Լրահոս
Օրվա լրահոսը

Բարոյական չէ Երեւանում տոն նշել, երբ սահմանին զոհեր ենք ունենում

Սեպտեմբեր 28,2015 14:52

«Մենք բարոյական իրավունք չունենք Երեւանում տոն անել, երբ մեր սահմանամերձ բնակավայրերում լարված իրավիճակ է, մարդիկ գնդակոծությունների տակ են ապրում»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն՝ անդրադառնալով այսօր Երեւանի քաղաքապետարանի այն պարզաբանմանը, որ «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունը չեղյալ չի հայտարարվի:

Հիշեցնենք, որ ստորագրահավաք է նախաձեռնվել պահանջով՝ չեղյալ համարել մայրաքաղաքի տոնական միջոցառումներն ու այդ գումարներն ուղղել սահմանամերձ գյուղերին:

Երեւանի քաղաքապետարանից պարզաբանել են, որ միջոցառումների ֆինանսավորման մեծ մասը կատարվում է մասնավոր հատվածի կողմից ու հենց Երեւանի հիմնադրմանը նվիրված տոնակատարության անցկացման նպատակով, այլ ոչ թե` ըստ ցանկության այն տնօրինելու:

Այս առնչությամբ Անահիտ Բախշյանն ասաց. «Մենք չենք ասում՝ բացառեք Երեւանի տոնը նշելը, մենք ասում ենք՝ համեստ նշեք այդ օրը, եւ լավ կլինի Երեւանն իր տոնի բյուջեի մի մասը որպես նվեր հատկացնի սահմանամերձ բնակավայրերին»:

Նշենք, որ քաղաքապետարանի պատասխանում Երեւանի տոնի առթիվ նաեւ ասվել է. «Չմոռանանք, որ «Էրեբունի-Երեւան»-ը մեր համաքաղաքացիների ամենասպասված տոներից է։ Նաեւ թույլ տվեք, օգտվելով առիթից, մեր համաքաղաքացիներին կոչ անել բարձր տրամադրությամբ նախապատրաստվել մայրաքաղաքի ծննդյան տոնին»:

Մեր այն հարցին՝ որքանո՞վ է ճիշտ բարձր տրամադրության կոչ անել, քեֆ-ուրախություն անել մայրաքաղաքում, երբ մենք սահմանից ամեն օր վատ լուրեր ենք լսում, երբ սեպտեմբերի 25-ին 4 զինծառայող զոհվեցին, 17-ն էլ վիրավոր են. նման դեպքերում համազգային սուգ են հայտարարում, ոչ թե՝ տոն, որքանով է ճիշտ Երեւանում երգ ու պարով ծնունդ նշել, երբ մեր սահմանամերձ գյուղերի բնակիչները գնդակոծություններից  պաշտպանվելու նպատակով ամեն օր նկուղներում են անցկացնում, Բախշյանն ասաց. «Այո, մենք իրավունք չունենք տոնախմբություն անելու, երբ այսպիսի լարված իրավիճակ է սահմաններում: Պատահական չէ, որ Ստեփանակերտը չեղյալ հայտարարեց քաղաքի օրվա հետ կապված բոլոր միջոցառումները: Մարդիկ հասկացան, որ անբարոյական է, ան-բա-րո-յա-կան է այսօր որեւէ տոն անելը, փուչիկներ կախել, հրավառություն անել, երբ մեր սահմաններում անմեղ մարդիկ են զոհվում: Ես ուզում եմ ասել՝ չեմ հավատում, որ քաղաքապետարանում այդ ամենը չեն հասկանում, չեմ հավատում, որ նրանք այդ աստիճանի անսիրտ են»:

Մեր այն դիտարկմանը՝ գուցե հանրության այն պնդումները, որ նման միջոցառումներից բավականին մեծ ծավալի ատկատներ են ունենում, եւ սա է պատճառը, որ չեն հրաժարվում «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունից, Անահիտ Բախշյանն ասաց. «Դե հիմա թող ապացուցեն, որ ոչ մի ատկատ էլ չեն անում, թող չանեն ու ասեն՝ տեսեք, դուք սուտ եք խոսում, ոչ մի ատկատ էլ չենք անում: Կամ եթե անում ենք, ամեն ծախսն այնպես ենք անելու, որ դուք տեսնելու եք, շոշափելու եք: Այսքան խոսում ենք, բայց իրենք ամեն ինչ անում են, որ հաստատեն հասարակության շրջանում տարածված այդ կասկածները»:

Իսկ այն դիտարկմանը, թե քաղաքապետարանը տոնական ծախսերից չհրաժարվելու պատճառաբանություն է բերում, իբր մասնավոր հատվածի գումարներն են դրանք, ու չեն կարող ըստ ցանկության տնօրինել, մի՞թե այդ մասնավոր հատվածը դեմ կլինի, որպեսզի իրենց տրամադրած գումարներն ուղղվեն գնդակոծությունների տակ ապրող մեր հայրենակիցներին, տիկին Բախշյանն այսպես արձագանքեց. «Քաղաքապետն ինչպես ասի՝ նրանք էլ այդ գումարը տալու են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասի՝ տվեք փուչիկներին, տալու են, տվեք սահմանամերձին՝ տալու են, քաղաքապետն է ասողը: Այնպես որ, թող չգցեն մասնավոր հատվածի վրա, որ իբր իրենք սրա համար են տալիս: Նրանց ասում են՝ պիտի տաք, մենք էլ պիտի տնօրինենք, ինչն էլ փաստորեն լինում է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Միայն կատարյալ միամիտ մարդը կհավատա, իբր Հայաստանում կան մասնավոր հատվածներ, որոնք ամեն տարի, հենց այնպես, մի քանի տասնյակ միլիոն դրամ եմ նվիրում, որ հանկարծ Աստված չանի, Էրեբունի-Երևան տոնը չխաթարվի: 2015 թ.-ը հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի տարին է, նման պայմաններում տոնելը, մեղմ ասած անբարոյականություն է: Մյուս կողմից քաղաքում կան հազարավոր չլուծված խնդիրներ, որոնք անկախությունից ի վեր արդեն 24 տարի է, քաղաքային ոչ մի իշխանություն չի ցանկանում կամ չի կարող լուծել: Նման պայմաններում ուրեմն ի՞նչ ենք տոնում: Կա՞ քաղաքում առողջ բանականությամբ եւ սրտացավ որեւէ երեւանցի կամ երեւանաբնակ, որին հարցնեին, թե ինչ կնախընտրեիր, ամեն տարի հարյուրավոր միլիոններ մեկ օրում ծախսվեր, որ դու “վայելես” անճաշակ մատուցմամբ, ամեն տարի գրեթե կրկնվող սցենարով միջակ միջոցառումների շարք, թե այդ նույն գումարով ամեն տարի Երեւանի օրվան ընդառաջ քաղաքապետը հայտարարեր քաղաքում կատարված որեւէ գլոբալ մասշտաբի ծրագրի հաջող իրականացման մասին, ու քաղաքացին ընտրեր առաջին տարբերակը: Տոնելու առիթ կունենաք, եթե քաղաքացու՝ քաղաքում տեղաշարժվելու ու ապրելու հիմնախնդիրները լուծված են:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930