Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշակոթող-սրբատեղի

Սեպտեմբեր 28,2015 18:10

Արցախյան նոր ժամանակների գոյամարտի պատմության մեջ առանձնակի տեղ ունի Բերդաձորի ինքնապաշտպանությունը: Շուշիի այս ենթաշրջանը, որն ընկած է Հակարի գետի ձախակողմյան սարալանջերին, այն ժամանակ ուներ ընդամենը 4 հայկական փոքր գյուղ՝ ընդհանուր հազարի չհասնող բնակչությամբ՝ 4 կողմից շրջապատված ադրբեջանական բնակավայրերով: Երբ սկսվեց Արցախյան շարժումը, առաջացավ նաև Բերդաձորի հայության պաշտպանության անհրաժեշտությունը, և ստեղծվեց Բերդաձորի ինքնապաշտպանության խորհուրդը (ԲԻԽ)՝ Անդրանիկ Հարությունյանի՝ Բերդաձորի Անդոյի նախագահությամբ:

Մայր հայրենիքում և Արցախում կազմավորվեցին ջոկատներ, որոնք հիմնականում ուղղաթիռներով, երբեմն ավտոբուսով(այդ ժամանակ գործում էր նաև Ստեփանակերտ-Բերդաձոր մարդատար ավտոբուսը՝ խորհրդային զինվորների ուղեկցությամբ) անցնում էին Բերդաձոր և հսկում դիրքերում՝ ապահովելով բնակչության անվտանգությունը: 1989-90 թվականներին մի քանի անգամ տարբեր ջոկատների կազմում (սկզբում ՀՀ Մարտունու «Հայ դատ»-ի կառույցի տղաների հետ) մասնակցել եմ տարածքի ինքնապաշտպանությանը: 90 թվականի աշնանը թշնամին հաճախ էր փորձում հայաթափ անել Բերդաձորը՝ համագործակցելով խորհրդային զինվորականների հետ:

12027596_872501272845152_5551737536869674867_n DSCN4212

Այդ օրերին մեծացել էր անասնագողությունը: Տարածքի միակ ադրբեջանաբնակ Կանաչ Թալա գյուղը վերածվել էր ռազմական հենակետի թուրք օմօնականների ու թալանչիների համար: Նոյեմբերի սկզբին թուրքերը տարան Եղծահողի խորհրդային տնտեսության 300-ից ավելի կովեր: Այս անգամ, բարեբախտաբար, չէին սպանել անասնապահներին, բավարարվել էին ծեծով: Իսկ նոյեմբերի 17-ին տարան նույն գյուղի ոչխարները՝ սպանելով հովիվ Եղիշե Ծատրյանին: Որպես պատասխան՝ մեր տղաները մտել և այրել էին Կանաչ Թալայի մի քանի տուն: Սակայն ավարառուներին էին միացել Շուշիի թուրք ոստիկանները և հարձակվել ճանապարհի վրա գտնվող փոքր Տասի Վերստ (մենք կոչում էինք Ծաղկաձոր) գյուղի վրա և վառել մի քանի տներ: Իր տան մեջ այրվել էր 90-ամյա Նանաշ Չոբանյանը:

Նրա թոռը՝ Շիրակ Չոբանյանը, ով մշտապես տարածքի պահապանների շարքերում էր, փորձել էր օգնության հասնել տատին, սակայն թուրքերը կրակել էին նրա ուղղությամբ: Շիրակին հաջողվել էր դիրքավորվել, դիմադրել և վիրավորել թուրքերի հրամանատարին: 8-9 հոգիանոց ասկյարների ջոկատը հեռացել էր՝ տանելով վիրավոր հրամանատարին:

Պաշտպանությունն ավելի ուժեղացնելու նպատակով այդ օրերին Վազգեն Սարգսյանի հրամանով Հայաստանից մի քանի ջոկատներ եկան Բերդաձոր: Թշնամին նույնպես մեծ ուժեր էր կուտակել այս ուղղությամբ: Նոյեմբերի 21-ին Լաչինի շրջանի Աղանուս գյուղի կողմից կեսօրին հարձակում գործեց Բերդաձորի Հին Շեն գյուղի վրա: Երեկոյան, գրավելով Քումին քար կոչվող բարձունքում մեր դիրքերից մեկը, թուրքերը գնդացրային կրակ բացեցին գյուղի վրա: Նույն պահին գտնվում էի պաշտպանական շտաբում, որտեղ էին նաև ԲԻԽ-ի փոխնախագահ Առնո Մկրտչյանը, ով ղեկավարում էր տարածքի պաշտպանությունը, Իգոր Մուրադյանը, Ժաննա Գալստյանը: Առնոյի հետ փորձում էինք գործի գցել ինքնաշեն գնդացիրը, սակայն ինչ-որ պակաս մասեր կային:

Վերևում մարտը տևեց մի քանի ժամ, և վերջապես թշնամին նահանջեց: Մարտից հետո տղաներն իջան բարձունքից, հավաքվեցին շտաբում, սակայն չկային 2 հոգի՝ Երևանից եկած հատուկ ջոկատի մարտիկ Վաղինակ Զաքարյանը և Հին Շեն գյուղի նախկին բնակիչ Սամվել Խաչատրյանը: Առավոտյան դիրքերից մեկում լուսանկարել էի մեր զինվորներին, որոնց մեջ էր նաև Վաղինակը: Մարտի մասնակիցներից Լևոնը տեսել էր վերևում, թե որ ուղղությամբ էին գնացել տղաները, և նրա ուղեկցությամբ բարձրացանք մարտավայր:

Շտաբում էր նաև Գոյամարտի առաջամարտիկ և նահատակ Վարդան Բախշյանը, ում հետ ծանոթ էի համալսարանից: Տեսնելով ձեռքիս ինքնաշեն հրացանը՝ ինձ տվեց իր ինքնաձիգը: Սամվելի եղբոր՝ Էդիկի, մարտական ընկերներիս՝ Արթուրի, Շիրակի և Կարենի հետ բարձրացանք: Չհասած Քումինքար՝ մեզ դիմավորեցին մեր դիրքապահներից 2 զինվոր և խնդրեցին փոխարինել իրենց՝ նշելով, որ գրեթե ամբողջ օր է, ինչ այստեղ են: Ես ու Արթուրը փոխարինեցինք նրանց: Իսկ խմբի մնացած տղաները բարձրացան վեր, ու քիչ անց լսվեց Էդիկի աղեկտուր ճիչը՝ «Սամվե՛լ, հե Սամվե՛լ»:

Այստեղ՝ բարձունքում, գյուղը պաշտպանելիս նահատակվել էին Վաղինակն ու Սամվելը: Տղաները դիմադրություն էին ցույց տվել ու փակել թշնամու ճանապարհը՝ փրկելով նաև իրենցից ցած գտնվող ընկերներին ու գյուղը: Հնարավոր է, որ թուրքերից վիրավորներ էին եղել և այդ պատճառով հետ քաշվել: Տղաների զոհվելու տեղից վերև արյան հետքեր էին մնացել: Թուրքերը մեծ քանակությամբ փամփուշտ  էին արձակել. հետագայում յուրաքանչյուրի մարմնից 70-ից ավելի գնդակ էին հանել բժիշկները:  Բարձունքն այդ օրից վերածվել է ուխտավայրի:

Սեպտեմբերի 27-ին մարդաշատ էր այստեղ. մաջերի նահատակված վայրում կանգնեցվեց խաչքար, որին ներկա էին մարտիրոսների մայրերը, հարազատները, մարտական ընկերները, Հին Շեն գյուղի ողջ ազգաբնակչությունը: Շուշիի շրջանի հոգևոր հովիվ տեր Մեսրոպը Տերունական աղոթքով սկսեց խաչքարի օրհնումն ու օծումը: Հայոց հողում ավելացավ ևս մեկ սուրբ-հուշակոթող:, որի տեղադրումն իրականություն դարձավ Վաղինակի մորաքրոջ որդի Արմենի ու եղբոր՝ Սամվելի նախաձեռնությամբ, մարտական ընկերների, նաև Սամվել Խաչատրյանի եղբայրների աջակցությամբ: Հին Շենի Առնո Մկրտչյանի անվ. դպրոցի սաները միասին եկան հուշակոթողի մոտ: Զրուցեցի նրանց հետ. ասացին՝ իրենք հաճախ են բարձրանում այստեղ:

Արարողությունից հետո դպրոցի բակում կայացավ մշակութային մաս: Իրենց վարպետությունը ցուցադրեցին Երևանից ժամանած արևելյան մարտարվեստի խմբի ներկայացուցիչները և պարի խմբի երիտասարդները: Հին Շենի հանդիսությունների տանը, որը նախկինում եղել է եկեղեցի, տեր Մեսրոպը մկրտեց Վաղինակ Զաքարյանի հրամանատար Վովայի որդուն՝ պատանի Վաղինակին: Ներկաներին մատուցվեց մատաղ:

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930