Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Նիկողոսյանի առեղծվածը

Սեպտեմբեր 28,2015 12:00

Հանկարծակի պարզվեց, որ քաղաքականության մեջ այսպիսի անունով ու ազգանունով մարդ կա. ընդ որում՝ ոչ ավել, ոչ պակաս՝ Եվրասիական երիտասարդական խորհրդարանի նախագահ: Ոչ ավել, ոչ պակաս՝ Հայաստանի պետական երեւելի մարմիններից զանազան պարգեւներ ստացած:

Այս անհայտ Անդրանիկ Նիկողոսյանը հանկարծակի, մի օրվա մեջ հայտնի մարդ դարձավ, եւ շատերը սկսեցին խոսել այս անձնավորության մասին: Բացառապես բացասական: Ինքն այնպիսի հայտարարություն արեց, որ չէին կարող անտարբեր մնալ: Հատկապես՝ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ: Ինքը բացեիբաց հայտարարեց, որ իր կարծիքով՝ շատ լավ կլինի, եթե Հայաստանը միանա Ռուսաստանին: Այսինքն՝ Ռուսաստանի մաս դառնա: Այսինքն՝ Ռուսաստանի մարզերից մեկը դառնա:

Պարզից էլ պարզ էր, որ երիտասարդ ռուսահպատակի այս աննախադեպ հայտարարությունը շատերի մոտ շատ մեծ վրդովմունք պիտի առաջացներ, որովհետեւ եթե Զորի Բալայանի՝ Պուտինին հղած նամակն էր մարդկանց վրդովեցրել, Բալայանի այս երիտասարդ ու խոստումնալից հետնորդի հայտարարությունը հաստատ շատերին հունից կհաներ, որովհետեւ, եթե Բալայանն իր նամակով ընդամենը Ղարաբաղի ու Ռուսաստանի միացումն էր առաջարկում, այս երիտասարդ խոստումնալիցի հայտարարությունն ամբողջ Հայաստանին էր վերաբերում:

Երիտասարդի հայտարարությանը, ինչպեսեւ սպասվում էր, հաջորդեցին բազում անդրադարձներ, որոնց հեղինակներն անարգանքի սյունին էին գամում Նիկողոսյանին, պահանջում էին նրանից հետ վերցնել պետական ու ամեն տեսակի պարգեւները, իսկ ոմանք նույնիսկ պահանջում էին քրեական պատասխանատվության ենթարկել նրան:
Բարեբախտաբար, Նիկողոսյանի անվան շուրջ առաջացած աղմուկը կարճ տեւեց. հավանաբար, աղմկողները զգացին կամ հասկացան, որ աղմուկից շահողը ոչ այլ ոք է, քան ինքը՝ Նիկողոսյանը: Իմ այս ուշացած անդրադարձն էլ անտեղի ու ավելորդ կհամարեի, եթե ե՛ւ Զորի Բալայանի դեպքում, ե՛ւ այս դեպքում հանդիպած չլինեի քաղաքացիների, որոնք իրենց հոգու խորքում համաձայն են հրապարակախոսի նամակի եւ այս Նիկողոսյանի հայտարարության առաջարկների հետ. այսինքն՝ համաձայն են, որ Ղարաբաղն ու Հայաստանը միանան Ռուսաստանին:

Բարեբախտաբար, այս համաձայնվողները, ի տարբերություն պարսավողների, իրենց կարծիքը հրապարակավ ու բարձրաձայն չեն արտահայտում եւ հիմնականում պատերի տակ են քչփչում: Դա նշանակում է, որ իրենք էլ են հասկանում ու ընդունում, որ Հայաստանի Հանրապետության սուվերենության դեմ խոսելը պարսավանքի է ենթակա: Այսինքն՝ չեն համարձակվում իրենց կարծիքը հրապարակավ ու բարձրաձայն արտահայտել:

Բայց ինչպե՞ս եղավ, որ Նիկողոսյանը համարձակվեց: Ինչպե՞ս եղավ, որ դարեր շարունակ անկախություն երազած ազգի երիտասարդ ներկայացուցիչը համարձակվեց նման հայտարարություն անել: Գելի սի՞րտ էր կերել, ի՞նչ է: Թե՞ հույս ուներ, որ համախոհներ կգտնվեն: Միգուցե իր հույսերն արդարացա՞ն: Թեկուզեւ մասամբ:

Եվ վերջապես. ինչպե՞ս է եղել, որ այս երիտասարդին, որին մինչ այս հայտարարությունը ոչ ոք չէր ճանաչում, մեր պետական վերին մարմինները պարգեւների են արժանացրել: Ո՞ր ծառայությունների դիմաց: Միգուցե բացատրեի՞ն:

Ահա այս հարցերի մեջ խորանալն ու այս հարցերի պատասխանները գտնելն անհամեմատ կարեւոր են, քան Անդրանիկ Նիկողոսյանին պարսավելը, անարգանքի սյունին գամելն ու քրեական պատասխանատվության ենթարկելը:

Եվ վերջապես. խոսքի ազատության պայմաններում քաղաքական հայացքների ու տեսակետների համար ոչ ոք ոչ ոքի իրավունք չունի քրեական պատասխանատվության ենթարկել: Ինչքան էլ այդ հայացքներն ու տեսակետներն անկապ ու անհեթեթ լինեն:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
26.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930