ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի մասնակիցներն այցելեցին Լոռու մարզ:
Մինչ Լոռի մեկնելը փառատոնի մասնակիցները եղան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
Լոռու մարզում Համահայկական փառատոնի մասնակիցների առաջին կանգառը Վարդաբլուր գյուղի միջնակարգ դպրոցն էր, որտեղ հյուրերին դիմավորեցին աղուհացով:
Դպրոցում աշակերտները Կոմիտաս Վարդապետի կյանքին ու գործունեությանը նվիրված միջոցառում էին կազմակերպել: Նրանք հանդես եկան կոմիտասյան երգերի կատարումներով: Դպրոցի աշակերտներին միացան նաև Սփյուռքից ժամանած անհատ կատարողներն ու երգչախմբերը:
Կարդացեք նաև
Միջոցառմանը ներկա էին Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը և Լոռու մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը:
Երեկոյան «Երգում ենք Կոմիտաս» փառատոնի մասնակիցները ելույթ ունեցան Վանաձորի Շարա Տալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում:
Վանաձորյան համերգը բացեց Թբիլիսիի «Ներսես Շնորհալի» երգչախումբը՝ «Հո՛յ նազան, իմ նազանի» երգի կատարմամբ:
Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքից դաշնակահարուհի Սոնա Տալյանը ներկայացրեց «Յոթ երգ դաշնամուրի համար» ստեղծագործությունը: Կոմիտասյան երգերի կատարումներով հանդես եկան Էստոնիայից Տամարա Բեզլուդովան՝ «Երկինքն ամպել ա», Դոնի Ռոստովից Տաթևիկ Գևորգյանը` «Կռունկ», Լիբանանից Շողիկ Թորոսյանը Կոմիտասի «Անտունի», Իսրայելից Սոսե Գրիգորյանը` «Ալագյազ», Երևանից Լիլիթ Դավթյանը` «Օրոր» երգերի կատարումներով:
Երեկոյի ընթացքում «Գարուն ա» ստեղծագործության կատարմամբ հանդես եկավ վանաձորցի քանոնահար Նարեկ Կազազյանը:
Երևանի «Վասպուրիկ» մարիոնետների թատրոնի սաները ներկայացրեցին «Ժողովրդական երգերի շարան» բեմադրությունը:
Հանդիսատեսի ջերմ ընդունելությանն արժանացավ շվեդ երգչուհի Անն-Քրիստինե Վիլունդի կոմիտասյան երգերի կատարումները:
Վիրահայոց թեմի Բաթումիի Ալեքսանդր Մանթաշովի անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի «Աղբյուր» երգչախումբը կատարեց «Չինար ես» երգը:
ՌԴ Կրասնոդարի «Արմավիր» պարախումբը կատարեց «Վաղարշապատի պարը»:
ՌԴ Ռոստովի Մյասնիկյանի շրջանի Չալդըր գյուղի «Զանգեր» երգչախումբը ելույթ ունեցավ «Առնեմ էթամ էն սարը» երգով, իսկ Վլադիկավկազի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» երգչախումբը ներկայացրեց «Շողեր ջան» երգը:
Ելույթ ունեցավ նաև Վանաձորի քաղաքապետարանի Կամերային երգչախումբը:
Համերգի ավարտին ողջույնի խոսքով հանդես եկավ Լոռու մարզպետարանի աշխատակից Մհեր Մելիքյանը: Կարևորելով ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությունը` Մհեր Մելիքյանը շնորհակալություն հայտնեց Վանաձորում նման հրաշալի միջոցառում կազմակերպելու և ևս մեկ անգամ կոմիտասյան արվեստին հաղորդակից դարձնելու համար:
Երեկոյի ավարտին «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնին մասնակցելու համար ՀՀ սփյուռքի նախարարության կողմից հավաստագրեր ստացան Վանաձորի քաղաքապետարանի Կամերային երգչախումբը և քանոնահար Նարեկ Կազազյանը:
Սեպտեմբերի 27-ին փառատոնի մասնակիցներն այցելեցին «Զվարթնոց» տաճար, ապա Էջմիածին: Նրանք շրջայց կատարեցին «Շողակաթ» վանքում և Մայր Տաճարում:
Սեպտեմբերի 27-ին, ժ.21:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական մշակութային փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը և շքահամերգը:
Սփյուռքի նախարարություն