ԻԱԿ-ի մրցանակաբաշխությունը
Երեւանում, արդեն 13-րդ անգամ տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Սեպտեմբերի 28-ին տեղեկատվության ազատության միջազգային օրն է, ուստի, հենց այդ օրն էլ ավանդաբար, կազմակերպվում է մրցանակաբաշխությունը: Միջոցառմանը պետք է ներկա գտնվեր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, սակայն եկել էր ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Կարդացեք նաև
«ԵԱՀԿ երևանյան գրասենյակն իր հիմնադրումից ի վեր սերտորեն համագործակցում է իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ տեղեկատվության ազատության վերաբերյալ կանոնակարգերը բարելավելու ուղղությամբ: Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհավորել բոլոր այն հաստատություններին, ովքեր այսօր ստանալու են ոսկե բանալին, բայց նաև հորդորել բոլորին լինել հետևողական և վճռական տեղեկատվություն ստանալու իրենց ջանքերում»,- իր ողջույնի խոսքում ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սոռոկինը:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին էլ նկատեց. «Հրապարակայնությունն ու տեղեկատվության ազատությունը կոռուպցիայի նվազեցման առանցքային գործոններ են, որոնք քաղաքացիներին հնարավորություն են տալիս փոխգործակցել հանրային ծառայությունների հետ։ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը նշում է, որ տեղեկատվության ազատության համաշխարհային վարկանշային ցուցակում Հայաստանի ցուցանիշը լավ է: Այնուհանդերձ, լրացուցիչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել հանրային քաղաքականության իրականացման և մշտադիտարկման գործում քաղաքացիների եւ քաղաքացիական հասարակության մասնակցությունը բարձրացնելու ուղղությամբ»:
ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանն էլ իր խոսքում ասաց, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «Ոսկե բանալի և Ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության միջոցով ձևավորում ու ամրապնդում է հրապարակայնության ու թափանցիկության ավանդույթները Հայաստանի կառավարման համակարգում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ