ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Panorama.am-ի խնդրանքով մեկնաբանել է ՄԱԿ-ի առաքելություններին մասնագիտացված ստորաբաժանումներ տրամադրելու վերաբերյալ ՀՀ նախագահի հայտարարությանն ու շփման գծում տեղի ունեցող դեպքերը:
-Ինչպես հայտնի է՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադը մի քանի օր առաջ ստացավ միջազգային հավաստագիր, համաձայն որի` ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ հավասար պայմաններում կարող է մեկ ամբողջական խաղաղապահ գումարտակ տեղակայել խաղաղապահ գործողությունների ընթացքում: Սեպտեմբերի 28-ին ՀՀ Նախագահը ՄԱԿ-ի խաղաղապահության գագաթաժողովում հայտարարեց, որ Հայաստանը ստանձնում է նոր հանձնառություն` պատրաստել և ՄԱԿ-ի առաքելություններին տրամադրել մասնագիտացված ստորաբաժանումներ: Կմանրամասնեք ի՞նչ է իրենց ներկայացնում այս նոր հանձնառությունը և ինչ կարողություններով են օժտված լինելու այդ ստորաբաժանումները:
-Միջազգային խաղաղապահության բնագավառում վերջին 10-11 տարիների ընթացքում մեր ձեռքբերած փորձը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և գործընկեր երկրների մոտ մեր խաղաղապահների` որպես վստահելի և պրոֆեսիոնալ զինակցի վաստակած հարգանքը, հիմք են հանդիսացել, որպեսզի ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունները համակարգող կառույցները դիմեն Հայաստանին ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում պահանջվող մասնագիտացված կարողություններ պատրաստելու և տրամադրելու խնդրանքով: Սա է նաև պատճառը, որ Հայաստանը ընդգրկվել է մոտ չորս տասնյակ երկրների ցանկում, որոնք հրավիրվել են գագաթաժողովին: Նշեմ, որ այս պահին աշխարհի տարբեր մասերում ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում ներգրավված են մոտ 120 երկրներից 100.000 ավելի խաղաղապահներ, որոշ երկրներ տրամադրում են մի քանի հազար խաղաղապահների, սակայն շատ քիչ երկրներ են կարող տրամադրել մասնագիտացված ստորաբաժանումներ:
ՀՀ ՊՆ կողմից առաջարկվող առաջին ստորաբաժանումը դա միջազգային չափորոշիչներով ԴԵՐ2 (Role 2) մակարդակի դաշտային հոսպիտալ է, այն իրենից ներկայացնում է շարժական արագ տեղափոխվող հոսպիտալային համակարգ, որը տեղակայվում է վտանգավոր գոտու անմիջական հարևանությամբ, ունի առաջին մասնագիտական բժշկական օժանդակություն տրամադրելու կարողություն, խնդիրն է հիվանդ կամ մարտի դաշտից դուրս բերված վիրավոր անձնակազմի վիճակը կայունացնել` անհրաժեշտության դեպքում իրականացնել անհետաձգելի վիրահատական միջամտություն, և ապահովել նրա ապահով էվակուացիան դեպի հոսպիտալներ` հետագա բուժումը անցնելու նպատակով: Համակարգն ունի վիրահատական և կարճատև հոսպիտալացման հնարավորություններ: Մեր այս ստորաբաժանումը ստեղծվելու է ԱՄՆ կողմից 2007 թվականին տրամադրված ԻՄԵԴՍ դաշտային հոսպիտալի հիման վրա: Երկրորդ ստորաբաժանումը դա ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասավորավորային գումարտակն է, որը այժմ Հայաստանի տարածքում իրականացնում է հումանիտար ականազերծում: Գումարտակը համալրվելու է վերջին տարիներին ահաբեկչական խմբավորումների կողմից լայնորեն կիրառվող ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման տեխնիկայով, անձնակազմն անցնելու է միջազգային չափորոշիչներին համապատասխան վերապատրաստում և տեղակայման դեպքում ապահովելու է միջազգային ուժերի կամ տարածաշրջանի բնակչության անվտանգ տեղաշարժը:
Կարդացեք նաև
-Ի՞նչ ընթացքում է ներկայումս գտնվում ստորաբաժանումների պատրաստման և գնահատման գործընթացը և ե՞րբ դրանք պատրաստ կլինեն տեղակայման համար և արդյոք ՀՀ Նախագահի այս առաջարկը վերաբերո՞ւմ է ՄԱԿ-ի կոնկրետ առաքելությանը:
-Ստորաբաժանումների պատրաստման համար մենք պլանավորել ենք բավականին հավակնոտ ծրագիր, նախատեսում ենք աշխատանքներն ավարտել 2-3 տարվա ընթացքում: Սակայն ոչ բոլոր հարցերն են կախված հայկական կողմից: Անձնակազմի պատրաստումը պետք է իրականացվի մեր միջազգային գործընկերների աջակցությամբ, ունենք նաև տեխնիկական վերազինման խնդիր, որի լուծման հարցում նույնպես ակնկալում ենք մեր գործընկերների աջակցությունը: Առաջին փուլում նախատեսում ենք վերապատրաստել գնահատող անձնակազմին, այնուհետև մինչև հիմնական գնահատման զորավարժությունը, ստորաբաժանումները կմասնակցեն մի քանի միջազգային զորավարժությունների: Նշված երկու ստորաբաժանումներն էլ զուգահեռ հավաստագրում են անցնելու թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ ՄԱԿ-ի կողմից: Ստորաբաժանումների պատրաստումից և հավաստագրումից հետո դրանք կհամալրեն ՄԱԿ-ի այսպես կոչված «Խաղաղապահ կարողությունների պահեստային ուժերը», այսինքն` ՄԱԿ-ը նման ստորաբաժանումների անհրաժեշտության դեպքում կդիմի Հայաստանին դրանք այս կամ այն առաքելության շրջանակներում տեղակայելու խնդրանքով, ինչին Հայաստանը կարձագանքի համաձայն ներպետական ընթացակարգերի: Ստորաբաժանումները կլինեն ճկուն և պատրաստ կլինեն տարածաշրջանային յուրահատկությունների առկայության դեպքում հատուկ նախատեղակայման վարժանք անցնելուց հետո` տեղակայվել ցանկացած տարածաշրջանում:
-Ձեր գնահատականը վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում տեղի ունեցող դեպքերի առնչությամբ:
-Տավուշի մարզում գյուղերի հրետակոծման դեպքերը, որոնց հետևանքով ունեցանք քաղաքացիական զոհեր և 1994թ մայիսից ի վեր առաջին անգամ 122 մմ տրամաչափի հրետանու օգտագործումը, առաջնագծի թիկունքում տեղակայված ենթակառույցի և այնտեղ վարժանք անցկացնող անձնակազմի` ռազմական առումով չհիմնավորված խոցումը, ինչպես արդեն նշել ենք, լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլն է: Իմ խորին համոզմամբ, նման ռազմավարությունը հանգեցնելու է նրան, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության առջև բանակցային սեղանին դրված են լինելու ոչ թե հրադադարի պահպանման և վստահության ամրապնդման միջոցների հետ կապված օրակարգային հարցերը, այլ նոր պայմաններով զինադադարի կնքման պարտադրանքը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ