Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Ուլուբաբյան.«Թումանյանը լինելով պայծառատես, հեռազգաց վկայում էր մարդու եւ բնության գաղտնի ուժերի մասին»

Սեպտեմբեր 28,2015 14:00

Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակագիր Հրայր Ուլուբաբյանը բարձրացրել է իր իսկ ձեւակերպմամբ նոր՝ «Կուլտուրայի հեղափոխության» գաղափարի մասին: Նրա գրառումներից մեկում կար այսպիսի միտք. Անհրաժեշտ է գիտակցել, որ բազմաթիվ աղանդներից, գլոբալացման ծրագրերից, մասոնականությունից փրկվելու համար մենք պետք է եւ պարտավոր ենք կանգնել ինքնամաքրման ճանապարհին: «Կան մտավորականներ, ովքեր ասում են՝ դրսի ուժերը մեզ քայքայում են, մեզ կործանման են տանում: Ոչ, եթե ներսից կարգավորվենք, դրսի ոչ մի քամի, ոչ մի հոսանք, ոչ մի ուժ չեն կարող մեզ բեկել, շեղել մեր ճանապարհից: Եթե ինքներս ճիշտ ճանապարհի վրա լինենք, ավելի շատ խոսենք մեծ Կուլտուրայի երկրի կառուցման, մեր ներքին խնդիրների լուծման մասին, մեր ներքին ցավերից եւ այդ ցավերը մեղմելու, դարմանելու, ճար ու հնարի մասին»,-գրել էր նա:

Ինչո՞ւ «Կուլտուրայի երկիր» եւ ոչ՝ «Մշակույթի երկիր» հարցադրումից էլ սկսվեց իմ զրույցը ճանաչված հրապարակագրի հետ:

Ըստ Հրայր Ուլուբաբյանի «Կուլտուրա» բառը բաղկացած է երկու արմատից՝ «կուլտ» եւ «ուր»: «Կուլտ» լատիներեն բառ է, նշանակում է` պաշտամունք, իսկ «ուր»-ը սանսկրիտերեն է, նշանակում է՝ լույս, այսինքն՝ լույսի պաշտամունք: «Մշակույթ» բառն այնքան էլ չի ընդգրկում այդ իմաստը: Բառի ընտրության հարցում եւ Հ. Թումանյանը, եւ Գ. Նժդեհը, որ այնքան բծախնդիր էին, հաճախ օգտագործել են «կուլտուրա» բառը՝ «մշակույթ» բառին զուգահեռ: Ասում են՝ կուլտուրական մարդ, իսկ մշակութային մարդ՝ ոչ: Այդ իմաստով՝ «կուլտուրան» ավելի ընդգրկուն հասկացություն է, ավելի բնութագրական: «Մեր ուխտը» բանաստեղծության մեջ Հ. Թումանյանն ասում է. «Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս»: «Լույսը» մեր ժողովրդի մեջ շատ հարգված ու հաճախ օգտագործվող բառ է՝ բարի լույս, աչքդ լույս, լույսը քեզ տեսնողին եւ այլն: Հասարակության զարգացման գործում գլխավոր գործոն է կուլտուրան, որը նշանակում է կյանքի լավացում եւ բարոյականության բարձրացում: Դա իր հերթին նշանակում է` ձգտում դեպի Կատարյալը, դեպի Աստված, դեպի այն անսահմանությունը, որ պատկերացնում ենք Աստված ասելիս»:

-Ամենուր հնչում է այն միտքը, թե մարդն օտարվել է բնությունից, բնականից, հոգեւոր արմատներից: Կիսո՞ւմ եք մեր փխրուն աշխարհի վերաբերյալ նման մոտեցումները:

– Մարդկությունն իրոք փակուղի է մտել: Դեռեւս 20-րդ դարի կեսերից՝ «Հռոմի ակումբից» սկսած արդեն բարձրաձայնում է, թե քաղաքակրթությունը փակուղի է մտել, գիտատեխնիկական զարգացումը չնայած նկատելի է, բայց կա զուգահեռ էկոլոգիական աղետ, բարոյահոգեբանական անկում: Գիտակից մարդիկ այդ մասին բարձրաձայնում են: Եթե որոշ գիտնականներ, մտավորականներ Արեւմուտքի հետ դեռ հույսեր են կապում, Արեւմուտքի վերաբերյալ 20-րդ դարի սկզբներին լույս տեսած «Եվրոպայի մայրամուտը» գրքում ակնարկվեց, որ Արեւմուտքը կործանման է տանում մարդկությանը, Երկիր մոլորակը վտանգված է: Վիճակից դուրս գալու ելքը խելոք մարդիկ տեսնում էին Արեւելքում: Յունգը հոգեբանության բնագավառում իր մի շարք մեկնաբանություններում, մասնավորապես, «Մահացածների տիբեթյան գրքում» այնպիսի մտքեր էր արտահայտում, որոնք խիստ արդիական էին, իսկ Արեւմուտքը դեռ պատրաստ չէր դրանք ընկալելու:

-Հայ գրական-քաղաքական մտածողության մեջ Արեւելքից եկող լույսի մասին էլ կային ակնարկներ:

-Մեր ազգի մեծերը, մանավանդ, 20-րդ դարի սկզբի գիտեին եւ գրել են այդ մասին, որ Արեւելքից է գալու լույսը: 1875թ.-ին Ելենա Պետրովնա Բլավատսկայան Նյու Յորքում ստեղծել է «Թեոսոֆիական ընկերություն»՝ Արեւելքի ուսուցիչների խորհրդով: Նրա գործունեությունը մեծ ազդեցություն է թողել: Նրա ընկերության կանոնադրության երեք հիմնական խնդիրներն էին՝ համամարդկային եղբայրության գաղափարի իրականացում, կրոնների փիլիսոփայությունների՝ էզոթերիկ գիտությունների, մարդու եւ բնության գաղտնի ուժերի ուսումնասիրություն: Այդ ընկերության գաղափարները հասել էին նաեւ Թիֆլիս: Թումանյանն իր «Վերնատնով» ուսումնասիրում էր այդ երեւույթները, այդ ընկերության գաղափարները:

Այդ ժամանակից սկսած աշխարհով սկսվում է թեոսոֆիական շարժում: Աշխարհի տարբեր երկրների տարբեր ոլորտների մարդիկ՝ երաժիշտներ, գրողներ, նկարիչներ, գյուտարարներ դառնում են հետեւորդներ: Մեր մեծերից Թումանյանը լինելով պայծառատես, հեռազգաց վկայում էր, հաճախ խոսում մարդու եւ բնության գաղտնի ուժերի մասին: Բլավատսկայայի «Գաղտնի վարդապետություն» ուսմունքը ներկայացնում էր գիտության, կրոնի եւ փիլիսոփայության համադրություն: Այս ուսմունքի հետեւորդները հանդես էին գալիս կեղծ ուղղությունների, նյութապաշտական գիտության դեմ: Նյութապաշտական գիտությունը փակուղու մեջ էր հայտնվել, ասելով, թե տիեզերքի ամենափոքր մասնիկը ատոմն է, ֆիզիկան իր գործը համարել էր ավարտված, մնում էր վերջին կետադրությունն անել: Բլավատսկայան հանդես է գալիս ասելով, թե՝ մինչեւ 10-ը տարին դուք ատոմի փոքր մասնիկ եք հայտնաբերելու, ատոմն էլ տրոհվելու է: Իսկ մեր փիլիսոփայությունն էլ հիմնված է այն գաղափարի վրա, որ ատոմն անսահման տրոհելի է: Նա տալիս էր ճշմարիտ գիտելիքներ: Նրա գրածները հաստատվում են մինչ օրս:

– Ճգնաժամը բոլոր ոլորտներում է: Ինչպես են արձագանքում մտավորականները:

– Հայաստանում անկախացումից՝ սովետի փլուզումից հետո գրականագետ Սերգեյ Սարինյանը, կրթության նախկին նախարար Էդուարդ Ղազարյանը, էլի ուրիշներ, գտնում էին, որ այս ճգնաժամը միայն մեզ մոտ չի: Մարդկությունը փակուղի է մտել: Իմացության երեք հիմնական ուղիները՝ կրոն, փիլիսոփայություն, գիտություն, փակուղի են մտել: Դժվար է հույս ունենալ, որ գիտության, կրոնի, փիլիսոփայության բնագավառից որեւէ մեկը վեր կկենա, կասի՝ սա է ճանապարհը: Փիլիսոփայության ինստիտուտի տնօրեն Գեւորգ Պողոսյանը մի գիտաժողովում հանդես էր եկել ասելով. «Մարքսիզմ-լենինիզմից հրաժարվելուց հետո ուրիշ մեթոդաբանություն չունենք»: Հայտնի է, որ այդպիսի խորը ճգնաժամերի ժամանակ հայտնվում է մի նոր Ուսուցիչ, նոր ուսմունք: Հիմա ուսմունքը տրված է:

Բհագավադգիտայում մի շատ հետաքրքիր միտք կա. «Ամեն անգամ, երբ թուլանում է օրենքը, եւ անօրենությունն է իշխում, ես ինքս ինձ ստեղծում եմ Բհարատա, արդարների փրկության համար, չարագործների կործանելու համար, օրենքը հաստատելու համար:

Օրենքը հաստատելու համար ես ծնվում եմ դարեդար»: Վերջապես, պարբերաբար Ուսուցիչների հայտնվելը հայտնի երեւույթ է: Դրա մասին նույնիսկ Թումանյանն ունի թարգմանած Խաքանիի քառյակը. «Ասում են՝ թե հազար տարին մի անգամ, մի փրկիչ է աշխարհ գալիս- մի պատգամ…»: Այդ մասին ժամանակին հայտնի էր Նժդեհին. «Մեծ մարդը-դա սպասվելիք օգնությունն է, մխիթարությունը: Մեսիան, որ ժամանակների մայրը երբեմն-երբեմն աշխարհ կուղարկի այս կամ այն ժողովրդի եւ, մարդկության համար» եւ այդ հայտնի երեւույթը մենք պետք է հաշվի առնենք: Նոր ուսուցիչը հայտնվել է եւ նոր ուսմունք է տվել, որը գալիս է համադրելու նախկինում տրված կրոնները, փիլիսոփայությունը, գիտությունը եւ մարդկությանը ճիշտ ճանապարհ ցույց տալու համար: Նախ մարդուն պիտի ուսումնասիրել, մարդու մեջ թաքնված ուժերը, որոնց մասին Թումանյանն էլ է ասում: Նժդեհն էլ է ասել. «Մարդն էն չի, ինչ- որ տեսնում եք, մարդու մեջ թաքնված ուժեր կան»: Ո՞վ է ուսումնասիրում մեր նշած իմացության երեք ուղիները, որոնք փակուղի են մտել: Այսօրվա գրականագիտությունը, հոգեբանները չեն ուսումնասիրում նման բաներ: Գուցե առանձին բացառություններ կան, բայց ես չեմ տեսել, որ այդ երեւույթները հասկանան ու այդ մասին գրեին:

Իմ կարծիքով, այս վիճակը կշարունակվի, քանի դեռ կանտեսվի թեոսոֆիայի եւ ագնի յոգայի փիլիսոփայությունը: Փիլիսոփայության բացակայության պատճառով ճգնաժամի մեջ է գրականագետը, հոգեբանը, կենսաբանը, բոլորը: Եվ եթե Նժդեհի խոսքը հաշվի առնենք՝ «Այդ սերունդը չնչին բացառութեամբ, ցայսօր էլ չունի կեանքի յստակ փիլիսոփայութիւն, փիլիսոփայական կուռ աշխարհայեցողութիւն, ու այդ իսկ պատճառով մեր հոգեւոր կեանքը շարունակում է մնալ քաոսային», որի պատճառով ստեղծվել է այս հոգեւոր քաոսային վիճակը: Որ մեկի հետ խոսում եմ, հարցնում, ունե՞ք այդ փիլիսոփայությունն, ասում են՝ չէ: Ես ունեմ: 25 տարի հրապարակում եմ այդ մասին: Հոդվածներով հանդես եմ եկել Անկախության, Շարժման տարիներից սկսած: Ես քննադատում էի եւ ցույց տալիս իմ պատկերացրած այդ Արեւելք-Արեւմուտք համադրության հիման վրա մշակածս: Իսկ ինչպես Նժդեհն է ասում. «Վաղվա Առաջնորդն իր հոգեւոր սնունդը կառնի նախ իր Ցեղի, ապա՝ Արեւելքի հոգու աղբյուրներից»: Հիմա 36 տարի այդ Արեւելքի հոգու աղբյուրները բացել եմ, ուսումնասիրում եմ, համոզվել եմ, որ բոլորն էլ Արեւելքից են օգտվել, արմատներից չեմ կտրվել, իսկ երկուսի՝ Թումանյանի եւ Նժդեհի անունն եմ հաճախ նշում, որովհետեւ իմ ուսումնասիրությունների արդյունքում համոզվել եմ, որ նրանք իրենց ողջ գիտակցական կյանքը նվիրել են ազգի փրկության գործին: Այսինքն, փրկություն են փնտրել:

-Այս իրականության մեջ Արեւմուտքին ավելի ենք «հիշում»: Ինչո՞ւ:

-Այո, սա այն դեպքում, երբ Նժդեհն ասում է. «Ես նրան՝ ժողովրդին պետք եմ նրա ծանր պայքարում հանուն իր էթնիկական ինքնատիպության, ընդդեմ Արեւմուտքի դիմազրկող միջավայրի»: Ամբողջ մի հարյուր տարի է, երեւի, որ արտասահմանում ուսումնասիրում են ֆենոմենալ երեւույթներ. պայծառատեսություն, հեռազգացություն, մտքով առարկաներ տեղաշարժելու… աշխարհը մեր աչքի առաջ փոխվում է, մարդու նոր տեսակ է ձեւավորվում: Ուսումնասիրող չկա, մեր մոտ գիտնական չկա: Երեխաներ են ծնվում, որ տեսնում են բաներ, որոնք սովորական մարդիկ չեն տեսնում: Էյնշտեյնը մի խոսք ուներ. «Մեր այս նյութապաշտական դարում լուրջ գիտնականներ կարող են լինել խորապես համոզված կրոնավորներ»: Դեռ շարունակվում են դասագրքեր գրվել կեղծ գիտելիքների հիման վրա: Օրինակ, Ա. Նալչաջյանը գրել է. «Միտքը, մտապատկերը նյութական չէ, որեւէ մեկը չի կարող շոշափել»: Հետաքրքիր է, նա կարողանո՞ւմ է էլեկտրոնը, ատոմը շոշափի, համոզվելու համար, թե դրանք կան:

Հարցազրույցը՝
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
26.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930