Լրահոս
Օրվա լրահոսը

Փակում են Գյումրու փոստային մասնաճյուղը. 16 աշխատակիցներ դիմում են Սերժ Սարգսյանին

Սեպտեմբեր 28,2015 17:15

Aravot.am-ին էին դիմել «Հայփոստ» ՓԲԸ Գյումրիի փոստային մասնաճյուղի աշխատակիցները՝ նշելով, որ վաղվանից իրենք՝ թվով 16 հոգի, կմնան առանց աշխատանքի: Բանն այն է, որ հանրապետության երկրորդ քաղաքի փոստային մասնաճյուղը միացնում են Սպիտակին ու աշխատակիցներին առաջարկում են ամեն օր 50 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Սպիտակ քաղաք գնալ-գալ սեփական միջոցներով: Վերջիններիս աշխատավարձն էլ կազմում է ընդամենը 55-60 հազար դրամ:

Այսօր սարսափելի լարված իրավիճակ էր Գյումրիի փոստային մասնաճյուղում, աշխատակիցները ողբում էին աշխատանք կորցնելու համար, նշում, որ մեր կառավարության կողմից «Հայփոստ տրաստ մենջեմենթ»-ին ժամանակավոր կառավարման հանձնված «Հայփոստ» ՓԲԸ-ի դիտորդ խորհուրդն է նման որոշում կայացրել՝ առանց հաշվի առնելու իրենց կարծիքը: Նրանք բավական լուրջ փաստարկներ էին ներկայացնում, թե Գյումրու մասնաճյուղը միավորելով Սպիտակին՝ ինչպիսի վնասներ կարող են հասցնել թերթերի բիզնեսին, դատարանի ու ճանապարհային ոստիկանության աշխատանքներին:

«Այսուհետ մոռացեք թարմ թերթերի մասին, օրինակ՝ ձեր «Առավոտ» -ը Գյումրի ու Շիրակի մյուս համայնքներ կհասնի ոչ թե առավոտյան, առնվազն մյուս օրը երեկոյան, «Հինգշաբթի»- ն կարող է հասնել ուրբաթ օրը: Մինչեւ թերթերը տեղ հասնեն Սպիտակ, մինչեւ տեսակավորվեն, լավագույն դեպքում Գյումրի կարող են հասնել նույն օրը երեկոյան: Մենք փոստ ուղեկցող ունենք, որը պետք է բաժանի բաժանմունքները, եթե թերթերը ժամը 4-ին կամ 5-ին տեղ հասնեն, էդ մարդը ո՞նց բաժանի բաժանմունքները, ասենք Արթիկի Պեմզաշեն գյուղը ո՞նց հասցնի, բնականաբար, պիտի թողնի հաջորդ օրվան: Դատարանները նամակ են ուղարկում, դրանք փաստաթուղթ են, եռօրյա ժամկետում պետք է հասցնես տիրոջը, եթե չգտար տիրոջը, անմիջապես հետ պետք է ուղարկես դատարան: Հիմա պատկերացրեք այս պայմաններում դժվար թե ճիշտ ժամանակին հասցեատիրոջը հասնի նամակը, կարող է մինչեւ տեղ հասնի, իր դատը կայանա, վերջանա: Դատարան վկայակոչված վկաներին ոնց տեղյակ պահես, ու դու վկա ես հրավիրված: Իսկ ճանապարհային ոստիկանության կողմից վարորդներին ուղարկված գրությունները մինչեւ տեղ հասնեն, տույժ-տուգանքները կավելանան: Հիմա իրավաբանական անձանց միջեւ է կապը, ֆիզիկական անձանց միջեւ քչացել է, բայց մեկ օր ուշանալն էլ կարող է ճակատագրական լինել», -դժգոհում էին աշխատակիցները:

Նրանք ասում էին, որ երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս կառույցի աշխատանքը անորակ դարձնելուց զատ, նպատակադրվել են ազատվել իրենցից: «Իրենք մեզ իբրեւ թե աշխատանք են առաջարկում Սպիտակում, բայց դա ձեւական բնույթ է կրում, երբ համաձայնում ես, ասում են՝ քո հաստիքը չկա Սպիտակում: Գյումրիի- Սպիտակ օրվա մեջ ընդամենը մի տրանսպորտ է աշխատում, ժամը 11-ին Սպիտակից է տրանսպորտ գալիս Գյումրի, Գյումրիից էլ ժամը 2-ին գնում է Սպիտակ, տոմսի արժեքն էլ մեզ վրա 1400 դրամ է նստում: Ջաջուռի լեռնանցքի ձնաբքերի ու ավտովթարների մասին այս մարդիկ երեւի որեւէ անգամ լսած էլ չկան»:

Աշխատակիցները մեծ ցանկություն են ունեցել հանդիպել օրեր առաջ Գյումրի այցելած Սերժ Սարգսյանին, սակայն Շիրակի մարզպետը վերցրել է նախագահին հղված նրանց բողոքը ու տեղ հասցրել: Առայժմ պատասխան չկա, սակայն վերջիններս հորդորում են երկրի նախագահին՝ չխորացնել արտագաղթն ու աղքատությունը Գյումրիում, չզրկել իրենց մի կտոր հացից, հենց վաղը միջամտել ու կասեցնել իրենց բառերով ասած այս «անտրամաբանական ու ոչ արդյունավետ որոշումը»:

Հիշեցնենք, որ վաղը նրանց աշխատանքային վերջին օրն է:

Մենք այս թեմայի շուրջ պարզաբանումներ ենք ստացել նաեւ «Հայփոստ» ՓԲԸ մամլո քարտուղար Գեւորգ Աբրահամյանից: Վերջինիս պարզաբանումները, «Հայփոստ» ՓԲԸ Գյումրիի փոստային մասնաճյուղի աշխատակիցների բողոքը, Սերժ Սարգսյանին հղված նամակը վաղվա «Առավոտ» օրաթերթում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմենակ says:

    Երևում է Հայփոստի օտարերկրյա Հայաստանի տնօրենները անտեղյակ են մեր աշխարհագրական վատ դիրքից ու ճանապարհներին տեղի ունեցող ավտովթարներից։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930