Սեպտեմբերի 27-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպում ունեցավ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ։ Հանդիպմանը բարձր գնահատվեց երկու հարևան երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և կարևորեց համատեղ ծրագրերի իրականացումն ու համագործակցության ընդլայնումը:
Անդրադարձ կատարվեց առաջիկայում կայանալիք փոխայցելություններին, ինչպես նաև հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը։
Նախարարներ Նալբանդյանն ու Զարիֆը քննարկեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածության իրագործմանն առնչվող հարցեր։ Մտքեր փոխանակվեցին մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։
ՄԱԿ-ի կենտրոնակայանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Ասիա-խաղաղօվկանոսյան տարածաշրջանի տնտեսական զարգացման հարցերով տեղակալ, Ասիա-խաղաղօվկանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հարցերով (UN ESCAP) ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադիր քարտուղար Շամշադ Ախտարի հետ։
Կարդացեք նաև
Հանդիպմանը Շամշադ Ախտարը Էդվարրդ Նալբանդյանին ներկայացրեց իր ղեկավարած կառույցի գործունեությունը։ Զրուցակիցներն անդրադարձան դեմի ծով ելք չունեցող երկրների առջև ծառացած խնդիրներին, քննարկվեցին UN ESCAP-ի և Հայաստանի միջև փոխգործակցության հնարավորությունները։ Այս համատեքստում տիկին Ախտարը տեղեկացրեց, որ հաջորդ տարի UN ESCAP-ի տարեկան համաժողովը նվիրված է լինելու դեպի ծով ելք չունեցող երկրների խնդիրներին։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի հրեական կոմիտեի պատվիրակությանը՝ կառույցի գործադիր տնօրեն Դեվիդ Հարիսի գլխավորությամբ: Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Ամերիկայի հրեական կոմիտեի սկզբունքային դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։ Էդվարդ Նալբանդյանը կարևորեց միջազգային համատեղ ջանքերը` մարդկության դեմ հանցագործությունների դատապարտման ու կանխարգելման ուղղությամբ:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների, մի շարք տարածաշրջանային միջազգային հիմնահարցերի վերաբերյալ:
ՀՀ ԱԳՆ