Լրահոս
Օրվա լրահոսը

Վեհափառ Հայրապետ. «Եղեռնահար մեր ժողովուրդը մյուռոնադրոշմ հավատքով վերապրեց Ցեղասպանությունը»

Սեպտեմբեր 27,2015 19:08

«Սրբալույս Մյուռոնը տեսանելի նշանն է Քրիստոսով օծման, որն ընդունում ենք մկրտության միջոցով՝ իբրև ժառանգակից Փրկչի: Մյուռոնով զգեստավորվում ենք Քրիստոսի սրբությամբ, մաքրվում մեղքից, որպեսզի ապրենք Աստծո արդարությամբ: Մյուռոնը զարթոնք և գարուն է հոգիների, ծաղկում՝ հավատքի, առաքինասեր կյանքի ու բարեպաշտ գործերի, վահան՝ ընդդեմ չարի, հաղթանակը, փառքն ու լուսեպսակը հավատացյալների, քանզի Երկնավոր մեր Հայրը Իր Որդու միջոցով, կոչեց մեզ մահվանից կյանքի, մեղքին ծառայությունից շնորհների ազատության և երկնային արքայության ժառանգության»,-այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Մյուռոնօրհնեքի արարողության ավարտին ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Վեհափառ Հայրապետը նշեց, որ Սուրբ Մյուռոնն իր հոգեղեն զորությամբ  հավատքի զենք եղավ 100 տարի առաջ Հայոց Ցեղասպանությանը զոհ դարձած ժողովրդի զավակների համար, ովքեր հաղթող նահատակներ եղան՝ պահելով իրենց հավատարմությունն առ Աստված ու առ հայրենին. «Եղեռնահար մեր ժողովուրդը մյուռոնադրոշմ հավատքով վերապրեց Ցեղասպանությունը, հաղթեց մահին: 100-ամյա մեր ուղին եղավ վերածննդի ուղի, և այսօր մեր անկախ պետականության հովանու ներքո ազգային զարթոնքի նոր հորիզոններ են լուսավորվում: Մեր նորօրհնյալ կյանքի հուսալերությամբ նորաեփ այս Մյուռոնը՝ օրհնված Ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրական տարում, նաև՝ մեր սրբացյալ նահատակների բարեխոսության հայցով, կոչում ենք ՀԱՂԹՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՌՈՆ՝ հավատով, որ այն հավատացյալների հոգիներին դրոշմելու է մեր սուրբ նահատակների, Տիրոջ բոլոր վկաների և հայրենյաց պաշտպան մեր նախնյաց հոգու արիությունն ու անպարտ ոգին»:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հավատացյալներին կոչ արեց արժևորել  Մյուռոնը՝ որպես Մյուռոն սրբացյալ կյանքի, Մյուռոն վերազարթոնքի, որպեսզի հոգևոր նորոգությամբ,   արդար կյանքով ու ողորմած գործերով շարունակենք վերելքի ուղին:

Հավելենք, որ սրբազան արարողությանը ներկա գտնվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ հավատացյալներ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930