«Վերցրեք Հայաստանի անկախության շրջանում ցուցակը, թե ում քանի տարեկանում են տվել վաստակավորի կոչում: Կտեսնեք շատ ավելի վայրենի բան»
Այսօր «Հենարան» ակումբում Aravot.am-ը ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիք ունի Արմենչիկի շուրջ բարձրացված աղմուկի մասին՝ նրան վաստակավոր արտիստի կոչում շնորհելու հետ կապված:
Նա պատասխանեց. «Ես ինքս չեմ լսում Արմենչիկ, քավ լիցի: Ոչ որպես հանձնաժողովի նախագահ, այլ՝ որպես Արտակ Դավթյան, գտնում եմ, որ իմ չլսելը չի նշանակում, որ չպիտի հարգես այն հարյուր հազարավոր քաղաքացիներին, որոնց համար Արմենչիկը կուռք է հանդիսանում»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ կուռք լինելու չափանիշներո՞վ են տալիս վաստակավորի կոչումը, Արտակ Դավթյանը պատասխանեց. «Կարող եմ օրենքին հղում անելով ասել, թե ինչպես է դա կատարվում, ու ինչ չափանիշներով են ընտրում: Մանրամասներին տիրապետում է ոլորտային նախարարությունը՝ ի դեմս նախարարի, որովհետեւ օրենքով հենց նա պետք է ներկայացնի թեկնածությունները նախագահական, այնուհետեւ նախագահականում որոշում է կայացվում: Ամեն դեպքում, իմ անձնական կարծիքը հայտնեցի՝ ես չեմ լսում: Դա ամենեւին չի նշանակում, որ այն, ինչ հաճելի չէ իմ քիմքին, անընդունելի է: Փաստը մնում է փաստ, որ երգիչը, ում մասին հիշատակում ենք, համերգների ժամանակ ԱՄՆ-ում եւ ՀՀ-ում հավաքում է լեփ-լեցուն դահլիճներ, ուղղակի անշլագ է: Սա փաստ է, որի հետ մենք պիտի հաշվի նստենք եւ հարգենք այն մարդկանց զգացմունքները, ովքեր երկրպագում են Արմենչիկին»:
Արտակ Դավթյանն ասաց, որ գուցե կան բաներ, որ ոչ մենք գիտենք, ոչ էլ ինքը: Գուցե Արմենչիկը, օրինակ, իր երկրպագուների միջոցով շատ մեծ օգնություն է տրամադրել Հայաստանին, այնպիսի բան է արել, որ չէր կարող չգնահատվել, ուրիշ հարց է, որ կարող էին նման բանի համար տալ հայրենիքին մատուցած ծառայություների համար պարգեւ:
Փաստն այն է, որ Արմենչիկին ներկայացրել է նախարարը եւ հիմնավորել նրա թեկնածությունը:
Ի դեպ, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը այս առնչությամբ վստահեցրեց, որ նախօրեին պատահաբար կառավարության շենքում հանդիպել է Հասմիկ Պողոսյանին եւ նրան հարցրել է՝ Դո՞ւք եք ներկայացրել Արմենչիկին: Հասմիկ Պողոսյանը նրան վստահեցրել է, որ ինքը չի ներկայացրել. «Իսկապես իրենք չեն ներկայացրել: Դա սուտ ասելու բան չի, վերջապես կարող եք ճշտել»:
Մերուժան Տեր-Գուլանյանը կոչ արեց. «Վերցրեք Հայաստանի անկախության շրջանում ցուցակը, թե ում քանի տարեկանում են տվել վաստակավորի կոչում: Կտեսնեք շատ ավելի վայրենի բան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ