Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբալույս Մյուռոնի բաղադրությանն ավելացած ծաղիկների թիվը դարձել է 72

Սեպտեմբեր 27,2015 20:00

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի ունեցավ  Մյուռոնօրհնեքի արարողությունը:

Լրագրողների հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը տեղեկացրեց, որ օրհնությունից քառասուն օր առաջ ձիթենու մաքուր յուղով լի կաթսան դրվել է Մայր Տաճարի Ավագ Ս. Խորանին և ծածկվել նրբահյուս շղարշով: Քառասուն օր շարունակ, երեկոյան ժամերգությունից հետո, հոգևոր պաշտոն է կատարվել` շարականներով, աղոթքներով և սուրբգրային ընթերցվածներով: Սրբալույս Մյուռոնի հիմնական բաղադրիչը ձիթենու անարատ յուղն է, որին խառնվում է բալասան, ինչպես նաև քառասուն տեսակ հոտավետ խունկերի, ծաղիկների, անուշահոտ բույսերի արմատների, ծաղկաջրերի, յուղային հյութերի և տերևների միաշաղախված հեղուկը:

«Ինչպես հայտնի է, Խաչվերացի թափորից հետո Վեհափառ Հայրապետն օրհնել է բոլոր ծաղիկները եւ երեք օր շարունակ աղոթքներով շարականների երգեցողությամբ եփվել է այդ մյուռոնը: Վերջին շրջանում ավելացել են հայոց աշխարհի մի քանի տեսակ ծաղիկներ եւ դրանց թիվը դարձել է 72` ի խորհրդանշում Քրիստոսի աշակերտների»,-ասաց Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը:

 

Նա նշեց, որ Մյուռոնով են օծվում մեր եկեղեցիները, սրբապատկերները, եւ ամենակարեւորը՝ դրոշմի խորհրդակատարության ժամանակ քահանայական ձեռնադրություն ու օծում ունեցող հոգեւորականը սրբալույս մյուռոնով է դրոշմում քրիստոնյանի մարմնի 9 մասերը. «Մյուռոնը սուրբ հոգու նշանակն է, հետևաբար, երբ օգտագործվում է Սուրբ Մյուռոն, փոխանցվում են սուրբ հոգու շնորհները: Յուրաքանչյուր հայրապետի համար երջանկություն է մյուռոնօրհնություն կատարել: Պատմության ընթացքում ունեցել ենք կաթողիկոսներ, որոնք քաղաքական կամ այլ հանգամանքներից ելնելով՝ չեն կարողացել Մյուռոնի օրհնություն կատարել: Այսօր Վեհափառ Հայրապետը՝ Գարեգին 2-րդը, կատարեց 3-րդ մյուռոնօրհնությունը»,-հավելեց Տեր Զաքարիան:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930