Քիչ առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս. Տրդատի բաց խորանում սկսվեց Հայ առաքելական եկեղեցու ամենակարեւոր իրադարձություններից մեկը՝ Մյուռոնօրհնեքի արարողությունը: Մինչ այդ Վեհափառ Հայրապետը Վեհարանում զգեստավորվեց հայրապետական շուքով, այնուհետեւ հոգեւոր դասի ուղեկցությամբ ուղղվեց դեպի բաց խորան: Նրան ուղեկցող 12 եպիսկոպոսները բերեցին Մյուռոնի օրհնության համար անհրաժեշտ Հայ եկեղեցու ավանդական սրբությունները՝ 10-11 դարի «Վեհափառի Ավետարանը», որը Վազգեն Ա Վեհափառ Հայրապետը ժամանակին նվիրել է Մատենադարանին, Ծաղկանց նյութերի անոթը, Ս. Արիստակես Հայրապետի աջը, Ս. Հակոբ Մծբնա հայրապետի աջը, Ս. Գրիգոր լուսավորչի աջը, Ս. Թովմաս առաքյալի աջը. Ս. Թադեոս առաքյալի աջը եւ աստվածամուխ Ս. Գեղարդը:
Շղարշով ծածկված Մյուռոնի կաթսան մինչ օրհնությունը 7 օր մնացել է Մայր Տաճարի ավագ խորանին, որպեսզի հավատացյալները համբուրեն այն: Արարողությունից հետո օրհնված մյուռոնը կբաժանվի Հայ առաքելական եկեղեցու թեմերին:
«Ամեն անգամ հին մյուռոնը խառնվում է նորին եւ տյառնագրվում Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջով: Ըստ ժողովրդական ըմբռնման՝ հենց այդ պահին կաթսան սկսում է եռալ. խորհուրդն այն է, որ ամեն անգամ նոր մյուռոնի մեջ է լցվում Սուրբ Գրիգոր լուսավորչի օրհնած մյուռոնը: Հնի խառնումը նորին խորհրդանշում է այսօրվա հայ մարդու կապը առաքելական ժամանակաշրջանի նախնիների հետ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը:
Կարդացեք նաև
Նա նաեւ տեղեկացրեց, Ամենայն հայոց Կաթողիկոսը Մյուռոնի օրհնությունը կկատարի Կենաց փայտի մասունքը կրող Ս. Խաչով. Ս. Գեղարդով եւ Ս. Գրիգոր Լուսավորչի աջով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ