Լրահոս
Օրվա լրահոսը

Կատաղությունից մահանում են, եթե ժամանակին չեն պատվաստվում

Սեպտեմբեր 28,2015 15:02

«Կատաղություն հիվանդությունը չունի սպեցիֆիկ բուժում, դրա դեմ պայքարելը կանխարգելիչ պատվաստումներն են, կատաղության դեմ պայքարն այսօր մնում է գերակա խնդիր շատ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար»,-այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում ասաց առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը: Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով, որն աշխարհը նշում է սեպտեմբերի 28-ին, տիկին Թորոսյանը կատաղախտը ներկայացրեց, որպես խիստ վտանգավոր վիրուս, ինչով վարակվելու արդյունքում մարդիկ մահանում են, եթե ժամանակին պատվաստանյութ չեն ստանում:

Կատաղության վիրուսով հիմնականում վարակվում են թափառող շները, կատուները, չղջիկները, առնետները, գայլերը, արջերը, աղվեսները:

Ըստ մասնագետի, կենդանու կծելուց կամ ճանկռելուց հետո, անպայման պետք է դիմել բժշկի, մասնավորապես, եթե վնասված հատվածը սկսում է ուժեղ այրվել, ծակծկել ու այտուցվել: Այդ ընթացքում, Լիանա Թորոսյանի խոսքերով, պետք է հետեւել նաեւ կենդանուն, եթե 14 օրվա ընթացքում կենդանին չի սատկել, ապա երեք անգամյա պատվաստանյութը բավական է, որպեսզի մարդու մոտ խնդիրներ չառաջանան, իսկ եթե այդ ժամանակահատվածում կենդանին սատկում է կամ կորչում է, ապա 6 ներարկում պետք է արվի:

Ըստ մասնագետի՝ այս հիվանդությունը բնորոշ է աղքատ երկրներին: Տիկին Թորոսյանն ասաց, որ կատաղությունը սուր վիրուսային հիվանդություն է` կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներին բնորոշ ախտանշաններով: Դրանք են` լուսավախությունը, ջրավախությունը, չոր հազը, մկանացավ, ջերմություն: Առաջին փուլում, ըստ մասնագետի, նկատվում է չոր հազ, ջերմություն, ապա սկսվում է ագրեսիվ փուլը, երբ հիվանդը սկսում է ագրեսիվ պահվածք ցուցաբերել, իսկ 3-րդ փուլում հիվանդն ամբողջությամբ պարալիզվում է եւ մահը վրա է հասնում կաթվածի հետեւանքով: Ամեն տարի այս վարակից տասնյակ հազարավոր դեպքեր են արձանագրվում: Լիանա Թորոսյանի խոսքերով, կատաղություն հիվանդությունից վերջին մահը մեր երկրում եղել է 2008-ին եւ 2009-ին:

Հիմնականում տուժում են 0-15 տարեկան երեխաները, քանի որ նրանք ավելի կարեկցանքով են փորձում հոգ տանել կենդանիների մասին:

Մինչ բժշկին դիմելը՝ կատաղությամբ վարակված կենդանու կծոցից հետո առաջին բուժօգնությունը, ըստ Լիանա Թորոսյանի, հոսող ջրի տակ 15 րոպե օճառով վերքը լվանալն է:

Նրա խոսքերով՝ հիվանդության գաղտնի շրջանը կարող է տեւել մեկ շաբաթից մինչեւ մեկ տարի: Վարակի փոխանցման մեխանիզմը մարդու անմիջական շփումն է վարակի աղբյուրի հետ՝ մաշկի կամ արտաքին լորձաթաղանթների ամբողջականության խախտում` կծելու, թքոտելու, ճանկռելու և այլնի արդյունքում, ինչպես նաև թքոտում` մաշկի և արտաքին լորձաթաղանթների ամբողջության պահպանման դեպքում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930