Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սահմանադրական բարեփոխումների եւ Արցախի խնդրի կապը

Սեպտեմբեր 28,2015 15:00

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը` ՀՀ ՊՆ-ի որդեգրած արտաքին քաղաքական գերատեսչության ֆունկցիայի եւ ԱԳՆ-ի շարունակվող լացակումած աղերսների մասին:

– Մենք դեռեւս շարունակում ենք օգտագործել «սահմանային լարվածություն» դարձվածքը, բայց լարվածությունն արդեն շատ սահուն վերածվել է պատերազմի` ամեն օր կրակոցներ, զոհեր, վիրավորներ: Փաստացի պատերազմական իրավիճակում ենք, համամիտ չե՞ք, մանավանդ որ Ադրբեջանը էականորեն վերանայել է օգտագործվող զենքի ցանկը:

– Սահմանային բախումներն, իսկապես, որակական եւ բովանդակային փոփոխության են ենթարկվել, մի կողմից՝ թշնամին ավելի մեծ տրամաչափի զինատեսակներ է սկսել կիրառել, մյուս կողմից էլ՝ հակառակորդը ձգտում է թեժ պահել իրավիճակը հատկապես Հայաստանի հետ ունեցած սահմանի հյուսիսային հատվածում: Այսինքն՝ փորձ է արվում ընդգծել, որ հակամարտության կողմերն են Հայաստանն ու Ադրբեջանը: Ադրբեջանական կողմը նաեւ ջանում է բոլորին ցույց տալ, որ պատերազմն ավարտված չէ, ու թեեւ կա անժամկետ զինադադարի հաստատման վերաբերյալ եռակողմ՝ Ադրբեջան-Արցախ-Հայաստան համաձայնագիրը, պաշտոնական Բաքուն պատրաստ է ցանկացած պահի անցնել լայնածավալ պատերազմական գործողությունների: Ադրբեջանական կողմի այսօրինակ պահվածքի համար հիմք է ծառայում նաեւ հակամարտության կարգավորման հարցում ՀՀ իշխանությունների իրավաքաղաքական մոտեցումների եւ դրանցից բխող դիվանագիտական քայլերի կիսատ-պռատությունը: Մենք ինքներս էլ պետք է մշտապես հիշենք, որ պատերազմն ավարտված չէ:

– Ադրբեջանը սկսել է ինտենսիվորեն գնդակոծել հայկական գյուղերը: Նախօրեին նույնիսկ երեք խաղաղ բնակիչ զոհվեց, երկուսը վիրավորվեցին: Դատելով պաշտոնական արձագանքներից, հայկական կողմը սա եւս կապում է Նյու Յորքում ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման փաստով: Բայց արդեն մի փոքր ծիծաղելի չի՞ դառնում նման կապը, քանզի մեկ տարի շարունակ Ադրբեջանը նաեւ հայկական բնակավայրերի ուղղությամբ տարբեր ոտնձգություններ է անում:

– Հատկապես ՀՀ սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունները բացի վերը նշված՝ Հայաստանը որպես պատերազմող կողմ ներկայացնելու նպատակից, նաեւ հատկապես Ռուսաստանի հետ վարվող քաղաքական խաղի որոշակի դրսեւորում կարելի է համարել: Բանն այն է, որ վերջինս, լինելով ՀՀ ռազմավարական դաշնակիցը, պետք է որ այս կամ այն կերպ արձագանքի Ադրբեջանի այսօրինակ գործողություններին՝ անկախ այն բանից, որ միաժամանակ հանդիսանում է նաեւ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Կարելի է ասել, որ շնորհիվ հատկապես ՀՀ սահմանների հանդեպ կատարվող ոտնձգությունների՝ Ադրբեջանը առանձնակի դերակատարում է արտոնում Ռուսաստանի համար: Հնարավոր է, որ այս կերպ փորձ է արվում դրդել ՀՀ իշխանություններին օգնություն աղերսել Մոսկվայից, որը ներկա պայմաններում կարող է դրսեւորվել խաղաղապահներ ուղարկելու ձեւով: Առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում այս կարգի ճնշումները սաստկանալու միտում կունենան, եւ մենք պետք է կարողանանք դրանց դիմակայել թե՛ ռազմի դաշտում, թե՛ դիվանագիտական ճակատում: Ցավոք, այնպես է ստացվել, որ դիվանագիտական ճակատում թույլ տրված բացթողումները ժամանակի ընթացքում հանգեցրել են ռազմաճակատում իրավիճակի սրացումների սաստկացման:

– «Հայաստանի Հանրապետության հետ սահմանամերձ ադրբեջանական ազգաբնակչությանը կոչ ենք անում այսուհետ խուսափել սեփական զինված ուժերի համար վահան հանդիսանալուց: Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու եւ ադրբեջանական զինված ուժերին զսպելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են համարժեք գործողությունների, ինչի հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասված էր ՀՀ ՊՆ-ի տարածած հայտարարության մեջ, ու երեկ արդեն խոսակցություններ կային, որ ի պատասխան Ադրբեջանի կողմից ՀՀ Տավուշի մարզի հայկական գյուղերի գնդակոծության՝ հայկական կողմը ոչնչացրել է Պառավաքարի դիմաց գտնվող ադրբեջանական հենակետը` առնվազն 5 ադրբեջանցի զինծառայողներով։ Եվս 5 զինվոր տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել: Այս առճակատումներն ո՞ւր են տանում:

– Այս առճակատումներն առայժմ ոչ մի տեղ չեն տանում՝ դրանք քարոզչա-քաղաքական ենթատեքստ ունեն: Այլ հարց է, որ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը նաեւ արտգործնախարարության գործառույթներն է սկսել իրականացնել եւ հանդես է գալիս ԱԳՆ-ին վայել հայտարարություններով: Սա նորմալ բան չէ եւ խոսում է այն մասին, որ մեր դիվանագիտական ճակատը տապալված է:

– «Հասունացել է ժամանակը համարժեք գնահատական տալու եւ կարգի հրավիրելու առաջին հերթին սեփական ժողովրդի ապագան վտանգող Ադրբեջանի ղեկավարությանը»,- մինչ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հայտարարել էր ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Հանդիպման ընթացքում, դատելով պաշտոնական հաղորդագրությունից, Էդվարդ Նալբանդյանը համանախագահներին կրկին բողոքել է Ադրբեջանից: Արդեն տարիներ ձգվող այս անպտուղ գործընթացն ի վերջո շրջադարձ կարձանագրի՞:

– Միեւնույն անբովանդակ հռետորաբանությունն է կիրառվում՝ հորդորներն ու լացակումած բողոքները իրական կապ չունեն ոչ քաղաքականության, ոչ էլ ինքնիշխան պետության դիվանագիտության հետ: Հայկական կողմը պետք է հանդես գա սեփական առաջարկներով, նաեւ լավ հաշվարկված միակողմանի քայլեր են անհրաժեշտ՝ քաղաքական, դիվանագիտական նախաձեռնությանը լիարժեք տիրապետելու համար: Այդ հնարավորությունը գոյություն ունի, սակայն այդ ամենը մեր ներկայիս գործող դեմքերի անելիքը չէ:

– Արդեն կես տարի շարունակ ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես արձանագրում է, որ թուրքական արտադրության տարբեր զինատեսակներ են օգտագործում: Միաժամանակ, քաղաքական եւ տնտեսական ասպարեզներում ռուս-թուրքական մերձեցումներ են նկատվում` առաջին դեմքերի փոխայցելություններ, պայմանավորվածություններ: Եթե նկատի առնենք նաեւ տարածաշրջանային ընդհանուր լարվածության խորացումը` ինչի՞ց պետք է զգուշանանք:

– Ադրբեջանը զենք է ստանում Ռուսաստանից, Թուրքիայից, հավանաբար նաեւ Իսրայելից եւ այլ երկրներից: Չեմ կարծում, որ հենց վերջին կես տարվա ընթացքում է Թուրքիան սկսել այդ զենքի մատակարարումներն Ադրբեջանին, ու նաեւ չի բացառվում, որ այդ թուրքական զենքը նախկինում էլ է կիրառվել, բայց մինչ այժմ, չգիտես ինչու, դրա վրա հատուկ ուշադրություն չի դարձվել: Երեւի թե ճիշտ կլինի հարց տանք ինքներս մեզ, թե ո՞ւմ է պետք հենց այս պահին սրել մեր հասարակության մեջ դեռեւս առկա հակաթուրքական տրամադրություններն ու վախերը: Ո՞ւմ է պետք այսօր մեզ Թուրքիայով վախեցնել: Երբ այս կարգի սպառնալիքը մեջտեղ է բերվում, ապա, տրամաբանորեն, շուտով պետք է շրջանառության մեջ դրվի նաեւ մեզ այդ սպառնալիքից ազատող հերոսի անունը՝ կխոսվի՞ այն մասին, թե ո՞վ է մեզ թուրքական սպառնալիքից մշտապես փրկել:

– Մեր նախորդ հարցազրույցում, որը վերաբերում էր սահմանադրական բարեփոխումներին, Դուք ասացիք, որ նկարագրված խորհրդարանական կառավարման համակարգը ներմուծելով՝ որոշումներ կայացնելու պատասխանատվությունից խուսափելու միտում եք տեսնում: Այժմ արդեն առավել հստակ ուրվագծվո՞ւմ է սահմանադրական բարեփոխումների եւ Արցախի հարցի հնարավոր լուծման կապը:

– Փոփոխված Սահմանադրությունն, իմ կարծիքով, ըստ էության կդադարեցնի ՀՀ սուբյեկտությունը հատկապես Արցախի հարցի կարգավորման համատեքստում եւ հնարավորություն կընձեռի արտաքին ուժերին Հայաստանի տարածքում եւ ՀՀ ներքին ռեսուրսների կիրառմամբ հաշիվ մաքրել միմյանց հետ:

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
26.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930