Ինչպես արդեն նշել ենք, Եվրոպայի խորհրդի խոհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի լիագումար նիստում երեկ ադրբեջանցիները բավականին ակտիվ էին հատկապես հակահայ քարոզչություն իրականացնելու հարցում: Գրանցվեց ևս մեկ միջադեպ: ԵԽԽՎ ամբիոնից ադրբեջանցի պատվիրակ Ռաֆայել Հուսեյնովը հայտարարեց, թե Հայաստանը մերժում է ցանկացած զեկուցողի այցը Հայաստան, ինչը արժանի է նկատողության և պատժի:
Հուսեյնովը հայտարարեց, թե իբր Հայաստանը խոչընդոտել է երկու զեկուցողների` Միլիցա Մարկովիչի, որը զեկույց է պատրաստում Սարսանգի ջրամբարի վերաբերյալ և Ռոբերտ Ուոլտերի, որը զեկույց է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, աշխատանքը:
Ի պատասխան ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հայտարարեց, թե Հուսեյնովի այս պնդումները բացահայտ սուտ են:
Հիշեցնենք նաև, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ զեկույց նախապատրաստելու համար Ռոբերտ Ուոլտերը պարտավոր է այցելել Լեռնային Ղարաբաղ: Ինչ վերաբերում է Սարսանգի ջրամբարի հետ կապված զեկույցի նախապատրաստական աշխատանքներին, ապա ըստ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրիա Զոհրաբյանի` անգամ ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանն է պատրաստակամություն հայտնել անձամբ հյուրընկալելու տիկին Մարկովիչին Հայաստանում, սակայն ապարդյուն:
Կարդացեք նաև
Նաիրա Զոհրաբյանը Aravot.am-ի հետ զրույցում այս առթիվ փոխանցել էր. «Միլիցա Մարկովիչը համառորեն մինչ այս պահը վստահ է, որ այդ ջրամբարը գտնվում է Հայաստանում: Տեւական ժամանակ փորձեցինք բացատրել, որ այն Ղարաբաղում է գտնվում, բայց պարզվում է, որ տիկնոջ աշխարհագրական ունակությունները խիստ սահմանափակ են, քանի որ նա համոզված է, որ այն Հայաստանում է: Պատգամավոր Լյովա Խաչատրյանը պատրաստակամություն է հայտնել Մարկովիչին` ՀՀ այցելելու դեպքում ուղեկցել Ապարանի ջրամբար, ու եթե դա բավարար է Սարսանգի ջրամբարի մասին զեկույց գրելու համար, ապա «նո քոմենթ»:
Թեև ԵԽԽՎ լիագումար նիստերի օրակարգում Լեռնային Ղարբաղի և Սարսանգի ջրամբարների զեկույցները ներառված չեն, սակայն սպասվում է, որ այս զեկույցների վերաբերյալ քննարկումներ կլինեն ԵԽԽՎ քաղաքական և սոցիալական հանձնաժողովներում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ