Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Է. Նալբանդյանը Վրաստանի ԱԳՆ-ին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերը

Սեպտեմբեր 27,2015 15:00

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում աշխատանքային այցելությամբ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի օրակարգը հագեցած էր երկկողմ հանդիպումներով։

Վրաստանի ԱԳ նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը, շնորհավորելով նրան հարևան երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, վստահություն հայտնեց, որ երկու երկրների արտգործնախարարները կշարունակեն համատեղ ջանքերն` ուղղված հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների առավել ամրապնդմանը և խորացմանը։

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` Գեորգի Կվիրիկաշվիլին նշեց, որ Վրաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնում սերտ և արդյունավետ համագործակցություն է ունեցել իր հայաստանյան գործընկերների հետ՝ ավելացնելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը մեծ կարևորություն է ներկայացնում Վրաստանի համար։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման շուրջ, կարևորեցին բարձրաստիճան փոխայցելությունները, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացումը։

Նախարարներն անդրադարձան տարածաշրջանային հրատապ խնդիրների։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերը։

Երկխոսությունը շարունակելու նպատակով Հայաստանի արտգործնախարարը Վրաստանի ԱԳՆ ղեկավարին հրավիրեց այցելել Երևան։

Էդվարդ Նալբանդյանի և Կոնգոյի Հանրապետության արտգործնախարար Ժան-Կլոդ Գակոսոն քննարկեցին երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, կրթական ու մշակութային հարաբերությունների զարգացման հնարավորությունները։ Այդ առումով կարևորվեց համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորումը։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների համաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։

Էստոնիայի արտգործնախարար Մարինա Կալյուրանդի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ արվեց բարձրաստիճան այցելությունների կազմակերպմանը, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության խորացմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացմանը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, դրանց նոր իրավական հենքի շուրջ բանակցությունների մեկնարկի շուրջ։

Նախարարներն անդրադարձան մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների, մերձավորարևելյան զարգացումներին, ահաբեկչության դեմ պայքարին։ Էդվարդ Նալբանդյանը Էստոնիայի ԱԳ նախարարին ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը և դրա կայունացման նպատակով ձեռնարկվող քայլերը։

Նույն օրը տեղի ունեցավ Էդվարդ Նալբանդյանի և Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Ալ Ջաֆարիի հանդիպումը։

Զրուցակիցները երկուստեք գոհունակություն հայտնեցին հաստատված ակտիվ քաղաքական երկխոսության և խորացող առևտրատնտեսական համագործակցության կապակցությամբ։ Նախարարները արժևորեցին Երևանում և Բաղդադում դեսպանությունների գործունեությունը՝ ուղղված տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը։ Այդ առումով կարևորվեց երկու երկրների միջև ուղիղ չվերթի առկայությունը, շեշտվեց, որ այն լուրջ խթան է հանդիսանում փոխգործակցության ընդլայնման համար։

Հայաստանի և Իրաքի արտաքին գործերի նախարարները մտքեր փոխանակեցին Իրաքում կայունացման գործընթացի, Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարի, փոքրամասնությունների պաշտպանության առնչվող հարցերի շուրջ։

Իբրահիմ Ալ Ջաֆարին ներկայացրեց երկրում անվտանգության ապահովման ուղղությամբ Իրաքի իշխանությունների ջանքերը։

Արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930