Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւն արդեն չի բավարարվում ԼՂՀ-ով, խոսում է Զանգեզուրի, Երեւանի մասին». Արտակ Դավթյան

Սեպտեմբեր 29,2015 11:57

Եթե մենք նշում ենք, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, Ադրբեջանը կարծես իր իսկ անցյալից դասեր չի քաղում

Այսօր «Հենարան» ակումբում, խոսելով Սահմանադրական փոփոխությունների մասին, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն ասաց, որ ԱԺ-ում քննարկելուց հետո «ՈՉ»-ականները բավականին ակտիվ աշխատել են, Գյումրիում հանրահավաք են արդեն արել. «Այս ամենի արդյունքում, կարծում եմ, հանրությունն ավելի տեղյակ կլինի Սահմանադրական փոփոխություններից»:

Փաստաբան Հայկ Ալումյանն առաջարկել էր Սահմանադրական փոփոխությունների նախագծի փոխկապակցված գլուխները առանձին- առանձին դնել հանրաքվեի: Նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները առաջարկել էին հետաձգել հանրաքվեի անցկացումը, քանի որ հանրությունը բավարար չափով տեղեկացված չէ, թե ինչպես են այդ փոփոխություններն անդրադառնալու իրենց վրա, միայն քաղաքական բլոկն են քարոզում: Այս առնչությամբ Արտակ Դավթյանը չհամաձայնեց, որ հանրաքվեն պետք է հետաձգել: Ըստ նրա, հոկտեմբերի 5-ին կտեսնենք վերջնական տարբերակը, դրանից հետո բավականաչափ ժամանակ կունենան, որ խոսեն հոդվածների մասին:

Երեկ մեկնարկեց ՄԱԿ-ի հերթական գագաթաժողովը, որտեղ անվտանգության հարցն է առանցքայինը: Անվտանգության մասին խոսում են բոլոր ելույթ ունեցողները՝ առանց բացառության: Թե ինչի է ընդունակ մեր հակառակորդը, Արտակ Դավթյանը նշեց, որ արդեն կարողանում են կանխորոշել իրենց գործողությունները. «Բնական է, որ արժանի հակահարված ստանում է մեր թշնամին: Այն մարդկային կորուստները, որ ունենում ենք, անդառնալի է եւ որեւէ բան չի կարող փոխարինել այն մարդկային կյանքի կորուստներին, որը կրում է թե՛ Հայաստանը, թե՛ ադրբեջանցիները: Ադրբեջանցիները պատանդ են դարձել իրենց ղեկավարության ձեռքին: Եթե մենք նշում ենք, որ խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի, Ադրբեջանը կարծես իր իսկ անցյալից դասեր չի քաղում»:

Արտակ Դավթյանը նշեց, որ Արցախյան պատերազմից հետո բաց վերք է մնացել: Այն վաղ թե ուշ կսկսի արյունահոսել, իսկ եթե արյունահոսի, վատ հետեւանքներ կունենա Ադրբեջանի համար. «Եթե ՀՀ-ն մասնակցում է բանակցային փուլին, սա արդեն իսկ մեր կողմից բավականին մեծ փոխզիջում է: Հայաստանը ներկայացնում է նաեւ Ղարաբաղին: Ալիեւ կրտսերն իր հոխորտանքների մեջ այնքան է առաջ գնացել, որ չի բավարարվում ԼՂՀ-ն Ադրբեջանի պատմական տարածք հայտարարելուց, այլ նկրտումներ ունի, խոսում է արդեն Զանգեզուրի մասին, Երեւանի եւ այլն: Պատասխանը, որը շատ հստակ հնչում է՝ ԼՀՂ-ն ոչ այլ ինչ է, քան Հայաստանի անբաժանելի մաս: Դա պիտի սթափեցնող դերակատարում ունենա Ալիեւի համար: Նա իր մտքով պետք է երբեւիցե չանցկացնի, որ ԼՂՀ-ն կարող է ունենալ այլ կարգավիճակ բանակցությունների արդյունքում, քան այն, ինչ ունի ներկայումս»:

Ըստ պատգամավորի, մեր քաղաքական որոշ շրջանակների ներկայացուցիչներ հանդես էին գալիս այն դիրքերից, որ եթե Ղարաբաղը զիջենք Ադրբեջանին, մեր չարչարանքին վերջ կլինի, կբացեն սահմանները, ՀՀ-ն զարգացման մեծ պոտենցիալ կունենա. «Բայց այդ պարագայում Ղարաբաղը կլինի ուղղակի մեր վերջի սկիզբը: Ասել, որ Ղարաբաղը Հայաստանի անքակտելի մասն է, նշանակում է, որ Ղարաբաղը առանց Հայաստանի գոյություն ունենալ չի կարող, ինչպես Հայաստանը առանց Ղարաբաղի գոյություն ունենալ չի կարող»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930