Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գիտակրթական հաստատությունների շարքը համալրվեց եւս մեկով: Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Սփյուռքի եւ Մշակույթի նախարարների եւ բարերարների մասնակցությամբ հանդիսավորությամբ բացվեց «Գարեգին Ա» կրթական կենտրոնը: Հիմնարկեքի արարողությունը տեղի էր ունեցել 2009թ. սեպտեմբերի 19-ին՝ երջանկահիշատակ Տ.Տ. Գարեգին Ա. Ամենայն հայոց կաթողիկոսի վախճանման 10-րդ տարելիցի ոգեկոչման օրը:
Իր խոսքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը նշեց, որ հայագիտության զարգացմանը ծառայող կենտրոնում կկազմակերպվեն աստվածաբանական դասընթացներ, խորհրդաժողովներ, կվերապատրաստվեն ուսուցիչներ եւ հոգեւորականներ. «Կրթական այս կենտրոնի կառուցման աստվածահաճո նախաձեռնությունը խտացնում է հոգելույս հայրապետի հանդեպ ունեցած ազնիվ եւ ջերմ զգացումները: Երանաշնորհ հայրապետի սրտում փայփայած եւ կյանքի վերջին օրերին փոխանցած տեսլական իղձն էր հայագիտության եւ աստվածաբանության կենտրոնի կառուցումը»,-ասաց Ամենայն հայոց կաթողիկոսը:
«Երբ Վեհափառ Հայրապետը մահվան մահճում էր, ասացի, որ իր փափագը կիրականանա: Նա օրհնեց ինձ…»,-հուզմունքով հիշեց բարերար Հայկ Տիտիզյանը, ում շնորհիվ կյանքի է կոչվել կենտրոնի կառուցումը:
Ի դեպ, կրթական կենտրոնի նախագծում ընդգրկվել է Մայր Աթոռի պատմական կառույցներից մեկը՝ հիվանդանոցի շենքը, որը կառուցվել է Խրիմյան Հայրիկի օրոք: Կենտրոնը կառուցումը դեռ ընթացքի մեջ է, այն նախատեսում է ավարտել հաջորդ տարի:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ