Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր «Գրական Տապան 2015» միջազգային ամենամյա փառատոնն ամփոփեց արդյունքները:
«Խոսքը՝ հանուն կյանքի» կարգախոսով փառատոնի ընթացքում կազմակերպվեցին գրական ընթերցումներ, շնորհանդեսներ, այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր: Արձակագիր, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանի համար հատկապես տպավորիչ էր Ծաղկաձորում տեղի ունեցած կլոր-սեղան քննարկումը. «Յուրաքանչյուր գրող ելույթի ժամանակ ստեղծում էր երկրում տեղի ունեցող գործընթացների մասին ամփոփ եւ հետաքրքրիր պատկեր»: Մարտիրոսյանի խոսքով՝ վերջին երկու տասնամյակում գրողների եւ հանրության հետ կապը բավականին թուլացել է, որպես օրինակ՝ արտերկրում մոտ 10 գրական փառատոն է կազմակերպվում, իսկ Հայաստանում՝ միայն մեկը. «Այդ առումով «Գրական տապան»-ը մեր գրողների մասին հանրությանը հիշեցնելու հիանալի միջոց է: Կարծում եմ՝ գրական ընթերցումներն ավելի շատ պետք է լինեն, առաջարկում եմ աշխատել այդ ուղղությամբ: Արտասահմանում պարբերաբար արձակ-ընթերցումներ են կազմակերպում: Չեմ կարծում, թե հայ ընթերցողը 10 էջ լսելու համբերություն չի ունենա»,-հավելեց արձակագիրը:
Բանաստեղծ, գրականագետ Մանե Գրիգորյանը նշեց, որ բացի քննարկումներից եւ բանաստեղծությունների ընթերցումներից, հայ եւ օտարազգի գրողները փոխանակվել են կոնտակտներով՝ նոր ծրագրեր եւ մտահղացումներ առաջարկել:
Հավելենք, որ ավելի քան 40 գրողի համար «Գրական տապանը» դարձավ խոսքը լսելի դարձնելու յուրօրինակ հարթակ: Ի դեպ, այսօր երեկոյան շվեյցարացի գրող Վահե Գոդելը ընթերցողներին կներկայացնի «Ինչ ասել այս մարմնի մասին» գիրքը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ