Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն բացարձակ հանցագործ է, Մինսկի խումբը՝ դամ պահող». Աշոտ Մանուչարյան

Սեպտեմբեր 28,2015 12:08

«Հայ-ադրբեջանական շփման գծում ստեղծված լարվածության գործում Ռուսաստանին գտնում եմ բացարձակ հանցագործ»,- այսօր «Հայելի» ակումբում այսպիսի հայտարարություն արեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Նրա խոսքերով՝ «Մենք մինչեւ այս պահը ԽՍՀՄ-ի իրավահաջորդ ենք: Ռուսաստանը նրա իրավահաջորդն է եւ ունի պարտավորություններ, որը չի արել»:

Ըստ նրա՝ այս պահին ՌԴ-ն շահ չունի լարվածությունը մեծացնելու հայ-ադրբեջանական շփման գծում: Մեր հարցին՝ երբ Արեւմուտքի ազդեցությունը Հայաստանի վրա մեծանում է, եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը բանակցային գործընթացը կարգավորելու ջանքեր է գործադրում, ՌԴ-ն ինչպե՞ս կարող է շահ չունենալ լարվածությունը մեծացնելու եւ դրանով ցույց տալու իր ազդեցությունը  տարածաշրջանի վրա, Աշոտ Մանուչարյանը պատասխանեց. «ՌԴ-ն այս պահին գտնվում է երկու պատերազմների մեջ՝ Ուկրաինայի եւ Սիրիայի, երրրոդ պատերազմը շալակի՝ պարզապես կխեղդվի: Նա չէր ուզենա այս պահին այստեղ լարվածություն լիներ, կուզենար լուծեր իր երկու խնդիրները: ՌԴ-ն դեռ այն պետությունը չի, որ մոլորակի մի քանի կետում սպասարկի լարումը: Դա չի նշանակում, որ ՌԴ-ին լարվածությունը ձեռնտու չի:  Նա ամեն վայրկյան փորձում է օգտվել կոնֆլիկտից՝ պարզ է: Եթե կարողանա, պարտադիր կաշխատի զորք մտցնել տարածաշրջան»:

Ինչ վերաբերում է Միսնկի խմբին, Աշոտ Մանուչարյանի խոսքերով՝ «Մինսկի խումբն էլ դամ պահող է, տեսե՞լ եք ինչ-որ հարց լուծի Մինսկի խումբը: Դա ստեղծված է, որ գերտերությունները համաձայնեցնեն իրենց շահերը, այդքան բան»:

Մեր դիտարկմանը, թե ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանը վստահեցնում է, որ մեղադրանքները՝ ուղղված ՀԱՊԿ-ին, որ չի միջամտում, երբ Ադրբեջանը ագրեսիա է դրսեւորում, ճիշտ չէ, քանի որ Հայաստանը երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին, երբ դիմի, անկասկած իրենք կմիջամտեն, պարոն Մանուչարյանը պատասխանեց.  «Նա միանգամայն ճիշտ է, որովհետեւ Հայաստանը նախ պիտի թույլտվություն հարցնի ՀԱՊԿից՝ կարո՞ղ է իրեն դիմել, որ դիմի: Ընդհանրապես եկեք Հայաստանը չնույնացնենք որոշակի խմբակի հետ: Մի 5 տարի առաջ ՌԴ դեսպանը քննադատեց Սերժ Սարգսյանին: Ես ստիպված եղա ասել, որ Սերժ Սարգսյանին հայ ժողովուրդը չի ընդունել: Երբ Մարտի 1-ին մեր այն պահի ղեկավարությունը թույլտվություն ստացավ եւ գնդակահարեց ժողովրդին, այդ պահից հետո հաստատվեց մեկ մարդ, որին դո՛ւք էիք ուզում հաստատել: Հիմա նրա հետ ձեր հարցերը լուծեք, ժողովրդի հետ կապ չունեք: Եթե ուզում եք ժողովրդի հետ խոսել, գտեք ձեւեր՝ ժողովրդի հետ խոսելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930