Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ համահայկական մշակութային փառատոնի  փակումը և ամփոփիչ շքահամերգը

Սեպտեմբեր 28,2015 13:27

Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի շքահամերգը, որով էլ փակվեց Համահայկական մշակութային փառատոնը:

Միջոցառման սկզբում ներկաները դիտեցին փառատոնի ընթացքի մասին պատմող տեսանյութ, որից հետո համերգային ծրագիրը բացեց Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքի «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» երգչախումբը՝ կոմիտասյան «Գութաներգ»-ով:

Կոմիտասյան մշակումների եւ հայ երգարվեստի այլ ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան Վրաստանի «Աղբյուր» և «Ներսես Շնորհալի», Ռուսաստանի «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» և «Զանգեր», Հորդանանի «Երևան», Հայաստանի «Ովսաննա» երգչախմբերը, Հորդանանի ազգային նվագարանների նվագախումբը, ինչպես նաև անհատ կատարողներ Սոնա Տալյանը՝ Գերմանիայից, Տամարա Բեզլյուդովան՝ Էստոնիայից, Շողիկ Թորոսյանը՝ Լիբանանից, Սոսե Գրիգորյանը՝ Իսրայելից, Կարինե Հելման-Գևորգյանը՝ Շվեդիայից, Հակոբ Քոլանյանը՝ Հունաստանից, Հակոբ Բաբայանը՝ Արցախից, Տաթևիկ Գևորգյանը՝ Հայաստանից:

Շվեդուհի Վիլունդ Անն-Քրիստինեն կատարեց «Լուսնյակ գիշեր»-ը, Գերմանիայի Համբուրգ քաղաքից ազգությամբ թրքուհի Լեման Շթեյնը՝ «Տեր ողորմեա»-ն, իսկ ճապոնուհի տավղահարուհի Ուլալա Ինոուեն և ջութակահար Կարեն Իսրայելյանը հանդես եկան «Կռունկ», «Գարուն ա» և «Ալ այլուխս» ստեղծագործությունների կատարումներով:

4

ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Մայիլյանը և «Մայիլյան» վոկալ անսամբլը հանդիսատեսին ներկայացան կոմիտասյան երգերի շարանով:

Այնուհետև ցուցադրվեց Կոմիտասի լուսանկարներով Վարդապետի կյանքի մասին պատմող ֆիլմ և հնչեց նրա ձայնը:

Փառատոնի փակման եզրափակիչ ելույթը վերապահված էր Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբին: Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՍՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Հովհաննես Չեքիջյանի խմբագրությամբ հնչեցին կոմիտասյան երգերի անզուգական կատարումներ:

Հանդիսավոր փակմանը ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը մասնակիցներին փոխանցեց նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը: Նա շնորհակալություն հայտնեց մաեստրո Հովհաննես Չեքիջյանին՝ փառատոնը իր մասնակցությամբ պատվելու համար:

Փոխնախարարը հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ վաստակավոր արտիստներ երգչուհի Աննա Մայիլյանին և հաղորդավար Սարգիս Նաջարյանին:

«Փառատոնի ընթացքում Կոմիտասի ստեղծագործությունները կատարեցին ոչ միայն աշխարհի 4 ծայրերից Հայրենիք ժամանած մեր հայրենակիցները, այլև օտարազգիներ: Մենք հնարավորություն ունեցանք կոմիտասյան մեղեդիները ունկնդրել շվեդուհի Վիլունդ Անն-Քրիստինեի մեկնաբանությամբ, իսկ Ճապոնիայի դստեր՝ Ուլալա Ինոուեի կատարմամբ ևս մեկ անգամ հավաստիացանք, որ Կոմիտասը համամարդկային արժեք է: Շնորհակալ ենք թրքուհի Լեման Շթեյնին», – նշեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալը:

Հորդանանի ազգային նվագարանների նվագախումբը գեղարվեստական ղեկավար Մուհամեդ Օթման Սիդիքի գլխավորությամբ պարգեւատրվեց ՀՀ ՍՆ շնորհակալագրերով՝ Կոմիտասի ստեղծագործությունները լավագույնս ներկայացնելու համար:

Շնորհակալագրեր հանձնվեցին նաեւ նվագակցողներ Անուշ Բալասանյանին, Տաթևիկ Եսայանցին, Լևոն Մարտիրոսյանին և Վարդգես Դադայանին:

Ս.Սրապիոնյանը փառատոնի մասնակցության հավաստագրեր հանձնեց բոլոր երգչախմբերին և անհատ կատարողներին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930