Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ, հայրենիքին մատուցած ծառայությունների համար, պարգևատրվեց նաև փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ում մշտապես տեսնում ենք ցույցեր «ցրելիս»։
Արդյոք երկրի ղեկավարությունն այս ունակության համա՞ր է նրա «ծառայությունները» բարձր գնահատել՝ հարցրի փոխոստիկանապետին։
– Չեմ կարծում, որ միայն դրանով է պայմանավորված։ Ես երկարամյա աշխատանքային փորձ ունեմ, ու ոստիկանությունը դա գնահատեց։ Իմ գործառույթները չեն սահմանափակվում հավաքների ժամանակ հասարակական կարգը պահպանելով։ Ես, որպես արտաքին ծառայության պատասխանատու, մայրաքաղաքի հետ կապված շատ գործառույթներ, պարտականություններ ունեմ (սպորտային, մշակութային, հանցավորության բացահայտում տաք հետքերով, կանխարգելիչ աշխատանքներ և այլն):
– Վերջին ցույցերին բավականին համբերատար բանակցում էիք ցուցարարների հետ։ Արդեն ցուցարարների հետ աշխատելու «իմունիտե՞տ» եք ձեռք բերել։
Կարդացեք նաև
– Չէ, իմունիտետի խնդիր չկա։ Ես դա ավելի շատ պայմանավորում եմ այլ հանգամանքով։ Մենք բարեփոխված ոստիկանի տեսքով ենք հանդես գալիս։ Միայն ես չէ, շատ ոստիկաններ են բարեփոխված։ Ճիշտ է, մեր շարքերում կան ոստիկաններ, որոնք ենթակա են բարեփոխվելու։ Հուսով ենք, կարճ ժամանակահատվածում ամբողջ համակարգը բարեփոխված կլինի:
– Ոստիկանները ծեծի չեն դիմում, փոխարենը «ջրում», ձեռքի հետ էլ պարելով «ցրում» են ցույցերը։ Պատժիչ գործողություննե՞րն էլ են «բարեփոխվել»։
– Ոստիկանությունը միշտ դեմ է եղել ծեծին (համարյա հայտնի ֆիլմի հանգույն՝ սովետական միլիցիան ծեծին դեմ է, ծեծը սովետական միլիցիայում ընդունված չէ– Ռ.Խ.): Ծեծը մեթոդ չէ:
Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում