Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը շախմատի ակումբային թիմ չունի

Սեպտեմբեր 28,2015 12:30

Հոկտեմբերի 18-ից 24-ը Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում կայանալու է շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունը, որի գլխավոր մրցավարը Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանն է:

Տղամարդկանց մրցաշարին մասնակցելու հայտ այսօրվա դրությամբ ներկայացրել է 47 թիմ, կանանց՝ 14, որոնց կազմերում հանդես են գալիս, համապատասխանաբար, 100 եւ 31 գրոսմայստերներ: Ցավոք, Հայաստանը, որ շախմատային երկրի համբավ ունի ամբողջ աշխարհում, օրինակ է բազմաթիվ երկրների համար եւ գրոսմայստերների պակաս էլ կարծես չի զգացվում, չի մասնակցելու ոչ տղամարդկանց, ոչ կանանց առաջնություններին, քանի որ… թիմեր չունի:

«Միկա» շախմատային ակումբը այլեւս չկա ու ոչ ոք մոտ չի գալիս: Մինչդեռ, շուրջ ինը տարի «Միկան» տղամարդկանց եւ կանանց գերհզոր թիմեր էր հայտավորում: Մեր աղջիկների թիմը մեկ անգամ նվաճել է Եվրոպայի ակումբային առաջնության արծաթե, երեք անգամ՝ բրոնզե մեդալակրի տիտղոսները, իսկ տղաները մեկ անգամ դարձել են երրորդ մրցանակակիր: Բայց այս ամենն արդեն անցյալում է, սոսկ՝ հիշողություն: «Առավոտը» այս խնդրին վերջերս անդրադարձել է: Այն ժամանակ Աշոտ Վարդապետյանը մեր հետ զրույցում ասել էր, որ չնայած Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հայտերի ներկայացման ժամկետները վաղուց անցել են, սակայն եթե հրաշքով թիմեր ստեղծվեն, Հայաստանի հեղինակությունն այնքան բարձր է շախմատային աշխարհում, որ գուցե հնարավոր կլինի մեր պարագայում բացառություն անել: Սակայն ահազանգն այդպես էլ անարձագանք մնաց: Հիմա մի բան հաստատ է. մենք Եվրոպայի այս տարվա ակումբային առաջնությանը չենք մասնակցում:

Այդուհանդերձ, ապագայի համար մեկ անգամ եւս դիմում ենք մեր մեծահարուստ անհատներին եւ հիմնարկ-ձեռնարկություններին, որոնց համար շախմատային ակումբ ֆինանսավորել-պահելը ֆինանսական առանձնապես ծանր բեռ չէ: Ամենեւին էլ կարիք չկա, որպեսզի հրավիրվեն առաջին մեծության գրոսմայստերներ, որովհետեւ դա, իսկապես, մեծ ծախսերի հետ է կապված: Մանավանդ, որ Հայաստանում, փառք Աստծո, քիչ չեն շնորհալի երիտասարդ ու տաղանդավոր շախմատիստները, որոնց մի զգալի մասը միջազգային մրցաշարերում հանդես գալու հնարավորություն միշտ չէ, որ ունենում է, բայց տարբեր տարիքային խմբերի աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, միջազգային մրցաշարերի մասնակցելու առիթ ստեղծվելու դեպքում որպես կանոն պարբերաբար բարձր արդյունքներ է ցույց տալիս:

Կարելի է համեմատաբար համեստ ներդրումներով հավաքագրել նրանց շախմատային ակումբներում: Եվ նրանք միանգամայն ի վիճակի կլինեն գոնե առաջիկա տարիներին ակումբային առաջնություններում տեղ զբաղեցնել առաջատարների տասնյակում, իսկ հետագայում պայքարել նաեւ մրցանակային տեղերի համար:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930