու, ինտեգրվելու: Չենք կարող հերքել, որ կա նաեւ ֆինանսական կողմը, այնտեղ շատ ավելի են վաստակում: Բայց ասեմ, որ բոլոր գնացած բժիշկները չէ, որ այնտեղ բժիշկ են աշխատում»:

Ծաղիկ Վարդանյանի մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում

Ներկայացնելով սրտաբանության ոլորտի խնդիրները, տիկին Վարդանյանն ասաց, որ այսօր սրտանոթային`արյան շրջանառության համակարգի հիվանդությունները ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում առաջնային տեղում են եւ մահացության 90 տոկոսը բաժին է ընկնում ոչ վարակիչ հիվանդություններին, որից 40 տոկոսը սրտանոթային հիվանդություններն են: Մեր երկրում տարածվածությամբ առաջին տեղում են զարկերակային բարձր ճնշմամբ հիվանդությունները: Միայն 2014 թվականին գրանցվել է սրտի իշեմիկ հիվանդության 17 հազար 97 նոր դեպք, որից 2 հազար 83-ը սրտամկանի սուր ինֆարկտ է եղել: Նշյալ տարում սրտի իշեմիկ հիվանդությունից մահացել է 8 հազար 483 մարդ, որից 2 հազար 386-ը՝ սուր ինֆարկտից:

Ծաղիկ Վարդանյանն ասաց, որ նախարարությունը առաջնային պահպանման օղակում իրականացնում է մի շարք սկրինինգային ծրագրեր, որպեսզի հիվանդությունը կանխարգելի: Ըստ նրա, ավելի ճիշտ է հիվանդությունը կանխարգելել քան` բուժել. «Ամենահարուստ պետությունն անգամ չի կարող հոգալ այս հիվանդության, հիվանդանոցի բուժօգնության ծավալների ծախսերը, այդիսկ պատճառով պետք է որդեգրել առողջ պահելու քաղաքականությունը, որը առաջնային օղակում պրոֆիլակտիկ գործողությունների իրականացումն է»:
Տիկին Վարդանյանը կոչ է անում առողջ ապրելակերպ վարել. չծխել, ալկոհոլը չչարաշահել, ճարպոտ սննդից խուսափել, ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել, աղը սահմանված քանակությամբ օգտագործել. «Օրեկան 5 գրամից ավելի աղի օգտագործումը մարդու օրգանիզմում առաջացնում է ռիսկի գործոն: Եթե ունենանք առողջ ապրելակերպ, կունենանք առողջ սիրտ»:

Ըստ նրա, մարդիկ մահանում են կենսունակ տարիքում, ինչը բացասաբար է անդրադառնում երկրի տնտեսական զարգացման վրա:

Ծաղիկ Վարդանյանի տվյալներով, այս տարվա հունվարի 15-ից մեկնարկել է «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» սկրինինգային ծրագիրը, որի բաղադրիչներից մեկը 35-68 տարեկան անձանց շրջանում զարկերակային գերճնշման հայտնաբերումն է: 1-ին կիսամյակում հետազոտվել է 179 հազար քաղաքացի, նրանցից 11 տոկոսի մոտ հայտնաբերվել է զարկերակային գերճնշում:
Սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրով էլ բժշկական օգնություն է ստացել 1068 քաղաքացի, որից 989-ին կատարել են ստենտավորում, 79-ը քաղաքացու էլ` կորոնոգրաֆիա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930