Լրահոս
Օրվա լրահոսը

Կայանալու արվեստը. Այստեղ եւ հիմա

Սեպտեմբեր 28,2015 15:30

Սա է հոգեբանական շատ խնդիրների լուծման բանալին

Աշխատանքիս բերումով ես ավելի շատ շփվում եմ այն մարդկանց հետ, որոնք ինչ-որ բանից դժգոհ են, բողոքներ ունեն։ «Ինչո՞ւ եմ ես հայտնվել այս վիճակում, մի՞թե ես սրան էի արժանի»,- այդպիսին է սովորաբար լինում բողոքների իմաստը։ Ինչպե՞ս ես կարող եմ օգնել այդ մարդկանց՝ բացի իրենց բողոքը վերաշարադրելուց։ Այդ հարցին պատասխանելու համար սկզբում վերցնենք ծայրահեղ դեպքերը, որոնք նեղ «սոցիալական» նշանակություն չունեն։

Ենթադրենք (հեռու տնից-տեղից) դուք կորցրել եք մոտիկ մարդու եւ տալիս եք այդ հարցերը։ Բայց դրանից ձեր մտերիմը չի վերադառնա։ Իսկ դուք, հավանաբար, պետք է պատասխանեք բոլորովին այլ երկու հարցերի. 1/ դուք պատրաստվո՞ւմ եք այդ հարվածից հետո ապրել, 2/ կա՞ն ողջ մարդիկ, որոնց դուք բան ունեք տալու։ Ըստ ամենայնի, առողջ մարդկանց մեծամասնությունն այդ հարցին դրական պատասխան կտա։ Դե, ուրեմն, պետք է կենտրոնանալ ոչ թե տխուր անցյալի կամ մշուշոտ ապագայի, այլ ներկայի վրա եւ ինչ-որ բան անել այստեղ եւ հիմա։

Նույնը՝ եթե դուք (դարձյալ՝ Աստված բոլորին առողջություն տա) մահացու հիվանդ եք։ Ես բազմաթիվ ոգեւորիչ պատմություններ եմ կարդացել այն մասին, երբ մարդիկ այդ ծայրահեղ վիճակում «ինչու այդպես եղավ» անիմաստ հարցը տալու փոխարեն օգնել են իրենց վիճակում գտնվող մարդկանց՝ հաղթահարելու հոգեկան եւ ֆիզիկական ցավը։ Ոմանք ուրիշներին օգնելով՝ ապրել են երկար տարիներ։ Բայց եթե նույնիսկ դա տեղի չի ունեցել, միեւնույն է, նրանք անիմաստ չեն անցկացրել Աստծո կողմից իրենց տրված ժամանակը։ Որովհետեւ նրանք կենտրոնացել են ներկա պահի վրա եւ արել են այն, ինչ իրենց վիճակված էր անել։

Բայց այդ երկու դեպքերը՝ խորը վիշտը եւ ֆիզիկական խնդիրները, պետք է դառնան հոգեբանների քննարկման եւ մտահոգության առարկան։ Ցավոք, Հայաստանում նման հոգեբանական խորհրդատվության պահանջարկը մեծ չէ, ուստիեւ մասնագետներն էլ շատ չեն։

Ինձ դիմում են, բնականաբար, «սոցիալական» հարցերով (այս բառը չակերտների մեջ եմ դնում, որովհետեւ նշածս նախորդ խնդիրները, ինչպես եւ ընդհանրապես այն ամենը, ինչը կապված է մարդու հետ, իրականում սոցիալական բնույթ է կրում)։ Եթե հակիրճ ձեւակերպենք բողոքների այս «ենթաբաժինը», ապա դրա իմաստը կարելի է ձեւակերպել այսպես՝ «իմ ակնկալիքներն այս կյանքից չեն իրականացել»։ Մարդը, օրինակ, նախատեսում էր դառնալ բիզնեսմեն, ունենալ վիլլաներ եւ թանկարժեք մեքենաներ կամ այդ ամենն ունեցել է «ռուսաստաններում» կամ կոմունիստների օրոք, բայց հիմա գործազուրկ է կամ աշխատում է սպասարկման ոլորտում, կամ վարորդ է։ Դրա համար, իհարկե, մեղավոր են նրանք, ովքեր այդ վիլլաներն ու մեքենաներն ունեն, որովհետեւ նրանք արժանի չեն դրանց, իսկ ես արժանի եմ։ Հետեւաբար, նրանք այդ ամենն ինձնից խլել են։ «Ոնց որ ինձ ինադու ապրեն». հաճախ եք, չէ՞, լսել այս արտահայտությունը։
Նախ՝ եթե մեծ ցանկություն կա խորանալու այն հարցի մեջ, թե «ինչու եմ ես այս վիճակում», ապա իմաստ կա նաեւ հարցնելու՝ «ես իսկապե՞ս այն հանճարն եմ ու սուրբը, որ պարտադիր պետք է ունենա այդ ամենը»։ Ինչպես գրում էր ավստրիացի հոգեբան Վիկտոր Ֆրանկլը՝ «մարդիկ փորձում են արդարացնել սեփական բնավորության թուլությունը կենսագրության թերություններով»։ Ֆրանկլը, հիշեցնեմ, հոգեբանական օգնություն էր տրամադրում ֆաշիստական համակենտրոնացման ճամբարի կալանավորներին՝ ինքը ճիշտ նույնպիսի կալանավոր լինելով։ Նա ժամանակ չէր ծախսում այն հարցի վրա, թե «ինչու է դա իր հետ պատահել»։

Ես էլ կառաջարկեի անցյալի եւ սեփական չիրականացված երազանքների մեջ չխորանալ եւ դարձյալ՝ անել այն, ինչ մեզ այստեղ եւ հիմա է վիճակված, անել դա հնարավորինս լավ, ժպտալով, երգելով։ Եվ այդ դեպքում չակերտավոր «արհավիրքները», որոնք թափվել են մեր գլխին, կդառնան ընդամենը «ուղեղային մորմոք»։

Այդ «մորմոքի» հիմքում հետեւյալ հոգեբանական, կասեի անգամ՝ փիլիսոփայական սխալն է դրված։ Մենք մեր «ես»-ը նույնականացնում ենք «գործարարի», «լրագրողի», «վարորդի», «զուգարան մաքրողի» հետ։ Մինչդեռ մեր «ես»-ը շատ ավելի մեծ է ու հզոր եւ այն ոչ մի վիլլայով կամ մեքենայով ո՛չ կավելանա, ո՛չ կպակասի։

Մի խոսքով՝ առաջարկում եմ սիրել այն, ինչ մենք անում ենք, իսկ ազատ ժամանակը նվիրել նրան, ինչը մենք շատ ենք սիրում։ Ինձ համար դա երաժշտությունն է։ Բա գիտեք, ես սաղ կյա՞նքս եմ լրագրող աշխըտել։

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Հարազատի մահվան օրինակը՝ ոչ կոռեկտ օրինակ է։ Մահը՝ բացարձակ, անշրջելի երևույթ է։ մահից հետո այլևս ոչինչ փոխել հնարավոր չէ։ Մինչդեռ, հասարակությունը անընդհատ զարգացող, փոփոխվող օրգանիզմ է՝ և չտալ «Ինչո՞ւ եմ ես հայտնվել այս վիճակում, մի՞թե ես սրան էի արժանի» հարցերը, չգտնել նրանց պատասխանները, չանել հետևություններ՝ հասարակությանը դատապարտում է իմոբիլիզմի և նույն սխալները անընդհատ կրկնելու։
    Օրինակ. Ձեզանից խլել են ընտրելու իրավունքը։ (Ավելի ճիշտ՝ այդպիսի իրավունք երբեք չեք ունեցել)։ Եթե ամեն կեղծված ընտրությունից հետո քեզ չես հարցնում.«Ինչո՞ւ եմ ես հայտնվել այս վիճակում, մի՞թե ես սրան էի արժանի» և շարունակում ես ապրել այս օրով՝ պրոցեսը կկրնվի անվերջ։
    Այլ կերպ ասա, ՝բարեկամի մահը անալիզ չի պահանջում, դրան պետք է համակերպվել և շարունակել ապրել, մինչդեռ հասարակական և անձնական կյանքի բոլոր երևութները՝ անալիզ պահանջում են, այլապես, ցիկլիկ անհաջողությունների շղթայից՝ դուրս չեք գա։ Դա, իհարկե, ցանկալի է անել հոգեբանի հետ… մարդկանց ճնշող մեծամասնությունը՝ չի հասկանում ինքը ինչ է տեսնում։ Ցավոք սրտի, ձեր և ձեր ընթերցողների համար, դուք ևս մտնում եք այդ մեծամասնության մեջ… Մարդիկ ըստ էության՝ ձեզ դիմում են հոգեբանական օգնություն ստանալու համար, առանց հասկանալու, որ դուք ինքներդ՝ օգնության կարիք ունեք։
    Մեռնող կամ մահվան դատապարտվածի ուրիշներին օգնելու օրինակը ևս հաջող չէ։ Բայց չեմ ասի թե ինչու։ Ինքներդ գտեք։ Ուշադրություն դարձրեք՝ «ինչպես է ազդում մոտալուտ մահվան գիտակցությունը՝ մարդու հոգեբանության վրա?» հարցին։
    ՊԱՏԱՍԽԱՆԵՔ 2 ՀԱՐՑԻ։
    ՓՈԽՎԵԼ Է ԱՐԴՅՈՔ ՀՈՄՈ-ՍԱՊԻԵՆՍ ՏԵՍԱԿԻ «ԵՍԸ» ՎԵՐՋԻՆ 25000 ՏԱՐՈՒՄ?
    ՒՍԿ «ԵՍԻ» ԸՆԿԱԼՈԻՄԸ?

  2. Տիգրան Ա. says:

    ԻՆչքան շատ եք նույն հարցերին անդրադառնում, Ձեր անձնական խնդիրն ա հա? նաև:
    Երևի ինչ որ բան այս մասով Ձեզ ել հանգիստ չի տալիս?:
    Նույն բանը հազար անգա գրում եք:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930