Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Թեժ գծին» ահազանգ է ստացվել, համաձայն որի ք. Երևանի «Սուրմալու» առևտրային կենտրոնում վաճառվում է չյոդացված, առանց հայերեն մակնշման, ոչ հայկական արտադրության կերակրի աղ:
Ահազանգի հիման վրա ՍԱՊԾ աշխատակիցների կողմից իրականացվել է աղի դիտարկում Երևան քաղաքի Արշակունյաց 15 հասցեում գործող «Սուրմալու» առևտրի կենտրոնում:
Դիտարկման արդյունքում երկու վաճառակետերում հայտնաբերվել են առանց հայերեն մակնշման, ՌԴ արտադրության, առանց հավելումների «Տիրետյան» կերակրի աղի խմբաքանակներ` նախատեսված թթվեցման և պահածոյացման համար (1կգ-ոց 135 հատ, 01.04.2015թ. արտադրության և 1կգ-ոց 30 հատ, 01.04.2015թ. արտադրության): Տրվել են «Արտադրանքի իրացումը կասեցնելու մասին» կարգադրագրեր: Հայտնաբերված սննդամթերքն անմիջապես հանվել է վաճառքից և վերադարձվել մատակարարին:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն