Ինչպես տեղեկացրել ենք, Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը: Ադրբեջանը կրկին վեհաժողովի ամբիոնը օգտագործեց հակահայկական քարոզչության նպատակներով:
Օրինակ` ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը ԵԽԽՎ ամբիոնից Հայաստանը ներկայացրեց որպես «օկուպանտ» երկիր, հայտարարեց, թե հայկական կողմը պեղումներ է իրականացնում «օկուպացված տարածքներում, որի իրավունքը չունի» (նկատի ունի Տիգրանակերտում ընթացող պեղումները-Տ.Հ.):
Aravot.am-ը ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանից հետաքրքրվեց` ադրբեջանցի պատվիրակը ԵԽԽՎ ամբիոնից Հայաստանին կրկին օկուպանտ անվանեց, մեղադրանքներ հնչեցրեց Հայաստանի հասցեին, ինչ-որ կերպ հայաստանյան պատվիրակությունն արձագանքելո՞ւ է ադրբեջանցի պատվիրակի այս մեղադրանքներին, ներկայացնելո՞ւ է սահմանում իրավիճակը, հատկապես այն դեպքում, երբ հրադադարի ռեժիմն այս օրերին խախտում է հենց ինքը` Ադրբեջանը, պարոն Բաբայանը պատասխանեց. «Մի քանի ժամից ես ելույթ եմ ունենալու, եւ ԵԽԽՎ ամբիոնից անդրադառնալու եմ սահմանային լարվածության, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին»: Դառնալով Ադրբեջանի կողմից փաստերի խեղաթյուրմանը վերաբերող դիտարկմանը` Վահան Բաբայանը նկատեց. «Իրենք միշտ էլ նույն կեղծ գործելաոճով են զբաղված և փաստերի խեղաթյուրումն իրենց մոտ պետական քաղաքականություն է»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ