Այսօր կայացավ ՀԱՕԿ-ի նոր պաշտոնական կայքէջի շնորհանդեսը: ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ գաղափարն արդիականացման խնդիրն էր: «Մեր նախորդ կայքը, բնականաբար, չէր համապատասխանում ժամանակակից պահանջներին: Նշեմ միայն, որ նոր կայքն արտացոլելու է ոչ միայն մեր աշխատանքը, այլեւ ունենալու է լրատվական մեծ բլոկ», – հայտարարեց Հրաչյա Ռոստոմյանը:
Կայքի պատասխանատուներից Շուշանիկ Հակոբյանը տեղեկացրեց, որ կայքի մարզական բաժինը կապահովի ինչպես հայկական, այնպես էլ միջազգային մարզական կարեւոր իրադարձությունների օպերատիվ լուսաբանումը: «Մեր առջեւ խնդիր է դրված՝ հենց մրցավայրերից լուսաբանել Հայաստանի, Եվրոպայի եւ աշխարհի տարբեր տարիքային խմբերի առաջնությունները: Կայքում կա ժամանակացույց, որտեղից կարող եք տեղեկանալ, թե առաջիկայում ինչ մրցաշարեր են սպասվում», – ասաց նա: Ըստ բանախոսների, երկու օրից բացվող կայքում համապարփակ տեղեկատվություն է լինելու օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի մեր չեմպիոնների եւ մեդալակիրների մասին, գործելու են ֆոտո եւ վիդեո բաժինները, ուղիղ հեռարձակումներ են կազմակերպվելու տարբեր մարզաձեւերի Հայաստանի առաջնություններից, որպեսզի հանրությունը օպերատիվ տեղեկանա դրանց ընթացքին եւ արդյունքներին: Վառվառա Հայրապետյանն էլ հավելեց, որ կայքը բաց է լինելու բոլորի համար եւ գործընկերներին դիմեց խնդրանքով, որպեսզի կայքի տեղեկատվությունից օգտվելիս հարգվի հեղինակային իրավունքը եւ անպայման ՀԱՕԿ-ին հղում արվի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ